Օրերս Երգի պետական թատրոնը հանդիսատեսի դատին հանձնեց «Իրական պատմություն…» մյուզիքլը: Հեղինակներն են Արթուր Գրիգորյանն ու Մարտին Միրզոյանը: Գլխավոր դերում ոչ թե հաղորդավարուհու, այլ դերասանուհու կարգավիճակում հանդես եկավ Անիտա Հախվերդյանը, ոը մարմնավորել էր խստապահանջ մանկավարժի:
Մնացած դերակատարները՝ Երգի պետական թատրոնը, այսպես ասած, ներկայացնող մատաղ սերնդից էին: Հանդիսատեսի թիվը մեծ չէր՝ հիմնականում հրավիրվածներ, այդ թվում՝ նաեւ լրագրողներ: Հավանաբար թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորիչը նրանց հետ շփվելու կարիք ուներ, ինչն էլ արեց ներկայացումից հետո: Նա ասաց, որ պարզապես կարծիքներ է ցանկանում լսել, մանավանդ, ինչպես ինքն է ասում՝ վաղուց է իրեն լրագրողներից մեկուսացրել:
«Իրական պատմություն…» մյուզիքլը բաղկացած էր երկու մասից: Ներկայացման առաջին հատվածը փորձ է՝ բառի բուն իմաստով: Ամեն ինչ սկսվում է նրանից, որ փորձասենյակում հայտնվում է գլխավոր հերոսուհին ու տեսնում, որ իր սաները կրկին ուշացել են դասից: Ներկայացման մյուս հատվածը կազմված էր երգերից, որտեղ թատրոնի սաները հաջող հանդես եկան: Շատերի հիացմունքին արժանացավ հատկապես երգչուհի Անահիտ Շահբազյանի տեմբրը: Ներկայացման ավարտին Ա. Գրիգորյանը հայտնեց, որ Անահիտն այս տարի կմեկնի «Սլավյանսկի բազար» երգի մրցույթին՝ ներկայացնելու Հայաստանը: «Մնում է մի քիչ փող ճարեմ, որ օգնեմ մեր Անահիտին»,- ասաց նա:


















































