Լրահոս
Օրվա լրահոսը

Բա որ որոշեն ու երեխաներ չունենան

Մարտ 03,2010 00:00 Share

\"\"Ամեն երկիր հարուստ է իր զավակներով, իր քաղաքացիներով, որովհետեւ երկրի քաղաքացին է այդ երկրի զինվորն ու պահապանը: Բայց ցավալի է, որ զավակն ու մայրը մեր երկրում բոլորովին էլ ապահովված չեն: Երեխա է ծնվում, բայց ո՞վ է բանի տեղ դնողը, 50 000 դրամ են տալիս, բերանը փակում ու ասում՝ երեխա ես ունեցել, գնա ու մեծացրու: 50 000-ով երեխայի համար կարելի է գնել ընդամենը հարյուր օրվա համար տակդիր (պամպերս) ու վերջ: Նորածնին մեր պետությունը նոր-նոր սկսել է հատկացնել ամսական 18000 դրամ (մինչ այդ ընդամենը 3000 էր): Ի՞նչ պետք է ուտի այս երեխան 18000 դրամով, երբ նրա համար նախատեսված կերի 1 տուփը 2000-2500 դրամ է, «բեբինոս» դեղը, որը երեխաներին տրվում է «գազիկներն» արտամղելու համար, 2400 դրամ է: Երեխան շաբաթական ուտում է մեկ տուփ արհեստական կեր:

Բա որ մայրերն էլ որոշեն ու երեխաներ չունենան, ինչը որ կամաց- կամաց արդեն անում են: Չէ՞ որ դա բանակի համար ծանր հետեւանքներ կունենա: Այլ երկրներում երեխա ես ունենում ու դրախտ ես ընկնում, մեզ մոտ ունենում ես՝ թե չէ, քեզ ու երեխայիդ համար ապահովում ես երկրային դժոխքի բոլոր ատրիբուտները. լավ է, որ Չինաստանի նման չեն ասում. ուզո՞ւմ ես երեխա ունենալ՝ ինքդ վճարիր դրա համար:

Գիշերվա ժամը 2-ն էր: Դեռ երկու տարին չլրացած տղաս չէր քնում, երեւի ատամներից էր: Սեղանին դրված մի բաժակ թեյը պատահաբար լցրեց ձեռքին ու վառեց: Ամուսինս գնաց դեղատուն ցավազրկող բերելու: Մանկավարժական համալսարանի հարեւանությամբ գտնվող դեղատան աշխատողն առաջին օգնության համար ոչինչ չէր առաջարկել: Ասել էր, թե մեր ուզած ցավազրկող քսուքը չկա եւ առաջարկել էր 3600 դրամ արժողությամբ մեկ այլ քսուք: Հարմար առիթ էր, էլ ո՞վ պիտի գար այդքան շտապ ու գներ: Լավ առիթ էր, ու համ էլ գիշեր: Դեղի վրա չկար հայերեն մակնշում, մի տարօրինակ լեզվով ինչ-որ բան էր գրված:

Բացատրությունը, ինչպես նաեւ օգտագործման մասին տեղեկություններ կարդացինք միայն հաջորդ օրը, ռուսերեն, կարճ ու լակոնիկ, դեղի թղթե տուփի վրա: Պարզվեց, որ առաջին օգնության համար դեղագործի առաջարկած դեղի երեքամյա ժամկետը նախ լրանալու էր մեկ շաբաթից, ապա այն նախատեսված էր բորբոքումների համար, ուներ հականեխիչ ազդեցություն եւ կարելի էր օգտագործել նաեւ այրվածքների դեպքում, եթե այլ բան չկա ձեռքի տակ:

Մանկական դեղերը, սնունդն ու հագուստը ոչ մեկի կողմից չի վերահսկվում: Միեւնույն փողոցում գտնվող 4 դեղատներից միեւնույն դեղը կարելի է գնել տարբեր գներով: Կես գրամ սիլիկոնից պատրաստված ծծակը տատանվում է 700-ից մինչեւ 8-10 հազար դրամի սահմաններում:

Ասում են, որ մեր երկրում հղիությունն ու ծննդօգնությունը անվճար է, բայց կանայք հղիության հինգերորդ ամսից օգտագործում են վիտամիններ, որոնք անհրաժեշտ են պտղի զարգացման համար: Օրական օգտագործվում է 200-250 դրամի վիտամին: Հղիությունն անվճա՞ր է: Մանկաբույժն էլ արդեն երեք տարեկան դարձած երեխայի անձնական թերթիկն է առաջարկում մորն ու ասում. էստեղ երեք ամսականից սկսած՝ լրացրու քո գանգատները երեխայի մասին:

Միայն մի հիշեցում. մեր անձնագրում գրված է, որ մեր հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել