Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ ՉԷ ՀԱՎԱՏԱԼ ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿՈՂ ԿԱՆԽԱԶԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ

Մարտ 13,2010 00:00

Բայց ցանկացած կանխազգացում հետեւանք է ինչ-որ պատճառի

Ըստ հոգեբանների՝ կանխազգացումը ինֆորմացիա է՝ տրված ենթագիտակցության կողմից: Իսկ քարացած ինտուիցիա ունեցող մարդկանց մոտ այդ ինֆորմացիան մեծամասամբ համընկնում է ճշմարտության, իրականության հետ: Կանանց մոտ, ի դեպ, ինտուիցիան ավելի զարգացած է, այդ է պատճառը, որ հաճախ կանայք ինտուիցիային հենվելով, ավելի ճիշտ որոշումներ են կայացնում, քան տրամաբանության միջոցով:
Հայ առաքելական եկեղեցին մերժում է կանխազգացումները եւ սխալ համարում դրանց հավատալն ու վերջիններով առաջնորդվելը:
Սուրբ երրորդություն եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Եսայի քահանա Արթենյանը գտնում է՝ կանխազգացումը եղած իրականությունների հիմքի վրա ձեւավորվող մի երեւույթ է, որը պատահականություն համարել ուղղակի չի կարելի. «Եթե կյանքի որեւէ իրավիճակի մեջ ինչ-ինչ դրսեւորում է լինում, եւ ես այդ իրավիճակի մեջ ունեմ կանխազգացում, դա հենց այնպես չի տրվում, այլ՝ որոշակի ինֆորմացիա ունենալու եւ երեւույթները տեսնել կարողանալու հատկության արդյունքում: Երբեմն կանխազգացում ասվածը մեր ենթագիտակցությունից է գալիս գիտակցություն: Որովհետեւ մեր ենթագիտակցության մեջ բավականին մեծ ինֆորմացիա կա: Եվ այն աշխարհը, որին  մենք պատկանում ենք եւ որը մենք ճանաչում ենք, իրականում դրսեւորված եւ արտացոլված է մեր ենթագիտակցության մեջ: Շատ դեպքերում այդ կանխազգացումները մեզ տրվում են մեր ենթագիտակցությունից, իսկ ավելի պարզ՝ այնտեղ կուտակված որոշակի ինֆորմացիայից: Հարցն այնքան էլ դրանց հավատալ-չհավատալու մեջ չէ, որքան որ իրականությունից չկտրվելու կարողությունը չկորցնելը: Կանխազգացումներին ոչ ոք չի կարող ասել՝ հավատացեք կամ մի հավատացեք: Եկեղեցին ասում է՝ հավատալով եւ դրանով առաջնորդվելով՝ կարողացեք չկտրվել իրականությունից: Սա այն հիմքն է, որի վրա կառուցվում են մնացած բոլոր դրսեւորումներն ու կոնկրետ վերաբերմունքը կանխազգացումների նկատմամբ»:
Տեր Եսային նշում է, որ պետք չէ հավատալ ենթագիտակցությունից եկող կանխազգացումներին եւ գերի դառնալ դրանց. «Եթե մեր կանխազգացումն ասում է՝ այսպես պետք է լինի, ուրեմն դա հնարավոր չի փոխել. այս մտածելակերպն արդեն քրիստոնեական չէ: Սուրբ գիրքն ու քրիստոնեական վարդապետությունը մեզ սովորեցնում են, որ մեր կյանքը, մեր ապագան, նույնիսկ երկնքի արքայության պատկերը մեր հոգու մեջ է, մեր ձեռքերում, եւ մենք պետք է կառավարենք այն ու միայն մենք ենք պատասխանատու մեր արարքների համար եւ ոչ թե կանխազգացումները…»:
Հարցին, ճի՞շտ է, արդյոք, որ Աստված մարդկանց կանխազգացումներով փորձում է հուշումներ անել, տեր Եսային, պատասխանեց. «Աստված մեզ միշտ հուշում է, թե այս իրավիճակում ինչ պետք է անել, իսկ թե ինչպես է հուշում, դա արդեն խիստ անհատական է: Կանխազգացումները պետք չէ կապել Աստծո հետ: Իրականում դա ամենահեշտ ձեւն է պատասխանատվությունից խուսափելու, երբ ամեն ինչ բարդում ենք կանխազգացումների վրա, ասելով, որ Աստված հուշեց: Սա ընդամենը արդարացում է»:
Հոգեբան Սուսաննա Հակոբյանի մեկնաբանմամբ էլ՝ կանխազգացումներ կան, դրանք ազդակ են, հուշում՝ մոտալուտ իրադարձությունների, որոնք հիմնականում պատահում են հուզական մարդկանց հետ:
«Ցանկացած կանխազգացում արդարացված է այն իմաստով, որ իր մեջ կրում է պատճառահետեւանքային կապ: Բոլորը չէ, որ ունեն կանխատեսելու ունակություն: Այն հիմնականում բնորոշ է շուտ հուզվող անձանց, որոնք հաճախ իրենք էլ չեն կարողանում հասկանալ ու նաեւ բացատրել, թե որտեղից եւ ինչպես են կարողացել կանխազգալ հազարավոր կիլոմետրերի վրա գտնվող հարազատների հաջողության կամ անհաջողության մասին»:
Ս. Հակոբյանը նկատում է, որ յուրաքանչյուր պարագայում կանխազգացում ունենալու դեպքում կարեւորը կողմնորոշվելն է. «Փաստն այն է, որ մարդը հիմնականում կանխազգում է իր հետ կատարվելիք իրադարձությունները: Անգամ կանխազգացում ունենալու պարագայում մարդ պետք է խելացիություն դրսեւորի. այն մարդուն կօգնի ճիշտ նախապատրաստվել՝ օգտագործելով այդ վաստակն ի շահ իր հաջողության՝ լինի ուրախություն, թե տխրություն: Անձը հստակ գիտակցում է իր քայլերը՝ ցանկալի ավարտ, արդյունք ստանալու համար»:
Հոգեբանը խորհուրդ է տալիս կանխազգացումներին նշանակություն տալ, բայց գերի չդառնալ դրանց: Նա կարծում է՝ «պետք է հիշել, որ մարդ մտածում է, իսկ Աստված տնօրինում, եւ, որ ամենակարեւորն է, ցանկացած կանխազգացում հետեւանք է ինչ-որ պատճառի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031