Լրահոս
Օրվա լրահոսը

Դահլիճը պաշտպանելը պատվե՞ր է

Մարտ 18,2010 00:00

\"\"Նորից «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի մասին

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հավաստմամբ՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը պահպանվող հուշարձանների ցանկում էր եւ այնտեղից դուրս է եկել ապօրինաբար. «Հուշարձանը՝ պատմաբաններից, ճարտարապետներից եւ հնագետներից կազմված փորձագիտական հանձնախմբի կողմից արժեւորվելուց հետո միայն կարող է ցանկ մտնել եւ ցանկից դուրս հանվել, ինչը այս դեպքում չարեցին»: Երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Մինասյանը կարծիք հայտնեց, որ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը նախատեսում են վերականգնել, ունեցել է ճարտարապետական զրոյական արժեք. «Այն կառուցված է եղել այսօրվա գործող կինոթատրոնի ոչ թե ամառային դահլիճի, այլ հիմնական շենքի տեղում»: Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էլ հայտարարեց, որ ամառային դահլիճը պահպանելու ճարտարապետների միահամուռ պայքարի մեջ վերջին տասը տարիներին պատմական շերտի ոչնչացումն է խտացել. «Այս հարցում երեւում է նաեւ մեր վերաբերմունքը քաղաքին, թե ինչպես պետք է այն կառուցենք, իսկ քաղաքները չեն կառուցվում՝ քանդել-սարքելով: Մենք խնդիր չունենք եկեղեցիների կառուցմանն ուղղված, բայց այդ հիմնավորումները՝ թե ամառային դահլիճը Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում է, հիմքեր չունեն»: Պարոն Պետրոսյանի խոսքով, կինոթատրոնի սեփականատերերը բարոյական իրավունք չունեն պետության կողմից անհատույց ստացած գույքը օտարել որեւէ մեկին, իսկ հայոց եկեղեցին էլ առաջնորդվում է անցյալի սխալները կրկնելու քաղաքականությամբ:
 Արտաշատի հոգեւոր հովիվ Մխիթար քահանա Ալոյանն էլ հետաքրքրվեց. «Էլ ավելի մեծ ճարտարապետական արժեք չէ՞ր Երիտասարդական պալատը, որ ոչնչացրին: Հետաքրքրիր է՝ եթե կինոթատրոնի սեփականատերը ամառային դահլիճի տեղում կառուցեր կաբարե կամ լողավազան, արդյոք կբողոքեի՞ք, որ ոչնչացնում են ճարտարապետական կոթողը: Լենինի, Ստալինի արձանները հանեցին, ո՞ւր էիք դուք այն ժամանակ»: Ճարտարապետների միության նախագահն էլ հակադարձեց. «Մենք միշտ բողոքում ենք, պայքարում, բայց մեզ ո՞վ է լսում»: Տեր Մխիթարն էլ ընդգծեց. «Մենք ցանկանում ենք այն, ինչ մերն է եղել ժամանակին, բոլշեւիզմը խլել է՝ քահանաներին աքսորելով ու բռնադատելով: Դուք ասում եք՝ եկեղեցին զրոյական ճարտարապետական արժեք ուներ, դպրոցներն էլ այսօր նույն արժեքն ունեն, բայց այնտեղ կրթվում են հայ երեխաները»: Քահանայի կարծիքով, մեծ կորուստ չի լինի, եթե նախատեսվող միջոցառումները կամ կինոդիտումները ամառային դահլիճի փոխարեն կազմակերպվեն «Մոսկվա» կինոթատրոնի մյուս դահլիճներում: Ս. Պետրոսյանը հետաքրքրվեց՝ եթե եկեղեցին ցանկանում եք ճիշտ վայրում վերակառուցել, իսկ ճիշտ վայրը հենց հիմնական շենքի տեղում է, ինչո՞ւ շենքը չեք քանդում. «Այդ շենքը բնականորեն չենք ցանկանա քանդել, որովհետեւ դա այլ բան է, իսկ դահլիճը՝ մեկ այլ»: Քահանայի կարծիքով՝ ամառային դահլիճը պաշտպանելու՝ ճարտարապետների բուռն արձագանքը պատվեր է, բայց դժվարացավ նշել պատվիրատուին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել