Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայում խորհրդարանական կոալիցիան փլուզվել է

Մարտ 03,2010 00:00 Share

\"\"Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը երեքշաբթի օրը հայտարարել է խորհրդարանական կոալիցիայի փլուզման մասին: Հիշեցնենք, որ կոալիցիան բաղկացած էր երեք ուժերից՝ Յուլիա Տիմոշենկոյի գլխավորած «Մեր Ուկրաինայից», «Ժողովրդական ինքնապաշտպանությունից» եւ Լիտվինի դաշինքից: «Կոալիցիայի փլուզումն անօրինական է»,- BBC-ի մատուցմամբ, հայտարարել է վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Այդուհանդերձ, կոալիցիայի փլուզումը մեխանիկորեն չի նշանակում կառավարության եւ վարչապետի հրաժարական: Դրա համար անհրաժեշտ է, որ Գերագույն ռադայում տեղի ունենա կառավարության վստահության քվեարկություն, ինչը նախատեսվում է անցկացնել չորեքշաբթի օրը: Տիմոշենկոն կարծիք է հայտնել, որ Ռադայի նախագահը ոչ մի իրավունք չունի խորհրդարանում կոալիցիայի գոյության փաստը վկայող ապացույցներ պահանջել: Դեռ մարտի 1-ին Տիմոշենկոն պահանջել էր, որ Գերագույն ռադան քննարկման դնի իր կառավարության հրաժարականի հարցը:

Դիտորդների կարծիքով, Տիմոշենկոյի ընդդիմախոսները մեծ հնարավորություն ունեն վարչապետին պաշտոնանկ անելու համար հավաքել անհրաժեշտ 226 ձայնը: Այդ դեպքում երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որը Ռադայում մեծամասնություն չունի, ստիպված է լինելու բանակցություններ սկսել մյուս խորհրդարանական խմբակցությունների հետ՝ նոր կոալիցիա ձեւավորելու համար: Եթե 30 օրվա ընթացքում դա նրան չհաջողվի, ապա նախագահը, Սահմանադրության համաձայն, ստիպված կլինի խորհրդարանական արտահերթ ընտրություններ նշանակել: Յանուկովիչը, սակայն, հույս է հայտնել, որ բանը դրան չի հասնի: Պատասխանելով վարչապետի պաշտոնում հնարավոր թեկնածուի մասին հարցին, Ուկրաինայի նախագահն ասել է, թե՝ ինքը կընտրի այն թեկնածուին, որին խորհրդարանը «լավագույնը կհամարի»: Նա նաեւ հայտարարել է, թե կողմնորոշվել է երկրի արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի թեկնածությունների հարցում, բայց որեւէ անուն չի մատնանշել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել