1992 թվականի մարտի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ «հայկական պետականության կայացման ու զորացման գործին համայն հայության ուժերի ու կարողությունների համախումբ գործադրման նպատակով»: Այսօր հիմնադրամը 18 տարեկան է: Անցած 18 տարում հիմնադրամն իրականացրել է ավելի քան 200 միլիոն դոլար արժողությամբ ծրագրեր՝ ավելի քան 300 000 նվիրատուների աջակցությամբ. ավելի քան 470 կմ ճանապարհ, 212 կմ ջրագիծ, ավելի քան 144 կմ գազատար, 75 կմ էլեկտրական ցանց, 218 դպրոց եւ մանկապարտեզ, 410 բնակարան, 34 հիվանդանոց եւ բուժկետ, 21 մարզական եւ մշակութային կենտրոն:
Այս օրերին էլ հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը՝ կանադահայ բարերարներ Վրեժ եւ Իմաստուհի Նիկողոսյանների հովանավորությամբ, սկսել է Աբովյան քաղաքի ծննդատան ծնարանային-վիրահատական բաժանմունքի հիմնանորոգումը: Ծննդատան գլխավոր բժիշկ Լարիսա Մադոյանի խոսքով՝ արդեն 25 տարի գործող ծննդատան անմխիթար վիճակը չի կարող չանդրադառնալ բուժսպասարկման որակի վրա: «Նախեւառաջ բարվոք պայմաններն են, որ մայրերին ապահովության ու վստահության զգացում են ներշնչում, ինչը շատ կարեւոր է թե նորածնի եւ թե սպասարկող անձնակազմի համար»,- նշել է գլխավոր բժիշկը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ ընթացիկ տարում ունեցել են 193 ծնունդ: Մարզի 7 քաղաքային ու 60 գյուղական բնակավայրերը սպասարկող ծննդատանը 2009-ին ընդունվել է 1422 ծնունդ, սպասարկվել՝ 247 ամբուլատոր հիվանդ, վիրահատվել՝ 347 կին եւ բժշկական խորհրդատվություն ստացել՝ 17 656 հղի կին:


















































