Լրահոս
Օրվա լրահոսը

Առգրավում եւ լռություն

Մարտ 03,2010 00:00 Share

\"\"Ըստ mincult.am-ում տեղադրված տեղեկատվության, որն արդեն հանվել է մշակույթի նախարարության կայքէջից, ՀՀ մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-ին պետք է մասնակցեր Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում՝ Մարտիրոս Սարյանի ծննդյան 130-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Նախարարը, սակայն, չի մեկնել Մոսկվա՝ բավական ծանրակշիռ պատճառով. «Առավոտի» տեղեկություններով, քննչական մարմինը՝ ընթերակաների ներկայությամբ, շաբաթ օրը առգրավել է նախարարության այն համակարգիչը, որի վրա աշխատել է Հասմիկ Պողոսյանի խորհրդական Արեգ Հայրապետյանը: Քննչական մարմինն ունի լուրջ կասկածներ, որ Ա. Հայրապետյանի համակարգչում հնարավոր է լինեն այնպիսի տեղեկություններ, որոնք «ջրի երես» կհանեն նրա կողմից թույլ տրված անօրինությունները: Երեկ ողջ օրը փորձում էինք կապվել ՀՀ մշակույթի նախարարի հետ՝ այս եւ եւս մի քանի հրատապ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով:

Նախարարը սկզբում չէր պատասխանում զանգերին, իսկ երեկոյան նրա բջջայինն արդեն անջատված էր: Մեզ հետաքրքրում էր նաեւ շուրջ 4 տասնյակ թատրոնի մարդկանց այն նամակի ճակատագիրը, որտեղ ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի գլխավորությամբ արվեստագետները խնդրում են նախարարին Մայր թատրոնի ղեկավար նշանակել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ճանաչված բեմադրիչ Արմեն Էլբակյանին: Ի դեպ, առայսօր անպատասխան մնացած նամակը ուղարկվել է հունվարի 20-ին: Հավանաբար, նամակի պատասխանն ուշացնելու պատճառն այն է, որ Հ. Պողոսյանը Մայր թատրոնի ղեկավարի պաշտոնը խոստացել է իրեն մտերիմ մեկ այլ բեմադրիչի՝ Արմեն Մազմանյանին, ակնարկն էլ արվել է վերջինիս ծննդյան 50-ամյակի հավաքույթին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել