Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱԿԱՍԵԼ ԵՆ ԴԱՍԱԿԱՆ ՄԱՐԴԻԿ»

Մարտ 19,2010 00:00

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը եւ պետական երիտասարդական նվագախումբը առաջին անգամ համատեղ համերգով ներկայացան հայ հանդիսատեսին: Մարտի 17-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված համերգում ընդգրկված էին հոգեւոր եւ աշխարհիկ երգեր, նաեւ Կոմիտասի, Բեթհովենի, Շուբերտի ստեղծագործությունները: Համերգի ընթացքում Շուբերտի՝ «Մարիամի հաղթական երգը» կատարեց մենակատար Մագդա Մկրտչյանը եւ Բեթհովենի ստեղծագործություններից՝ դաշնակահար Լիլիթ Զաքարյանը:

«Առավոտի» հետ զրույցում երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն ասաց, որ դա իրենց հերթական համերգն էր, որը թեեւ նախատեսված էր Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, բայց վերջինիս զբաղված լինելու պատճառով հանդես եկան Երիտասարդականի ընկերակցությամբ: Մաեստրոյի խոսքով, իրենց երգչախումբը հանդես է եկել աշխարհի 56 նվագախմբերի հետ, իսկ պետական երիտասարդական նվագախումբը 57-րդն էր, ու իրենց համագործակցությունից մաեստրոն գոհ էր: Հովհ. Չեքիջյանի կարծիքով, վերջին շրջանում դասական երաժշտության համակիրների թվի նվազումը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով. «Դասական մարդիկ քչանում են… միայն մեզ մոտ չէ, այդպես աշխարհում է, քանի դեռ փոփ երաժշտությունը կա, ռաբիս՝ ժողովուրդը լավն ավելի ուշ է ընկալում: Կցանկանայի, որ դասական երաժշտության համերգներին դահլիճներում ասեղ գցելու տեղ չլիներ ու բոլորը հասկանային դասական արվեստի արժեքը»: Նա նաեւ հավելեց, որ ճգնաժամը կրճատել է իրենց՝ արտասահման մեկնելու մի շարք նախագծեր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել