Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՊԱՆՈՒՄ 5 ԳՐԱԴԱՐԱՆ Է ՓԱԿՎԵԼ

Մարտ 03,2010 00:00 Share

\"\"Հաստիքներ, սակայն, չեն կրճատվել, տարածքները չեն վաճառվի

Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը դեռեւս իր ղեկավարման 1 տարվա կապակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ էր հայտարարել, որ գրադարանային համակարգում փոփոխություններ, այնուամենայնիվ, կլինեն եւ որոշ գրադարաններ կփակվեն («Առավոտ», 14.11.2009, «Մեկ տարի անց»):

Քաղաքապետը փակվող գրադարանների ցանկում հիմնականում նշել էր անմխիթար վիճակում գտնվող գրադարանները եւ շատ քիչ ընթերցողներ ունեցող այն գրադարանները, որոնք տարվա մեծ մասը կամ փակ են, կամ էլ սուրճ խմելու վայր էին ծառայում: Գրադարանների ճակատագիրը որոշելուն ուղղված գործընթացը սկսվել էր 2009-ի ամռանը: Քաղաքապետ Արտուր Աթայանի հուլիսի 1-ի որոշմամբ՝ ստեղծվել էր հանձնաժողով, որն էլ զբաղվում էր այդ խնդրով: Որոշմամբ սահմանվել էր, որ գրադարանային համակարգի բոլոր գործառույթները կհամակարգի նորաստեղծ «Ակումբագրադարանային միավորում» ՊՈԱԿ-ը:

Այսօր արդեն պարզ է, որ Կապանում փակվել է հինգ գրադարան, սակայն ոչ մի աշխատող չի կրճատվել: Ըստ Կապանի քաղաքապետի խորհրդական Կարինե Հովսեփյանի՝ յուրաքանչյուր գրադարանում աշխատում էր 2 գրադարանավար, ովքեր տեղափոխվել են մոտակա գրադարաններ: «Մենք հենց սկզբից խնդիր էինք դրել, որ գրադարանների փակման արդյունքում կրճատումներ չլինեն: Իսկ գրադարանների խմբավորման միակ նպատակը՝ ստեղծել ժամանակակից պայմաններով ապահովված գրադարանային համակարգեր: Քանի որ համայնքը միջոցներ չուներ պահպանելու քաղաքի բոլոր գրադարանները, իսկ փակված գրադարանները վերանորոգման խիստ անհրաժեշտություն ունեին, ինչն էլ բավականին մեծ ծախսերի հետ էր կապված, որոշեցինք փակել այդ գրադարանները, իսկ եղած հնարավոր միջոցներն ուղղել մնացած գրադարանների վերանորոգմանը»,- ասում է Կարինե Հովսեփյանը:

Փակված գրադարանները գտնվում էին բնակելի շենքերի առաջին հարկերում, խոնավ պայմաններում: Գրադարաններն ու գրքերի ֆոնդը պարբերաբար փչանում էին շենք մատակարարող ջրատար խողովակների վթարների հետեւանքով: Քաղաքի տարբեր թաղամասերի՝ Հալիձորի, Գարեգին Նժդեհի, Մուշեղ Հարությունյանի, Ռաֆայել Մինասյանի եւ Հունան Ավետիսյանի գրադարանները փակելիս հաշվի է առնվել մոտակա գրադարաններ հեռավորությունը, որ մի գրադարանի փակումից հետո՝ գիրքն ու գրադարանը շարունակեն մատչելի լինել ընթերցողներին: Սակայն որոշ ընթերցողների դուր չի եկել իրենց տանը մոտ գտնվող գրադարանի փակումը: «Մեր շենքին մոտ էր գրադարանը: Հարմար էր, ամեն րոպե կարող էի իջնել եւ գիրք վերցնել: Բավականին հաճախ էի օգտվում, իսկ հիմա մի գիրք վերցնելու կամ հանձնելու համար պետք է գնամ-հասնեմ ներքեւի գրադարան: Գիրք վերցնելու՝ էլի կգնամ կենտրոնական գրադարան, բայց արդեն ոչ հաճախակի կայցելեմ»,- ասում է Գարեգին Նժդեհի փողոցի նախկին գրադարանի ակտիվ ընթերցողներից մեկը:

Գրադարանների փակման գործընթացին անմիջական մասնակցություն ունեցողները նշում են, որ փակված գրադարաններում աշխատող գրադարանավարները գնահատանքի են արժանի, որ տարրական պայմանների բացակայությամբ, չնչին աշխատավարձով շարունակել են իրենց աշխատանքը, պահպանել եղած գրքերի ֆոնդը եւ դրան զուգահեռ կազմակերպել միջոցառումներ: Հենց այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ ոչ մի աշխատողի չեն կրճատել: Ներկա դրությամբ գրադարանավարները ստանում են 30-40 հազար դրամ: Սակայն արդեն բարելավված պայմաններում ակնկալվում է նրանցից ավելի ակտիվ եւ նորովի մոտեցում աշխատանքին:

Գրադարանների «օպտիմալացմանը» հաջորդելու է գրքերի ֆոնդի գույքագրումը, գրապահոցի ստեղծումն ու գրադարանների վերանորոգումը: Թե որքան գումար է նախատեսված տեղական բյուջեից այս աշխատանքների համար, պատասխանատուները հստակ չնշեցին՝ դեռ որոշակի անելիքներ կան այդ ուղղությամբ, որի ավարտից հետո պարզ կլինի:

Պարզ է, որ այս ամենի արդյունքում Կապանի կենտրոնական գրադարանը կդառնա մանկական գրադարան, ուր կստեղծվի ընթերցասրահ, կհամալրվի համակարգիչներով եւ այլ գույքով: Ըստ Կապանի քաղաքապետի խորհրդական Կարինե Հովսեփյանի՝ փոփոխությունների արդյունքում հաստիքների ավելացում էլ կլինի: «Ակումբագրադարանային միավորման» տնօրեն Սվետլանա Գեւորգյանը նշում է, որ բացի քաղաքի կենտրոնական եւ ծայրամասային թաղամասերի ակումբ-գրադարաններում ու գրադարաններում նոր շունչ եւ ժամանակակից համահունչ պայմաններ ստեղծելուց, համապատասխան կահավորանքից, անհրաժեշտ է նաեւ թարմացնել գրքային ֆոնդը: Ըստ նրա, անելիքներ շատ կան, իսկ աշխատանքների արդյունքները կերեւան մի քանի ամիս հետո:

Հիշեցնենք, որ քաղաքապետ Արտուր Աթայանը հայտարարել է, որ փակված գրադարանների տարածքները չեն վաճառվի, կմնան համայնքային սեփականություն եւ կծառայեն համայնքին՝ այլ նպատակներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել