Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԵՍԸ ԵՏԵՎՈՒՄ ՄՆԱՑ

Մարտ 12,2010 00:00

Ռիեկայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց 11-րդ անհատական առաջնությունը: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մասնակիցները խաղալու են 11 տուր:

Հինգերորդ տուրում տղամարդկանց պայքարին մասնակցող մեր հանրապետության ներկայացուցիչներ Սամվել Տեր-Սահակյանն ու Հրանտ Մելքումյանը հաղթեցին, համապատասխանաբար, Զազա Մարտինովիչին (Խորվաթիա) եւ Միհալ Կրասենկովին (Լեհաստան) եւ 4,0-ական միավորով (նույն ցուցանիշն ունեն եւս 21 շախմատիստներ) ընդհուպ մոտեցան առաջատարների տասնյակին: Սամվելը հանգրվանեց 13-րդ, իսկ Հրանտը՝ 17-րդ հորիզոնականում: Նրանք մրցաշարային աղյուսակը գլխավորող չորս առաջատարներից ետ են մնում կես միավորով:

Առայժմ չի ստացվում մեր առաջատար գրոսմայստերների խաղը, որոնք զբաղեցնում են թե իրենց եւ թե մեզ համար անսովոր դիրքեր: 3,5 միավոր վաստակած Տիգրան Պետրոսյանն ու Վլադիմիր Հակոբյանը, համապատասխանաբար, ընթանում են 32-րդ եւ 49-րդ տեղերում, իսկ Գաբրիել Սարգսյանը 3,0 միավորով ընդամենը 101-րդն է:

Երեկ վեցերորդ տուրում Սամվելը հանդիպելու էր Ալեքսանդր Ռյազանցեւին, իսկ Հրանտը՝ Յան Նեպոմնյաշչիին: Այդ երկու մրցակիցներն էլ ներկայացնում են Ռուսաստանը:

Կանանց մրցապայքարում շարունակում է հաջող հանդես գալ Լիլիթ Գալոյանը: Ճիշտ է, նա միավորը բաժանեց լատիշ Վիկտորիա Սմիլիտեի հետ, որի պատճառով 4,0 միավորով նահանջեց 13-րդ հորիզոնական, սակայն նրա եւ երեք առաջատարների միջեւ տարբերությունն ընդամենը կես քայլ է: Դիրքերը մի փոքր զիջեց նաեւ Էլինա Դանիելյանը: Նա սեւերով ոչ-ոքի արեց Լեհաստանի ներկայացուցիչ Բեատա Կոձիոլկայի հետ եւ 3,0 միավորով 49-րդից իջավ 54-րդ հորիզոնական: Իսկ ահա Լիլիթ Մկրտչյանը, շնորհիվ Իննա Իվախնովայի նկատմամբ տարած կարեւոր հաթանակի, 3,0 միավորով առաջացավ ամբողջ 21 աստիճան եւ այժմ 63-րդն է: Մեր այս փորձառու եռյակը երեկ վեցերորդ տուրում կազմել էր հետեւյալ զույգերը. Աննա Ուշենինա (Ուկրաինա)-Լիլիթ Գալոյան, Լիլիթ Մկրտչյան-Իրինա Չելյուսկինա (Սերբիա), Էլվիրա Բերենդ (Լյուքսեմբուրգ)- Էլինա Դանիելյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել