Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է մերժել հարցումը

Մարտ 03,2010 00:00 Share

Տեղեկություն ստանալու համար դատարան դիմելը ճարահատ քայլ է

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը թափանցիկության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ գործիք է: Օրենքի ընդունումից հետո, անցած 6 տարում տեղեկատվություն չտրամադրեու համար 50 գործ է դատարան մտել: Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերում համայնքապետարաններին եւ հանրակրթական դպրոցներին գրավոր հարցում է ուղարկել եւ խնդրել տեղեկություններ աշակերտների թվի, ծնողական խորհրդի կազմի, ընդունած որոշումների, արտադասարանական վճարովի դասերի, իսկ համայնքների ղեկավարներից՝ ավագանու որոշումների, համայնքային ենթակայության կազմակերպությունների մասին: Տավուշի մարզի 62 համայնքների ղեկավարներից 38-ը չի պատասխանել հարցմանը, 28-ը՝ «գերազանց», 9-ը՝ «բավարար» որակի պատասխան է տվել: Օրինակ, Կողբի համայնքապետարանը «Ասպարեզ» ակումբից պահանջել է 4800 դրամ փոխանցել՝ փաստաթղթերի պատճենահանման եւ փաստային առաքման համար: Սա ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը բնական է համարում, գտնելով, որ Կողբի համայնքապետարանը հակված է տրամադրելու վերոհիշյալ տեղեկատվությունը: Իսկ Լոռու մարզի համայնքապետարաններից մեկը ավագանու 48 որոշումներից յուրաքանչյուրը տրամադրելու համար, որպես արխիվային փաստաթղթի համար տեղական տուրք, 10 հազարական դրամ է պահանջել: Բայց վիճակն առավել վատթար է դպրոցների դեպքում:

Տավուշի մարզի 81 հանրակրթական դպրոցներից սոսկ Դիլիջան քաղաքի թիվ 4 դպրոցն է տրամադրել պահանջվող տեղեկատվությունը: Մեր ունեցած հավաստի տեղեկատվությամբ, դպրոցների տնօրենները հարցումն ստանալուց հետո դիմել են վերադասին՝ Տավուշի մարզպետարան: Կառավարության կողմից Հայաստանում ամենաբարձր գնահատական ստացած Տավուշի մարզպետարանում էլ դպրոցների ղեկավարներին խորհուրդ են տվել տեղեկատվություն չտրամադրել: Ինչպես հավաստեցին Լեւոն Բարսեղյանը եւ ծրագրի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, Իջեւանում եւ Նոյեմբերյանում անցկացված սեմինարներին մասնակցած համայնքների ղեկավարներն ու դպրոցների տնօրենները «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին ծանոթանալուց հետո պատրաստակամություն են հայտնել տրամադրել պահանջվող տեղեկատվությունը: Առաջիկայում եւս մի անգամ հարցում կարվի մարզի համայնքների ղեկավարներին եւ դպրոցների տնօրեններին: Թեեւ «Ասպարեզը» հակված չէ հարցը դատարան հասցնել, սակայն առավել համառությամբ տեղեկատվություն չտրամադրող որոշ համայնքապետարանների ու դպրոցների դեմ հայց կներկայացնի: Մեսրոպ Հարությունյանն ասաց, որ շատ պաշտոնատարներ տեղեկատվությունը համարում են իրենց սեփականությունը՝ կուզեն կտան, կուզեն՝ ոչ, մինչդեռ նրանք միայն ընդամենը տնօրինում են տեղեկատվությունը: Բացի այդ, պետական եւ ՏԻՄ մարմինները, հանրային ծառայությունները պետք է պարտադիր հրապարակեն 13 տեսակի տեղեկատվություն, օրինակ՝ հիմնարկության աշխատակազմի, թափուր աշխատատեղերի եւ այլնի մասին:

 

Հ. Գ. Հիշեցնենք, որ «Առավոտը» եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոն հ/կ-ն Լոռու եւ Շիրակի մարզպետարանների դեմ դատական հայց են ներկայացրել «մարզպետի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետեւանք տեղեկատվություն տրամադրել պարտադրելու եւ վարչական տույժի ենթարկելու պահանջներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել