Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռու՝ տափակախոսությունից

Մարտ 16,2010 00:00

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այլ աշխատաոճ են ընտրել

Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը Ե. Չարենցի ծննդյան 113-ամյակի կապակցությամբ՝ մարտի 13-ից մինչեւ ապրիլի 6-ը, անցկացնում է «Չարենցյան օրեր» բաց ստուգատես: Գրողի ծննդյան օրը մեկնարկած միջոցառումների շարքը բացվեց կրթահամալիրում, որտեղ հնչեցին գրողի ստեղծագործությունները, ապա չարենցասերները ծաղիկներ դրեցին նրա հուշարձանին, այցելեցին Երեւանում գտնվող տուն-թանգարան: Ստուգատեսը աշակերտներին հնարավորություն է ընձեռել իրականացնել անհատական ուսումնասիրություններ, ավագ դպրոցի սաները հանդես կգան տասնյակի հասնող քաղաքագիտական, լրագրողական, մշակութաբանական մի շարք հետազոտական նախագծերով: Այս կերպ կրթահամալիրում փորձում են ուսումնական աշխատանքը նախեւառաջ դարձնել ստեղծագործական, անցկացվելու են նաեւ վարպետության դասեր: Շուրջ 3 շաբաթ տեւող միջոցառումների շրջանակում նախատեսված է աշակերտների կողմից պատրաստված ռադիոներկայացումների, տեսաֆիլմերի, էլեկտրոնային աշխատանքների ցուցադրում, կներկայացվեն երեխաների ձեռքով ձեւավորված էլեկտրոնային գրքերը, թռուցիկները, բացիկները եւ այլն: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հայտնեց, որ մարտի 26-ին ուսուցիչների ու բարձր դասարանցիներից բաղկացած 26 հոգանոց խումբը կուղեւորվի Թբիլիսի՝ մասնակցելու միջազգային հավաքի: Տնօրենը գտնում է, որ ամեն տարի մեր մեծերի ծննդյան օրերին անցկացվող, մի տեսակ պարտավորեցնող, հոգնեցուցիչ միջոցառումները դարձել են բեռ եւ մշակութային, կրթական ազդեցություն չեն թողնում: «Վերջին 2 տարում խնդիր ենք դրել ազատվել նմանատիպ միջոցառումներից, փորձում ենք ծնողների աչքերով հասկանալ, թե ինչու երիտասարդները գիրք չեն կարդում: Դպրոցում գրքային, գնահատականի Չարենցն է՝ առանձնացված 2-3 բանաստեղծությամբ, հետո էլ ուսուցչի՝ Չարենցը հանճարեղ է, մեծ է եւ այլն: Իսկ իրական Չարենցի լեզվին, մտածողությանը, արվեստագետի զինանոցին մարդը մնում է անհաղորդ, որովհետեւ ինքն այդ աշխարհում չի ապրել, չի ստեղծագործել ու հետազոտել, չի մտել այդ աշխարհը»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Բլեյանը՝ ավելացնելով, որ երեխաների կողմից նման խանդավառություն չէր սպասում. ժամանակակից թվային միջոցներով համալրված կրթօջախն աշակերտներին հնարավորություն է տվել ավելի կենդանի, գրավիչ դարձնել աշխատանքը: «Ներկայացումները պահանջեցին, որ մեդիաթատրոնը վերանորոգենք, ստեղծենք նոր գործիքներ, հնարավորություններ, որպեսզի թատրոնը որպես գրականության, ուսուցման արդյունավետ միջոց գործածվի: Հուզվեցի, երբ առավոտյան բացելով մեր կայքը, տեսա, թե ինչպես են երեխաները շնորհավորում միմյանց Չարենցի ծննդյան օրվա կապակցությամբ, պատմում իրենց Չարենցի մասին…»,- ասաց Ա. Բլեյանը:
Տնօրենը գտնում է նաեւ, որ մեզանում հաղորդակցության պակաս կա: «Երեխային զրկել ենք մտասույզ Չարենց ընթերցելուց, երբ նա կտրվում է ամեն ինչից ու հայտնաբերում, որ Չարենցի աշխարհն ավելի հետաքրքիր է, քան շրջապատողը: Պետք է հնարավորություն ստեղծել, որ ամեն մեկն իր Չարենցին հայտնաբերի, չպիտի Չարենցին փոխարինենք մեզնով, մեր պատկերացումներով, տաղտուկով ու տափակախոսությամբ, որովհետեւ այն, ինչ որ երեխան, ոգեւորված պատանին կարող է «Նավզիկեն», «Կապուտաչյա հայրենիքը», «Դեպի լյառն Մասիսը» կարդալիս ստանալ, ինքներս չենք կարող տալ: Ուսուցիչների շրջանում այսօր ամենուրեք հոգնություն է, որը ծանր կապարի նման նստած է մեր ոտնամաններին, մտքին, սրտին: Ամեն տարի սեպտեմբերին հարյուրավոր նոր երեխաներ են գալիս դպրոց, նրանք իրավունք ունեն տեսնելու թարմ, խանդավառ ուսուցիչների: Ամեն ինչի մի՛ նայեք ձեր աչքերով, նայեք երեխաների աչքերով»,- նշում է Ա. Բլեյանը: Վերջինս, գրողի ծննդյան օրը, կրթահամալիրում աշակերտների հետ խանդավառությամբ հնչեցնելով Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին», ներկաներին փոխանցեց. «Այ, այսպիսի՛ ազատ, անկախ ու առանց քաղբանտարկյալների Հայաստան եմ ուզում»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել