Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱՆ ՊՐԻՆ՝ ՀԱՅ ԵՐԱԺՇՏԻՆ

Մարտ 03,2010 00:00 Share

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Ալեքսանդր Իրադյանը Եկատերինբուրգից վերադարձել է հաղթանակով:

Օրերս Եկատերինբուրգում ավարտվեց Երաժշտական միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների դիրիժոր-խմբավարների, տեսության եւ կոմպոզիտորական բաժինների ուսանողների դաշնամուրային պատրաստվածության երկրորդ միջազգային մրցույթը: Հայաստանը ոչ միայն առաջին անգամ էր մասնակցում նման միջոցառման, այլեւ երաժիշտներն առաջին անգամ տեղեկացան, որ մրցույթ է անցկացվում ընդհանուր դաշնամուր «առարկայից»: Լայն ընթերցողին ասենք, որ դաշնամուրային պատրաստվածություն կամ, ինչպես ընդունված է ասել՝ ընդհանուր դաշնամուրը, պարտադիր է երաժշտական դպրոցների եւ մասնագիտական բուհի բոլոր բաժինների սովորողների համար:

Մրցույթում Հայաստանը ներկայացրել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի երրորդ կուրսի ուսանող Ալեքսանդր Իրադյանը: Նա կոմպոզիտոր, պրոֆեսոր Ստեփան Ռոստոմյանի ուսանողն է, իսկ դաշնամուրային պատրաստվածությունից՝ դոցենտ Արմինե Նաղդյանի:

Մեզ հետ զրույցում Ալեքսանդրն ասաց, որ մրցույթն անցկացվում էր Եկատերինբուրգի Վասիլի Ցվետիկովի անվան կոնսերվատորիայում, դասական մրցույթների ֆորմատով: Մասնակցում էր ԽՍՀՄ նախկին երկրներից շուրջ 40 երաժիշտ, ժյուրին էլ գլխավորում էր տեղի կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Ումանսկին: «Մասնակիցների կատարողական մակարդակն այնքան բարձր էր, որ առաջին փուլում լսելով Եկատերինբուրգի կոնսերվատորիայի ուսանող Միխայիլ Դենիսովի ելույթը, իսկ նա հանդես եկավ Շչեդրինի Սոնատի կատարմամբ, շնորհավորեցի ու ակամայից պոռթկացի, ասելով՝ դո՛ւ ես առաջինը: Այդ ժամանակ չգիտեի, որ մրցույթը նախատեսում է նաեւ Գրան պրի, որին պետք է ինքս արժանանայի»,- հայտնեց Ա. Իրադյանը:

Նշենք, որ Ալեքսանդրը դեռ 16 տարեկանում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մատուցմամբ ներկայացել է իր դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտով (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան): Հետեւաբար խնդրեցինք պատմել իր՝ որպես կոմպոզիտորի, ստեղծագործական կյանքի մասին: «Ստեղծագործություններս կատարվել են Լոնդոնում, Թբիլիսիում, Երեւանում: Մայիսին կկատարվեն Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում, իսկ մեկ ամսից՝ դարձյալ Թբիլիսիում, որից անմիջապես հետո՝ Մոսկվայում: Երկերս կհնչեն շվեյցարացի երաժիշտների կատարումներով»,- ասաց նա: Հավելեց նաեւ, որ նախագիծ կա իր «Բողոք ընդդեմ բռնության» ստեղծագործության հիման վրա, որն առաջին անգամ հնչել է անցյալ տարի, Կամերային երաժշտության տանը, Անգլիայում եւ ԱՄՆ-ում «վերածել» բալետի:

Իսկ թե ինչպես են կոմպոզիտորի «ուսանողական» ստեղծագործությունները հետաքրքրություն առաջացնում արտերկրում, Ա. Իրադյանը հայտնեց հետեւյալը. «Իմպրեսարիո չունեմ, սակայն Հայաստանում անցկացվող «21-ի հեռանկարներ» միջազգային փառատոնի աշխատանքներում օգնում եմ պրոֆեսորիս՝ Ստեփան Ռոստոմյանին, եւ սա առիթ է, որ շփվեմ աշխարհահռչակ երաժիշտների հետ: Ոմանց հետ էլ արդեն լավ ընկերներ ենք, հենց դա է խթանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել