Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԱՌԱՋԻՆԸ ԿՏԱՊԱԼԻ

Մարտ 06,2010 00:00

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացում կարծես թե հենց այս հարցադրումն է առաջնային

Հայ-թուրքական արձանագրությունների հրապարակմանը հետեւած ամիսների ընթացքում նկատելիորեն փոխվել են ինչպես այդ փաստաթղթերի բովանդակության, այնպես էլ դրանց ճակատագրի մասին իշխանական ճամբարի գնահատականներն ու սպասելիքները: Եթե ընդամենը չորս ամիս առաջ հայ-թուրքական արձանագրությունները հանրությանը ներկայացվում էին իբրեւ գրեթե դիվանագիտական հաղթանակ, ապա այսօր արդեն նույն շրջանակները խոսում են ՍԴ որոշման միջոցով «արձանագրություններում առկա վտանգներն ու սպառնալիքները մեղմելու» մասին: Եթե չորս ամիս առաջ լրջորեն քննարկվում էր մինչեւ տարեվերջ ոչ միայն արձանագրությունների վավերացման, այլեւ սահմանների բացման հեռանկարը, ապա այսօր՝ ԱՄՆ-ի կողմից նախանշված «ողջամիտ ժամկետի» գրեթե ավարտին, արձանագրությունների վավերացման հեռանկարը տակավին տեսանելի չէ:

Ըստ ամենայնի, գործընթացի ընդդիմախոսներին ի պատասխան բերվող փաստարկը, թե այս ամենի արդյունքում Հայաստանը, իբրեւ ստանձնած պարտավորությունները հարգող երկիր, միջազգային հանրության աչքերում ձեռք բերեց հուսալի եւ վստահելի գործընկերոջ համբավ, այսօր նույնպես պոպուլյար չէ, քանզի ստանձնած պարտավորությունները ոչ թե ավարտվում, այլ սկսվում են արձանագրությունների ստորագրմամբ, եւ այդ համբավը պահպանելու համար Հայաստանը պետք է վավերացնի արձանագրությունները: Ու թեեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լոնդոնում հայտարարեց, թե ըստ էության երաշխավորում է, որ ՀՀ ԱԺ-ն կվավերացնի արձանագրությունները, այնուամենայնիվ, ֆորմալ տեսանկյունից այնքան էլ հասկանալի չէ Հայաստանի դիրքորոշումը՝ սպասել Թուրքիայի քայլերին, ապա միայն վավերացնել: Առավելեւս, որ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի փոփոխմամբ՝ Հայաստանը ապահովագրեց խաղից անգամ ամենավերջին փուլում դուրս գալու լեգիտիմ սցենարը:

Եվ ուրեմն, ո՞րն է պատճառը, որ Հայաստանը, անկախ Թուրքիայի քայլերից, համաձայն իր կողմից ստանձնած պարտավորությունների, չի վավերացնում արձանագրությունները՝ գործընթացի տապալման ողջ պատասխանատվությունն ամբողջովին դնելով Թուրքիայի վրա:

Ենթադրենք՝ Հայաստանը, չսպասելով Թուրքիայի քայլերին, առաջինը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Ի՞նչ հետեւանքների կհանգեցնի դա:

Հայկ Դեմոյան- Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն

Արձանագրություններն առաջինը վավերացնելով՝ հայկական կողմը, անշուշտ, մարտավարական առումով է՛լ ավելի կփոքրացնի թուրքական կողմի մանյովրների դաշտը: Բայց մյուս կողմից էլ մտավախություն կա, որ այդ քայլը Թուրքիայի կողմից կարող է ընկալվել որպես հայկական կողմի թուլություն եւ պատրաստակամություն՝ բացելու սահմանը ամեն գնով: Ուստի, ճիշտը մեր ռազմավարական լռությունն է, որով մենք ցույց ենք տալիս, որ, այո, շահագրգռված ենք մեր հարեւանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու եւ սահմանի բացման հարցում, բայց ո՛չ երբեք մեզ համար անընդունելի զիջումների գնով: Ինչ վերաբերում է արձանագրությունները վավերացնելու՝ հայկական կողմի պատրաստակամությանը, ապա դրա հավաստիացումը շատ հստակ եւ կոռեկտ ձեւով տրվել է ՀՀ նախագահի կողմից՝ Լոնդոնում: Եվ հայկական կողմի այդ դիրքորոշմանն այսօր լիովին սատար են կանգնել այս գործընթացի երաշխավոր գերտերությունները: Այժմ բոլորը սպասում են Թուրքիայի քայլերին: Ուստի, ես ամենեւին կարիք չեմ տեսնում, որ հայկական կողմը եւս մեկ լրացուցիչ քայլով ապացուցի իր վստահելիությունն ու կանխատեսելիությունը: Կրկնեմ, պաշտոնական հայտարարությամբ հայկական կողմն արդեն իսկ տվել է արձանագրությունները վավերացնելու իր երաշխիքը, սակայն, ավաղ, թուրքական կողմից նման երաշխիք դեռ չի ստացել:

Սուրեն Սուրենյանց- «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ

Թե ինչո՞ւ հայկական կողմը չի գնում այդ քայլին, ինձ համար շատ դժվար է վերլուծել, քանի որ այսօրվա ՀՀ իշխանությունները քաղաքական տրամաբանությամբ չեն առաջնորդվում, եւ հասկանալի չէ, թե իրենք ինչ մոտիվացիայով են որոշումներ կայացնում: Հայաստանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները: Ընդ որում, խոսքը գնում է ոչ միայն Հայաստան- Թուրքիա երկկողմանի պարտավորությունների, այլեւ այն գերտերությունների առջեւ ստանձնած պարտավորությունների մասին, որոնց հովանավորությամբ եւ ներկայությամբ այս արձանագրությունները ստորագրվեցին: Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է առաջինը եւ առանց նախապայմանների վավերացնի արձանագրությունները: Միանշանակ, արձանագրությունների բովանդակության վերաբերյալ որեւէ վերապահում անթույլատրելի է: Բայց, ես կարծում եմ, որ ԱԺ-ն, արձանագրություններն առանց նախապայմանների վավերացնելով հանդերձ, կարող է սահմանել ժամկետ, ասենք՝ երկու կամ երեք ամիս, որի ընթացքում Թուրքիան պետք է վավերացնի արձանագրությունները: Հակառակ դեպքում՝ ողջ գործընթացը կդառնա առ ոչինչ: Այդ դեպքում Հայաստանը ոչ միայն չի կորցնի, այլեւ կշահի այն, որ որպես իր ստանձնած պարտավորությունները կատարող երկիր, ավելի հուսալի կդառնա միջազգային հանրության համար, եւ բացի այդ, Թուրքիային երկու-երեք ամիս վերջնաժամկետ տալով, ըստ էության, այդ երկրին կզրկի մանյովրելու հնարավորությունից:

Արամ Կարապետյան- «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ

Եթե մեր իշխանությունները գնան այդ քայլին, ապա այդ դեպքում միանշանակ կերեւա, որ իշխանությունը պահելու համար նրանք պատրաստ են ցանկացած զիջման: Դրանով, փաստորեն, նրանք իրենց կգցեն Թուրքիայի գիրկը: Դուրս կգա, որ թուրքերն ամեն անգամ ինչ-որ հարցերի հետ են կապում վավերացումը, բայց մենք, միեւնույն է, էլի փորձում ենք առաջ գցել մեզ, միջազգային հանրությանը փորձելով ցույց տալ, թե՝ մենք ենք նախաձեռնողը եւ այլն: Դա կբերի նրան, որ Հայաստանի ներսում ժողովուրդը կսկսի մտածել, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը իշխանությունը պահելու համար այս կյանքում ամեն ինչի պատրաստ են: Ամեն դեպքում, խորհրդարանական խմբակցությունների հետ ունեցած հանդիպումների ընթացքում մեզ հավաստիացրին, թե բացառվում է, որ Հայաստանն առաջինը վավերացնի արձանագրությունները: Չնայած, մեր իշխանությունների պարագայում որեւէ բան բացառել հնարավոր չէ, քանի որ նրանք շատ արագ են իրենց դիրքորոշումները փոխում:

Ի՞նչ է նշանակում միջազգային հանրության մոտ լավ կարծիք ստեղծելու համար մենք գնանք մեզ համար ոչ շահավետ քայլերի: Դա շատ վատ եւ աշխարհի կողմից անընդունելի մոտեցում է: Եվ եթե մենք առաջ ընկնենք եւ վավերացնենք արձանագրությունները, ապա հենց նույն այդ միջազգային հանրության աչքում այնքան թույլ կերեւանք, որ նրանք կսկսեն մտածել, որ մեզ հետ կարելի է ամեն ինչ անել, ասել՝ առաջինը վավերացրեք, հետո մեկ այլ բան, հետո՝ մեկ այլ, հետո՝ ասենք, միացեք Նիգերիայի հետ: Ինչ վերաբերում է միջազգային հանրության կողմից ճնշումներին, ապա առաջիկայում Թուրքիայում կամ զինվորականությունը քայլ կանի, կամ էլ առաջիկա ընտրությունների հետ կապված այդ ամենը կփակվի- կգնա: Հավատացնում եմ ձեզ, որ այդ դեպքում ոչ ոք չի էլ հիշի, թե ով առաջինը վավերացրեց կամ չվավերացրեց:

Էդուարդ Շարմազանով- ՀՀԿ խմբակցության քարտուղար

ՀՀ իշխանությունների շարժառիթն այս դեպքում ոչ թե ամեն գնով արձանագրությունների վավերացումն է, այլ բացառապես ՀՀ պետական շահերից բխող քաղաքականության իրականացումը: Ինչո՞ւ մենք առաջինը չենք վավերացնում արձանագրությունները, որովհետեւ անցած մեկուկես տարվա ընթացքում մենք բազմիցս ապացուցել ենք, որ երբեք որեւէ արհեստական խոչընդոտ չենք ստեղծել: Մինչդեռ թուրքական կողմը՝ ի դեմս այդ երկրի վարչապետի եւ ԱԳՆ ղեկավարի, պարբերաբար հանդես է գալիս ապակառուցողական հայտարարություններով: Մենք ինչո՞ւ պետք է վավերացնենք առաջինը, եթե մենք տեսնում ենք, թե այդ պահին թուրքերն ինչ են խոսում: Մենք ինքներս հո մեզ չե՞նք խաբելու: Ես, իբրեւ ԱԺ պատգամավոր, ինչպե՞ս գնամ կողմ քվեարկեմ, լավ իմանալով, որ Թուրքիան կողմ չի քվեարկելու: Ես պետք է նախ համոզվեմ, որ Թուրքիան էլ է ուզում դա, եւ որ այս խնդիրը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Թուրքիայի խնդիրն է:

Հիշեցնեմ, որ, ի տարբերություն Թուրքիայում քաղաքական մեծամասնություն ունեցող Էրդողանի, ՀՀ նախագահը, որպես ԱԺ-ում քաղաքական մեծամասնություն կազմող ուժի ղեկավար, հստակ երաշխավորել է արձանագրությունների վավերացումը: Մենք մեր քայլը կատարել ենք, Թուրքիան էլ իր հերթին պիտի անի: Եվ եթե Թուրքիան առաջինը չվավերացնի արձանագրությունները, գոնե պետք է գործընթացը տեղի ունենա զուգահեռաբար: Մինչդեռ այսօր մենք տեսնում ենք, որ Էրդողանը ուլտիմատումներ է ներկայացնում ԱՄՆ-ին: Այնպես որ, Հայաստանն իր փոխանցումը կատարել է, գնդակը Թուրքիայի դաշտում է, եւ սպասելիքներն էլ այս պահին այդ երկրից են:

Ստեփան Սաֆարյան-ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար

Արձանագրոթյունների վավերացման հարցում Հայաստանի իշխանությունները դարձել են ծայրաստիճան անշահագրգիռ, հետեւաբար՝ չեն շտապում: Վավերացման դեպքում ՀՀ իշխանություններն ուղղակի անշրջելի կդարձնեն այն գործընթացները, որոնցից լավագույն ելքը ինչ-որ մի «իքս» պահի հետ կանգնելն է, քանի որ թուրքական կողմի մտադրությունները խիստ հստակ են: Ուստի, հայկական կողմը նաեւ այս պատճառով չի ցանկանում առաջինը վավերացնել: Հայկական կողմի երկրորդ մտահոգությունը կապված է Ղարաբաղի հարցում որոշակի զիջումների գնալու՝ Թուրքիայի սպասելիքների հետ, որոնց մասին Էրդողանը շատ պարզ ասաց դեկտեմբերի 7-ին ԱՄՆ նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Այսինքն, հայկական կողմը հստակ զգում է, որ եթե ինքը առաջինը առանց նախապայմանների վավերացնի արձանագրությունները, շատ հնարավոր է, որ թուրքական կողմը վավերապայմաններ դնի, եւ այդ դեպքում արդեն ուշ լինի մեր կողմից որեւէ բան անելու համար: Հետեւաբար, այս երկու պատճառներից ելնելով, հայկական կողմը փափագում է, որ թուրքերն իրենք տապալեն գործընթացը: Ավաղ, մենք այս հիանալի հնարավորությունը բերեցինք-հասցրինք նրան, որ գիտակցելով մեր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում ստեղծված ռիսկերը, ավելի նախընտրելի դառնա այդ հնարավորության կորուստը, քան առաջ շարժվելը: Եվ «Միջազգային պայմանագրերի» մասին օրենքում կատարված փոփոխությունները հենց հայկական կողմի վախերի լավագույն արտացոլանքն է, դրանով փորձ է արվում չեզոքացնել իրենց իսկ ձեռքերով ստեղծված ռիսկերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031