Օրերս Վանաձորի «Տաթեւ» պարային համույթի հյուրն էր Պոլսո հայոց կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս սրբազան Արեշյանը: Այցի նախապատմությունն սկսվում է դեռ ամռանից, երբ հյուրախաղերի մեկնած «Տաթեւ» պարախումբը օգոստոսի 23-ին Պոլսի «Իշխանաց» կոչվող կղզում տեղակայված կազդուրման կայանում բարեգործական համերգով ներկայանում է տեղի հայ համայնքին: Համերգին ներկա Արամ սրբազանն իմանում է, որ խմբում կան Աստծո օրհնությունը չստացած երեխաներ եւ մկրտում է նրանց՝ Պոլսո աթոռանիստ Սբ. Աստվածածին մայր եկեղեցում՝ ինքն էլ դառնալով նրանց կնքահայրը: Ահա ամիսներ անց Սրբազան հայրը Վանաձորում էր՝ իր սանիկների մկրտության վկայագրերն անձամբ հանձնելու նպատակով: Ի դեպ, սա նրա առաջին այցն էր Վանաձոր. «Հայաստանում հաճախ եմ լինում,- ասում է Արամ սրբազանը,- Վանաձորում առաջին անգամ եմ, եւ երջանիկ եմ, որ այսուհետ այստեղ 13 զավակներ ունեմ»: Սրբազան հայրը վկայագրերից զատ, նաեւ հուշանվերներ եւ դրամական պարգեւներ էր բերել իր սանիկներին:


















































