Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռնոց՝ երեւանցի կոլեգաներին

Մարտ 17,2010 00:00

Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը «Դու անմեղ ես» մենադրամայով
հավակնում է «Արտավազդի»:

\"\"

Արվեստի աշխարհում հաստատված ճշմարտություն է, որ փորձը՝ որպես ստեղծագործական աշխատանք, միշտ էլ հետաքրքիր է ու բազմաբովանդակ, հայտնություններով լի:
Երեկ Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ Սամվել Խալաթյանի «Դու անմեղ ես» մենադրամայի ներկայացումը, ու հենց հիշյալ պիեսի փորձը դիտելու ցանկությունն էր, որ «Առավոտին» տարավ «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակներում ընդգրկված հիշյալ մենադրամայի գլխավոր փորձին: Սոնայի կերպարը մարմնավորում է Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, ով այս աշխատանքը ստեղծել է Հայաստանի թատերական գործիչների միության հետ համատեղ՝ յուրատեսակ ձեռնոց նետելով երեւանյան գործընկերներին, կարծես ապացուցելու համար, որ մայրաքաղաքից հեռու էլ ապրում են տաղանդավոր երիտասարդ արվեստագետներ, որոնք միշտ չէ, որ առիթ են ունենում հանդես գալու մայրաքաղաքի բեմերում: Նշենք, որ դերասանուհու բախտը, իհարկե, բերել է: Նա հայտնի դարձավ «Դժբախտ երջանկություն» սերիալից, որտեղ հանդես էր գալիս Անիի դերով:
«Դու անմեղ ես»-ի բեմադրիչ Հովհաննես Հովհաննիսյանը նույնպես ճանաչում ունի եթերից եւ Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկային «Կնոջս անունը Մորիս է» ներկայացումից, որտեղ հանդես է գալիս գլխավոր դերում: Տեղեկացնենք, որ Հ. Հովհաննիսյանը Գյումրիի թատրոնում հեղինակ է մեկ տասնյակից ավելի բեմադրությունների, այդ թվում՝ Վրթ. Փափազյանի «Ժայռ», Պ. Պռոշյանի «Սոս եւ Վարդիթեր», Չ. Դիկկենսի «Դավիթ Կոպերֆիլդ» եւ այլն: Անդրադառնալով «Դու անմեղ ես» մենադրամային՝ նշենք, որ Ա. Մութաֆյանը պատկերում է միայնակ ու լքված կնոջ, ով կռիվ է տալիս իր ինքնության հաստատման ու երեխայի լույս աշխարհ գալու համար: Սիրած տղամարդը դավաճանել է նրան ու լքել, բայց Սոնան ոչնչի առջեւ կանգ չառնելով, որոշում է կայացրել երեխա ունենալ՝ այդկերպ գտնելով իր ճշմարիտ երջանկությունը:
Մեր ռեպլիկին՝ խնայեք ձեր ուժերը երեկոյան ներկայացման համար, դերասանուհին կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց. «Մեկ հանդիսատեսն էլ ինձ համար հանդիսատես է»:
«Արտավազդ» մրցանակաբաշխության արդյունքները կհրապարակվեն Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին: Մեր հարցին՝ մրցանակ ստանալու ակնկալիքը մե՞ծ է, Ա. Մութաֆյանն ասաց. «Ներկայացված են իսկապես տաղանդավոր երիտասարդ դերասանուհիներ Լիկա Էլբակյանի, Մարիամ Ղազանչյանի եւ այլոց աշխատանքները: Մեզանից ով էլ ստանա մրցանակ, հավատացեք, արժանի կլինի, որովհետեւ, ի վերջո, հանրահայտ մի ճշմարտություն կա. երիտասարդ արվեստագետներից յուրաքանչյուրն էլ հայտնություն է: Չեմ թաքցնում, իհարկե, ցանկալի կլիներ մրցանակաբաշխության օրը բեմ դուրս գալ հաղթողի կարգավիճակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել