Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրյա ուսանողներին մերժեց

Մարտ 03,2010 00:00 Share

Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է «Հայբուսակի» մի քանի արտասահմանցի ուսանողների հետ: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՆ կայքէջը, հիշեցնելով, որ երբ «Հայբուսակը» դիմել էր ԿԳՆ՝ անգլերեն լեզվով օտարերկրացիների կրթության իրականացման հետ կապված թույլտվություն ստանալու համար, նախարարության համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ բուհի կողմից ներկայացված ուսումնական ծրագրերը, պրոֆեսորադասախոսական կազմը չեն համապատասխանում անգլերեն լեզվով բժշկական կրթություն իրականացնելու նվազագույն պետական կրթական չափորոշիչին, եւ նախարարի կողմից մերժվել էր այդ հնարավորությունը: Բուհում սովորող օտարերկրյա ուսանողներին թույլատրվել էր շարունակել ուսումը մինչեւ 1-ին կիսամյակի ավարտը, որից հետո նրանց հնարավորություն է տրվել սահմանված կարգով տեղափոխվել օտար լեզվով ուսուցում իրականացնելու թույլտվություն ունեցող բժշկական մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատության նույն կուրս՝ ուսման նույն վարձավճարով: Վերոնշյալ որոշումը որոշակի մտահոգության տեղիք էր տվել «Հայբուսակ» համալսարանի արդեն նախկին ուսանողների շրջանում, որոնք էլ նախարարի հետ հանդիպում էին խնդրել:

Երեկվա հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանը: Նախարարը հանդիպմանը ներկա Հնդկաստանի, Լիբանանի եւ Իրանի քաղաքացիներին բացատրել է ստեղծված իրավիճակը: Ասել է, որ ԿԳՆ-ն շահագրգռված է օտարերկրյա քաղաքացիների ուսումնառությունը ՀՀ-ում կազմակերպելու տեսանկյունից, սակայն անհրաժեշտ է ապահովել չափորոշիչներին համապատասխան կրթության որակ: “«Հայբուսակ» համալսարանը պարտավոր էր ձեզ հեռացնել, եւ 11 ուսանող արդեն հեռացվել է, իսկ եթե դուք դեռեւս հեռացված չեք, դա նախարարի հրամանի խախտում է»,- ասել է նախարարը եւ մատնանշել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երեք ուղի՝ կամ տեղափոխվել ԵՊԲՀ, որը օտար լեզվով ուսուցում իրականացնելու թույլտվություն ունեցող միակ բժշկական բուհն է ՀՀ-ում, հավելելով, որ ուսանողների տեղափոխման ժամկետը երկարաձգվել է մինչեւ մարտի 12-ը, կամ ուսումնառությունը շարունակել այլ երկրի բուհում, կամ սպասել մինչեւ «Հայբուսակը» թույլտվություն կստանա իրականացնել համապատասխան կրթություն, որը լավագույն պարագայում հնարավոր է միայն նոր ուսումնական տարվանից: Ուսանողները առաջարկել են մեկ այլ տարբերակ՝ հնարավորություն տալ տեղափոխվել նույն համալսարանի հայերեն կամ ռուսերեն լեզվով ուսուցման ֆակուլտետներ: Առաջարկը մերժվել է. Աշոտյանն ասել է, որ ՀՀ օրենսդրությամբ նման հնարավորություն ընձեռված չէ: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի «Հայբուսակ» համալսարանին արգելվել է իրականացնել օտարերկրացիների ընդունելություն կամ տեղափոխություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել