Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆուտբոլը մեր կյանքն է»

Մարտ 11,2010 00:00

Վանաձորում ստեղծված «LMS» աղջիկների ֆուտբոլի թիմը մտադիր է զարգացնել այս մարզաձեւը

«Փոքրուց շատ էի սիրում ֆուտբոլ խաղալ, բայց պրոֆեսիոնալ ֆուտբոլով սկսեցի զբաղվել միայն 21 տարեկանում: Մայրս կարծում էր, թե դա ժամանակավոր քմահաճույք է եւ շուտով կանցնի: Ժամանակն անցնում էր, իսկ ֆուտբոլի նկատմամբ ունեցած սերս ավելի էր մեծանում»,- ասում է 24-ամյա Թամարա Պապոյանը: Թամարան խաղում է Վանաձորի աղջիկների «LMS» ֆուտբոլային թիմում, որը հիմնադրվել է 2007 թվականին: «Նման թիմերի ստեղծումը նպատակ ունի զարգացնել ֆուտբոլը մարզերում եւ Հայաստանի հավաքականների համար լավ ֆուտբոլիստներ պատրաստել»,- հավելում է թիմի 20-ամյա մարզիչ Վարդինե Խանզադյանը, ով ֆուտբոլից ազատ ժամերին եւ ֆուտբոլին զուգահեռ՝ սովորում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում:
«LMS» թիմը մասնակցել է կանանց ֆուտբոլի Հայաստանի առաջնություններին, գրավել 3-րդ տեղը: Թեեւ կան առանձին անհատներ, ովքեր օգնում են թիմին մրցումների կամ հավաքների մեկնելիս, բայց մարզչի կարծիքով ավելի մեծ հաջողությունների հասնելու համար թիմը մշտական աջակցության կարիք է  զգում: Աղջիկները մինչեւ հիմա չունեն մարզումների անցկացման համար մշտական վայր: Թիմի ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ աղջիկ-ֆուտբոլիստների պակասը: Վարդինեն թիմը համալրելու նպատակով եղել է Վանաձորի դպրոցներում ու հետաքրքիր իրողություն բացահայտել. «Երեխաները ցանկանում են խաղալ, իսկ ծնողները, որպես կանոն, դեմ են լինում: Սկզբում մեր տանն էլ  էին դեմ, բայց մեկ տարի տեւած «հակամարտությունից» հետո ծնողներս հասկացան, որ ֆուտբոլն իմ կյանքն է»: Այժմ արդեն Վարդինեն խաղում է  «Բանանց» ակումբի եւ Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
Ներկայումս «LMS»  թիմը 11 անդամ ունի, ամենափոքրը 12-ամյա Մանեն է, ամենամեծը՝ 24-ամյա Թամարան: Թամարան չի սիրում ֆուտբոլ նայել. «Ավելի շատ խաղալ եմ սիրում. այդպես ավելի հաճելի է»:  Թիմի ավագ Սոնա Բարսեղյանի համար «սպորտը ոչ միայն սիրած զբաղմունք է, այլեւ՝ ամեն ինչ»: Լիակատար երջանկության համար նրան անհրաժեշտ է, որ սիրելի անձնավորությունը կիսի ֆուտբոլի նկատմամբ սերը: Թամարայի կարծիքով՝  երջանկությունը պետք է կառուցել փոխհամաձայնության եւ փոխզիջման վրա: «Եթե տղան գիտի, որ ֆուտբոլն իմ ապրելաձեւն է, նա երբեք չի ստիպի ինձ հրաժարվել դրանից»,- ասում է նա:
Թիմի աղջիկները երազում են ազգային հավաքականում խաղալու մասին: «LMS»-ի աղջիկներից 6-ն արդեն ընդգրկվել է 17 եւ 19 տարեկանների հավաքականների կազմում, բայց հարազատ թիմից հեռանալու մտադրություն չունի: «Նույնիսկ մեծ գումարներ աշխատելու հեռանկարը չի կարող ստիպել մեզ հրաժարվել «LMS» -ից, որովհետեւ ոչ մի գումարով  չես գնի թիմի մասնակիցների միջեւ ձեւավորված ջերմությունը»,- ասում է Թամարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել