ՍՊԱՆՎԵԼ Է ԶԻՆԾԱՌԱՅՈՂ
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ մարտի 1-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում սպանվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող: Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում N զորամասի գնդացրային ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սարգիս Հենրիկի Ոսկանյանը (ծնված 1981թ.), հակառակորդի կողմից արձակված կրակոցից գլխին ստացել է մահացու հրազենային վնասվածք: Կատարվում է հետաքննություն:
ՓԼՎԵԼ ԷՐ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ մարտի 1-ին Գյումրի քաղաքի Ռուսթավելու 29 հասցեում տեղակայված տունը փլվել է: Այն կառուցվել է 1881 թ., ուներ վթարայնության 4-րդ աստիճան, մուտքի հիմնական պատերի վերին շարվածքը խարխլված էր, նախկինում փլուզվել է հողային ծածկի մի մասը, իսկ գիշերվա ընթացքում՝ նաեւ մյուս հատվածը:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Գյումրիի քաղաքապետարանին:
ՀԱՐՎԱԾ՝ ԳԱԶԱՏԱՐԻՆ
Երեւանի Դրոյի փողոցի թիվ 40 շենքի մոտակայքում, դեռեւս չպարզված հանգամանքներում՝ Ա. Թադեւոսյանին պատկանող «ԲՄՎ-316» մակնիշի 05 ՕՍ 358 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետեւանքով առաջացել է գազի արտահոսք: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:
ԱՅԼ ԻՐԱՎԱԽԱ՞ԽՏ
«Առավոտի» շաբաթօրյա համարի «Կաշառք չվերցնողն ավելի՞ վտանգավոր է» հրապարակման մեջ տեղեկացրել էինք «Ա1+»-ի հարցերին Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի պատասխանները: Նա նշել էր «իրավախախտ» դատավորներից մեկի՝ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատավոր Արշակ Պետրոսյանի անունը: Մինչ քրեական գործերով վերաքննիչ դատարան գնալը՝ այս դատարանում աշխատել է Արարատ Պետրոսյանը, այլ Պետրոսյան նշված դատարանում չկա:
ՈՍԿՅԱ ՇՂԹԱՅԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
Երկու անհայտ անձանց կողմից խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով Արման Սարգսի Ասլանյանի 90 000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթան հափշտակելու փաստի առթիվ անցյալ տարվա նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է թիվ 10129509 քրեական գործը: Նոյեմբերի 30-ին Արթուր Պողոսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրօրի 178 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Քրեական գործի նախաքննության ընթացքում Ա. Պողոսյանին նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է եւ այս տարվա փետրվարի 8-ին նրան առաջադրվել է նոր մեղադրանք՝ այն բանի համար, որ նա Երեւանի Աբելյան փողոցի 3-րդ շենքի մոտ Արման Սարգսի Ասլանյանից վերցրել է վերջինիս 90 000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթան եւ դիմել է փախուստի:
Մանրամասները՝ վաղվա «Առավոտում»:


















































