Լրահոս
Օրվա լրահոսը

Նախապատրաստվում են, բայց կմեկնե՞ն Բաքու

Մարտ 16,2010 00:00

Ապրիլի 23-ից մայիսի 1-ը Բաքվում կայանալու է բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ԱԻԲԱ-ն ու Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան վավերացրել են համապատասխան պայմանագրի ստորագրումով:

Այդ առիթով սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Չինգ Կոու Վուն ԶԼՄ-ներին հայտարարել է, թե Ադրբեջանի մայրաքաղաքում կկայանան նաեւ WSB-ի մրցաշարերը, որ աշխարհի այս պատանեկան առաջնությունը կարեւոր դեր ունի կատարելու, քանի որ այնտեղ խաղարկվելու են Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին օլիմպիական խաղերի ուղեգրերը: Լրատվամիջոցները, վկայակոչելով պարոն Չինգ Կոու Վուին, նշում են, որ Բաքվում ռինգ են մտնելու 106 երկրների 659 բռնցքամարտիկներ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այս առնչությամբ ի՞նչ է որոշել: Մեր պատանեկան հավաքականը մեկնելո՞ւ է հարեւան երկիր: Երեկ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը «Առավոտին» ասաց հետեւյալը. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ աշխարհի պատանեկան առաջնությանն անպայման մասնակցելու մտադրություն ունենք, եւ մեր մարզիչներն ու պատանի բռնցքամարտիկներն ամենայն լրջությամբ նախապատրաստվում են: Հայաստանի ֆեդերացիան սահմանված ժամկետներում ներկայացրել է նախնական հայտը, որում սահմանված է մեր պատվիրակության կազմը՝ 16 հոգի: Մենք նաեւ պաշտոնական նամակով դիմել ենք միջազգային ֆեդերացիա, որով հաստատել ենք մեր մասնակցությունը եւ ԱԻԲԱ-ին խնդրել՝ միջնորդել Բաքու մեկնող հայաստանցիների անվտանգության երաշխիքներ ստանալու հարցում: Որոշ ժամանակ անց ԱԻԲԱ-ից ստացանք գրություն, որ իրենց ներկայացուցիչը Բաքվում մասնակցել է աշխարհի առաջնության կազմկոմիտեի նիստին, որի օրակարգային առաջին հարցերից մեկը եղել է Հայաստանի պատվիրակության անվտանգության ապահովումը: Ըստ այդ գրության, ադրբեջանական կողմը, կարծես թե, ստանձնել է այդ պարտավորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նրանց անվտանգության ծառայությունները եւ սպորտի համապատասխան պատասխանատուները մեր պատվիրակությանը պետք է դիմավորեն Թբիլիսիում, օդանավակայանում ձեւակերպեն մուտքի վիզաները եւ թիմին ուղեկցեն մրցումների ամբողջ ընթացքում: Սակայն մեկնելո՞ւ ենք, թե՞ ոչ, վերջնական պատասխանը կլինի ավելի ուշ: Հնարավոր է՝ մինչեւ ապրիլի 20-ը: Դա արդեն ճշգրտված վերջնական հայտի ներկայացման վերջնաժամկետն է: Մնացած այս ժամանակահատվածում, կարծում եմ, մեր երկրի ղեկավարությունը, այդ թվում՝ նաեւ մարզական, խնդրի բոլոր նրբությունները մանրամասն կքննարկեն ու համապատասխան որոշում կկայացնեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել