Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է բանակցել մաեստրո Թոփչյանի հետ»

Մարտ 20,2010 00:00

«Դրսում» ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի պատասխանատուն ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավարն է:

\"\"

Ավստրիացի դիրիժոր Էռնեստ Հոյցըլը եւ ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը 2005թ. գարնանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ ներկայացան Մոցարտի Ջութակի թիվ 4 կոնցերտի կատարումով: Երբ «Առավոտը» հարցազրույց ունեցավ դիրիժորի հետ, մեր երաժշտարվեստի ներկայացուցիչներից ոմանք հանդիմանեցին մեզ, ասելով, թե ինչու ենք անտեսել պատանի ջութակահարուհուն, որի անունը տարիներ հետո կլսենք արդեն եվրոպաներից՝ իբրեւ տաղանդավոր հայ արվեստագետի: Երեկ վերոհիշյալ դուետը ՀՊՖՆ-ի ընկերակցությամբ կրկին ներկայացրեց Մոցարտի Ջութակի թիվ 4 կոնցերտը: Գլխավոր փորձին զրուցեցինք Անուշ Նիկողոսյանի հետ: Նա ներկայումս ուսանում է Մյունխենի Hochschule-ում, պրոֆեսոր Քրիստոֆ Պոպենի դասարանում: Մեր օրերում հայաստանցի երաժիշտ ուսանողներից շատերը ձգտում են սովորել Արեւմուտքի առաջատար երաժշտանոցներում, ի՞նչն է դրա պատճառը, մանավանդ որ, Երեւանի կոնսերվատորիայում դասավանդում են նույն Արեւմուտքում ճանաչված պրոֆեսորներ, այդ թվում՝ դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը, Սերգեյ Սարաջյանը, ջութակահար Էդվարդ Թադեւոսյանը եւ այլք: «Որպես ուսանող ջութակահարուհի, ես ինձ լավ էի զգում դեռեւս Հայաստանում: Սայաթ-Նովայի, այնուհետեւ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցներում սովորել եմ ճանաչված մանկավարժներ Արտաշես Մկրտչյանի եւ Պետրոս Հայկազյանի դասարաններում, այնուհետեւ երկու տարի պարապել եմ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ստացվեց այնպես, որ 2007թ. մեկնեցի Եվրոպա եւ, հուրախություն ինձ, հայտնվեցի անվանի մանկավարժ, պրոֆեսոր Պոպենի դասարանում: Չզարմանաք, որ ասեմ՝ մտադիր եմ նաեւ մեկ-երկու տարի սովորելուց հետո կատարելագործվել Վիեննայում: Ինչ վերաբերում է հայաստանցի երաժիշտների ձգտմանը՝ ուսումը շարունակել Եվրոպայում, այն ունի մեկ պատճառ՝ Արեւմուտքում մեկ-երկու ելույթից հետո անունդ տարածվում է, դառնում ես հայտնի եւ քեզնով հետաքրքրվում են պրոդյուսերները»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, որ ոչ բոլորն են գնում Եվրոպա՝ հետագայում մենակատարի կարիերա անելու երազանքով. «Արեւմուտքում լավագույն նվագախմբում աշխատելն արդեն մեծ պատիվ է»: Հարցին՝ եթե տարիներ անց ՀՊՖՆ-ն իրեն հրավիրի որպես կոնցերտմայստեր, կհամաձայնի՞, ջութակահարուհին պատասխանեց. «Նախ՝ չեմ կարծում, հետո էլ մեր ֆիլհարմոնիկը, հանձին Կարմեն Թոսունյանի, ունի անփոխարինելի կոնցերտմայստեր»:
 Իսկ ներկայումս Եվրոպայի ո՞ր պրոդյուսերական կենտրոնում է գրանցված Անուշ Նիկողոսյան անունը: Ջութակահարուհին ասաց. «Արեւմուտքում ինձ համերգի առաջարկ անելիս գիտեն, որ պետք է բանակցել ՀՊՖՆ-ի, կոնկրետ՝ մաեստրո Թոփչյանի հետ»: Երեւանյան այս համերգի բուկլետից տեղեկանում ենք, որ ջութակահարուհին հանդես է եկել մի շարք երկրներում՝ Անգլիայում, ԱՄԷ-ում, Սիրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ենթադրվում է՝ որ կամերային «ձեւաչափով»: Երիտասարդ արվեստագետը հայտնեց, որ ինքը ելույթներ է ունեցել հայտնի դիրիժորներ Լեոշ Սվարովսկու, Ալեքսանդր Տրեկերի, Մարկուս Բոշի, Էմանուել Սիֆերտի եւ այլոց ղեկավարությամբ: Իսկ թե ինչու է հայ հանդիսատեսին ներկայանում դարձյալ Մոցարտի Ջութակի այս կոնցերտով, Ա. Նիկողոսյանը պատասխանեց. «Սիրահարված եմ Մոցարտի կոնցերտներին: Դրանցում բացակայում են կոնֆլիկտային կերպարները, ողբերգականությունը, փոխարենը այդ երկերն աչքի են ընկնում մեղեդայնությամբ եւ ճկուն են «փոխհարաբերությունները»՝ մենակատարի ու նվագախմբի միջեւ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել