Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մարտ 20,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ երրորդ

ՊԱՏՄԵԼՈՒ ԿՅԱՆՔ

Եվ ես ժպտալով Նինային ասացի՝ «տեղաշորը հեչ պարտադիր պայման չի. էս ամեն ինչը կարար Օստանկինոյի խոտերի վրա տեղի ունենար», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «օրը ցերեկո՞վ», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ անտառի մեջ մեզնից բացի ուրիշ մարդ չկար», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «շա՜տ ցինիկ եք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «անտառն ու պարկն էլ իրարից չեք տարբերում», եւ ես զարմացած ասացի՝ «էդ արդեն հետս դուք-ով ե՞ս խոսում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «կովկասցիներիդ նկատի ունեմ», եւ ես նեղացած ասացի՝ «ես քո համար ոչ չեչեն եմ, ոչ էլ՝ ադրբեջանցի», եւ Նինան ժպտալով ասաց՝ «հայ ես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հայերը հնդեվրոպական ժողովուրդ են», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «շա՜տ լավ ա», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչն ա շատ լավ», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «արդեն դու էլ ես սկսում կյանքդ պատմել» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «էս կատակներս հո լուրջ չե՞ս ընդունում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչն էր կատակ», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «ասածներս ծերից ծեր կատակ էին», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «բայց կովկասցիների մասին լրիվ լուրջ էի ասում», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչն ես կատակով ասել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «մնացած ամեն ինչը», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «Սանյայի ու Սոկոլովի բարիշելու մասին էլ էի՞ր կատակով ասում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ էլ եմ լրիվ լուրջ ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «տարիքս էլ եմ լուրջ ասել», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, ամեն ինչ լուրջ ես ասել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս՝ էս ամեն ինչի մեջ ոչ մի լուրջ բան չկա», եւ ես հարցրի՝ «ի՞նչը նկատի ունես», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կյանքը» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «թեկուզ՝ իմ ու քո էս հարաբերությունները», եւ ես ասացի՝ «մեր հարաբերությունները նոր են սկսվում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հեչ պարզ չի», եւ ես հարցրի՝ «ի՞նչը պարզ չի», եւ Նինան լրջանալով ասաց՝ «հեչ պարզ չի՝ նո՞ր են սկսվում, թե՞ արդեն ավարտվում են», եւ ես Նինային գրկելով՝ պառկեցրի մահճակալին, եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «ուզում ես ապացուցես, որ նո՞ր են սկսվում», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «հեչ չեմ ուզում, որ մեր հարաբերություններն ավարտվեն», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «ոչ քո ուզելով ա, ոչ էլ՝ իմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «եթե սեր չկա, չի կարող երկար շարունակվել», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «ի՞նչ գիտես, որ սեր չկա», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «զգում եմ», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «որ սեր չըլներ, հիմի արդեն աշխատանքի գնացած կըլնեիր», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «ես քո մասին եմ ասում», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «ուզում ես ասես՝ ինձ սիրո՞ւմ ես», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «չգիտեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «չեմ էլ ուզում իմանալ», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «դու քննադատության բաժինն ես ավարտել, չէ՞», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «շա՜տ հետաքրքիր ա», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «ի՞նչն ա հետաքրքիր», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «դու քո մասին ինձ ոչինչ չես ասել, բայց իմ մասին ամեն ինչ ուզում ես իմանաս» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «նույնիսկ չգիտեմ՝ ամուսնացա՞ծ ես, թե՝ չէ», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «որ ամուսնացած ըլնեի՝ էս հանրակացարանում ի՞նչ գործ ունեի», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «ձեր կուրսեցիների մեծ մասն ամուսնացած մարդիկ են», եւ ես Նինային սիրելով ասացի՝ «մեր կուրսեցիների մեծ մասը քառասունն անց մարդիկ են», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «դու էլ երեսունն ես անցել», եւ ես Նինային սիրելով ասացի՝ «նոր եմ անցնելու», եւ Նինան ինձ սիրելով հարցրեց՝ «թեկնածու էլ չունե՞ս», եւ ես Նինային սիրելով հարցրի՝ «գիտությունների թեկնածո՞ւ», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «ամեն ինչ կատակի եք վերածում», եւ ես Նինային սիրելով ասացի՝ «էլի՞ սկսեցիր հետս դուք-ով խոսալ», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «հնդեվրոպացիներին նկատի ունեմ», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «ամեն մարդ մի առանձին աշխարհ ա. կապ չունի՝ կովկասցի՞ ա, թե՝ հնդեվրոպացի», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «բայց, բոլոր դեպքերում, կովկասցիք իրար նման են», եւ ես Նինային սիրելով ասացի՝ «մեր համար էլ ռուսներն են իրար նման», եւ Նինան ինձ սիրելով հարցրեց՝ «ես Սոկոլովին էդքան նմա՞ն եմ», եւ ես Նինային սիրելով ասացի՝ «դու աննմա՜ն ես», եւ Նինան ինձ սիրելով ասաց՝ «դու էլ ես աննման», եւ ես Նինային սիրելով ու ամուր գրկելով ասացի՝ «ուրեմն, էդ ազգամիջյան հարցերը վերջացնենք», եւ Նինան ամբողջ ուժով ինձ գրկելով ու ցնցվելով գոռաց՝ «վերջացնե՜նք», եւ ես ցնցվելով գոռացի՝ «դու աննմա՜ն ես», եւ Նինան բերանս իր բերանով փակեց, էդպես բավական երկար փակած պահեց, հետո ժպտալով ասաց՝ «մի՛ գոռա», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «ումի՞ց ես վախենում. Սոկոլովն արդեն գնացել ա», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «Սոկոլովը գնացել ա, բայց մյուսներն արդեն զարթնել են», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «ի՞նչ մյուսներ», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «ձեր կուրսեցիները», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ գիտես, որ զարթնել են», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ոտնաձայները չես լսո՞ւմ», եւ ես ասացի՝ «ոչ մի ոտնաձայն չեմ լսում» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «կուրսեցիներիս լրիվ մոռացել էի», եւ Նինան ժպտալով ասաց՝ «մենակ Սոկոլովին էիր հիշում», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «մեկ էլ՝ քեզ», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «բայց Սոկոլովին ավելի շատ էիր հիշում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «հետաքրքիր ա, չէ՞», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա հետաքրքիր», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «էսքան իրար սիրում ենք, բայց ոչ մի սիրալիր խոսք իրար չենք ասել», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «որովհետեւ առանց խոսքի ենք իրար հասկանում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կամ էլ՝ իրար ասելու բան չունենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մի գլուխ Սոկոլովից ու Սանյայից ենք խոսում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որովհետեւ իրանցը շատ առանձնահատուկ դեպք ա», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «մերն առանձնահատուկ չի՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մերը երջանկության պես բան ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «երջանկությունը սովորաբար շատ կարճ կյանք ա ունենում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մեզնից ա կախված», եւ Նինան մի քիչ մտածեց ու մահճակալին նստելով ասաց՝ «ցավոք սրտի՝ մեզնից ոչ մի բան կախված չի» եւ սուրճից մի կում անելով ավելացրեց՝ «էս սուրճերն արդեն լրիվ սառել են», եւ ես ասացի՝ «ես սառն էլ եմ խմում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մենակ քո մասին ես մտածում», եւ ես ասացի՝ «տաքացրու», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ դու սառն ես խմում, ես էլ սառը կխմեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «քեզնից լավը չեմ», եւ ես Նինային համբուրելով ասացի՝ «դու բոլորից լավն ես», եւ Նինան ինձ համբուրելով ժպտաց ու ասաց՝ «շարունակենք առանց խոսքերի հասկանալ իրար», եւ ես ժամացույցին նայելով ասացի՝ «բայց աշխատանքից ուշանում ես», եւ Նինան ժամացույցին նայելով ասաց՝ «ձերոնք նոր են զարթնել», եւ ես հարցրի՝ «էդ ի՞նչ ա նշանակում», եւ Նինան ասաց՝ «էդ նշանակում ա, որ աշխատանքից չեմ ուշացել», եւ ես ժպտալով ասացի՝ «ինձ էլ թվում էր՝ աշխատանքային կենսագրությունդ արդեն փչացրել եմ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «մոռանում ես, որ ես մենակ ռեկտորին եմ ենթարկվում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Պիմենովը տասնմեկից շուտ չի գալիս», եւ ես ասացի՝ «էդ շատ լավ ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց էդ չի նշանակում, որ ես էլ պիտի տասնմեկին գնամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «տասին որ հասնեմ՝ շատ լավ ա», եւ ես ժամացույցին նայելով ասացի՝ «ահագին ժամանակ ունես», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ համար ահագին ժամանակ ունեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «աշխատանքի գնալու համար», եւ Նինան ասաց՝ «էդ տրոլեյբուսը քառասունհինգ րոպեում հազիվ ա տեղ հասնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ ինձ պիտի մի քիչ կարգի բերեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «տեսքդ շա՜տ լավ ա», եւ Նինան ժպտալով ասաց՝ «վերջապես խոսեցի՜ր», եւ ես ժամացույցին նայելով ասացի՝ «կես ժամից որ դուրս գաս՝ հանգիստ տեղ կհասնես», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ինձ համար շատ ես անհանգստանում» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «թքա՛ծ ունեմ էդ աշխատանքի վրա», եւ ես հարցրի՝ «աշխատանքիցդ դժգո՞հ ես», եւ Նինան նեղսրտելով ասաց՝ «քեզ թվում ա՝ ցմահ պիտի քարտուղարուհի՞ աշխատեմ», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչ պիտի աշխատես», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ էս անգամ էլ ասպիրանտուրայիս հարցը չլուծվեց, թքելու ու դուրս եմ գալու», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գծով ես ասպիրանտուրա սովորելու», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Սանյայի գծով», եւ ես հարցրի՝ «այսինքն», եւ Նինան ասաց՝ «այսինքն, ժամանակակից ռուս գրականության», եւ ես ժպտալով հարցրի՝ «ուզում ես դասախոս դառնա՞ս», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «Աստված որ կամենա՝ կդառնամ» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «առայժմ չի կամենում», եւ ես հարցրի՝ «ո՞նց չի կամենում», եւ Նինան հառաչելով ասաց՝ «անցյալ տարի Պիմենովը խոստացավ, բայց չարեց», եւ ես հարցրի՝ «ի՞նչ չարեց», եւ Նինան ասաց՝ «ասպիրանտական էդ տեղն ուրիշին տվեց», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ տվեց», եւ Նինան ասաց՝ «մի հատ կիսագրագետ լակոտի» եւ մի քիչ մտածեց ու սրտնեղած ավելացրեց՝ «վերեւներից զանգել՝ Պիմենովին պարտադրել էին», եւ ես ասացի՝ «էս անգամ հաստատ կստացվի», եւ Նինան թախծոտ ժպտալով ասաց՝ «հեշտ ես ասում», եւ ես հարցրի՝ «Պիմենովի հետ չես խոսե՞լ», եւ Նինան մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «վատ կանխազգացում ունեմ», եւ ես ասացի՝ «որ քեզ լավ տրամադրես՝ լավ կստացվի», եւ Նինան թախծոտ ժպտալով ասաց՝ «էդ տարբերակն անցյալ տարի փորձել եմ», եւ ես հարցրի՝ «էդ վատ կանխազգացումդ ինչի՞ց ա», եւ Նինան ասաց՝ «ասպիրանտուրայի թեմայով հենց խոսք եմ գցում, ծերուկն անմիջապես խոսակցությունը ցրում ա», եւ ես Նինային հուսադրելով ասացի՝ «էս անգամ հաստատ կստացվի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «տա Աստված», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ ասպիրանտուրայիդ հարցն ավելի շատ Պիմենովից ա կախված, քան՝ Աստծուց», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «բոլորս էլ Աստծո իշխանության ու տրամադրության տակ ենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ներառյալ Պիմենովը», եւ ես հարցրի՝ «բա խի՞ Աստված անցյալ տարի չի կամեցել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «երեւի մեղքերս շատ են», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ինձ էլ թվում էր՝ մենակ իմ հետ ես մեղք գործել», եւ Նինան ինձ համբուրելով ժպտաց ու ասաց՝ «քո մասին շա՜տ մեծ կարծիքի ես», եւ ես Նինային համբուրելով հարցրի՝ «ասպիրանտուրայիդ հարցը ե՞րբ վերջնական պարզ կդառնա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամենաուշը՝ մարտի վերջին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ էս անգամ էլ չստացվի՝ թքելու եմ գնամ Կլին», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ւր», եւ Նինան ասաց՝ «Կլինն իմ ծննդավայրն ա. մերձմոսկովյան փոքր քաղաք ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կգնամ՝ իմ սովորած դպրոցում դասատու կաշխատեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էնտեղ ինձ գրկաբաց կընդունեն. տնօրենն իմ տեղը միշտ պահում ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ տեղ», եւ Նինան ասաց՝ «առաջին տարին որ ինստիտուտ չընդունվեցի, մի տարի մեր Կլինի դպրոցում ջոկատավար աշխատեցի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ուսուցիչները որ հիվանդանում էին, իրենց փոխարինում էի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ընդ որում՝ անվճար», եւ ես հարցրի՝ «ո՞ր առարկաների դասատուներին էիր փոխարինում», եւ Նինան ասաց՝ «անխտիր բոլոր» եւ ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «ես դպրոցը գերազանց եմ ավարտել», եւ ես հարցրի՝ «ոսկե մեդալո՞վ», եւ Նինան ասաց՝ «տասը տարի միայն հինգեր եմ ստացել, բայց մեդալ չստացա, ավելի ճիշտ՝ չտվին» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «երեւի մեր էդ պուճուր քաղաքին մեդալ չէր հասնում», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, գերազանցիկի հետ եմ շփվում», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «էն էլ ո՜նց ես շփվում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ գործերս տվի էս ինստիտուտ, մյուս առարկաների դասատուները նեղացել էին, որ իրանց առարկաների գծով չեմ շարունակում», եւ ես հարցրի՝ «բա ոնց էղավ, որ առաջին տարին չընդունվեցիր», եւ Նինան հոգոց հանելով ասաց՝ «ընդամենը մի միավոր չհերիքեց» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինձ ամեն ինչ շատ մեծ դժվարությամբ ա հաջողվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հաջորդ տարի նորից գործերս էս ինստիտուտ տվի, որովհետեւ գրականություն շատ էի սիրում», եւ ես Նինային ասացի՝ «քեզ ամեն ինչ մեծ դժվարությամբ ա հաջողվում, բայց վերջում անպայման հաջողվում ա» եւ ժպտալով ավելացրի՝ «ընենց որ՝ ասպիրանտուրայիդ հարցը հաստատ կլուծվի», եւ Նինան հոգոց հանելով ասաց՝ «արդեն ներվերս չեն դիմանում», եւ ես հարցրի՝ «ինչի՞ն չեն դիմանում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «կյանքին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ էս անգամ էլ ասպիրանտուրայիս հարցը չլուծվի, թքելու եմ գնամ Կլին» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «կլին կլինըմ վիշիբայուտ», եւ ես ժպտալով հարցրի՝ «ինձ թողելու ես գնա՞ս», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մինչեւ էդ՝ արդեն դու ինձ թողած կըլնես», եւ ես հարցրի՝ «ինչի՞ ես էդպես կարծում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ամեն ինչ դրան ա գնում», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց», եւ Նինան ժպտալով ասաց՝ «որովհետեւ անհավասար պայմաններում ենք», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «ի՞նչ անհավասար պայմաններ», եւ Նինան բլուզը հագնելով ասաց՝ «ես մի գլուխ իմ կյանքն եմ պատմում, բայց քո մասին ոչ մի բան չգիտեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որովհետեւ շատ բովանդակալից կյանք ես ապրել» եւ մի քիչ էլ մտածեցի ու ծիծաղելով ավելացրի՝ «ընդամենը քսանչորս տարեկան ես, բայց շատ հարուստ կենսագրություն ունես», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ նրանից ա, որ շատ բերանբաց եմ» եւ շալվարը հագնելով ավելացրեց՝ «էս մայրաքաղաքում կենսագրությունս ավելի հարստացավ», եւ ես ժպտալով հարցրի՝ «էդ շալվա՞րը խի ես հագնում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «յուբկայից հետ եմ վարժվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Մոսկվան ինձ ահագին բան սովորեցրեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էսօր էլ ահագին բան սովորեցի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ սովորեցիր», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «սովորեցի, որ կարելի ա զրուցելով սեքս անել» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ընդ որում՝ միանգամայն կողմնակի բաների մասին զրուցելով», եւ ես հարցրի՝ «ի՞նչ կողմնակի բաներ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ամբողջ ժամանակ Սոկոլովից ու Սանյայից էինք խոսում», եւ ես հարցրի՝ «Սոկոլովն ու Սանյան կողմնակի բաներ ե՞ն», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «տվյալ դեպքում՝ այո», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց համաձայնվի, որ Սանյայի ու Սոկոլովի դեպքը բացառիկ ա», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «մեր դեպքն էլ պակաս բացառիկ չի», եւ ես ժպտալով ասացի՝ «մերն ամենաբացառիկն ա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «Սանյայով ու Սոկոլովով համեմված մեր սե՞քսը նկատի ունես», եւ ես ժպտալով հարցրի՝ «բայց շալվա՞րդ խի հագար», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «կարծեմ վերջին անգամ էլ էի շալվարս հագել, բայց դա մեզ բնավ չխանգարեց», եւ ես Նինային գրկելով ասացի՝ «մեզ ոչ մի բան չի կարա խանգարի», եւ Նինան գրկիցս դուրս պրծնելով ասաց՝ «ձերոնք արդեն գնացել են», եւ ես հարցրի՝ «էդ ի՞նչ ա նշանակում», եւ Նինան ժամացույցին նայելով ասաց՝ «էդ նշանակում ա, որ լվացվելուս ժամանակն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «լվացվելու մասին մոռացել էի», եւ Նինան սրբիչն ու օճառը վերցնելով հարցրեց՝ «զուգարանի մասին էլ ե՞ս մոռացել. էս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ զուգարան չենք գնացել» եւ ծիծաղելով ասաց՝ «մարդ ենք, չէ՞», եւ ես Նինային գրկելով ասացի՝ «դու հեչ սովորական մարդ չես», եւ Նինան գրկիցս պոկվելով ասաց՝ «նույնիսկ արտասովոր մարդիկ են երբեմն զուգարան գնում» ու էդ ասելով՝ Նինան դուռը բացեց ու դուրս թռավ, եւ ես միջանցքից ինչ-որ ձայներ լսելով՝ սկսեցի հագնվել, եւ երբ քիչ անց Նինան վերադարձավ ու ինձ հագնված տեսավ, շատ զարմացավ ու ծիծաղելով հարցրեց՝ «էս դու էլ հագնվեցի՞ր», եւ ես արդարանալով ասացի՝ «դրսից ձայներ լսեցի, մտածեցի՝ հանկարծ մարդ կմտնի», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «առանց իմ թույլտվության՝ մենակ դու իրավունք ունես էս սենյակ մտնես», եւ ես ժպտալով ասացի՝ «ես առանց քո թույլտվության էս սենյակ չեմ մտել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «գիշերվա կեսին որ գողեգող ծոցս սողոսկեցիր, ինձնից թույլտվություն հարցրի՞ր», եւ ես արդարանալով ասացի՝ «բանալին քո կամքով էիր տվել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «երբեմն ճիշտ բաներ ասում ես», եւ ես հարցրի՝ «ե՞րբ եմ սխալ բաներ ասել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «դու ե՞րբ ես խոսել, որ սխալ բան ասեիր», եւ ես ժպտալով ասացի՝ «բա նոր ասում էիր՝ շատ եմ խոսել», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ե՞րբ ես շատ խոսել», եւ ես ժպտալով ասացի՝ «սեքսի ժամանակ», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «սեքսի ժամանակ կողմնակի բաներից էիր խոսում», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ հետ էի խոսում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «բնականաբար, ինձ հետ», եւ ես հարցրի՝ «բա դո՞ւ ում հետ էիր խոսում», եւ Նինան ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «բնականաբար, քեզ հետ», եւ ես հարցրի՝ «ասում եմ՝ միջանցքում ո՞ւմ հետ էիր խոսում», եւ Նինան հարցրեց՝ «ե՞րբ», եւ ես ասացի՝ «մի քիչ առաջ», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «պարզվում ա՝ հեչ էլ վատ լսողություն չունես», եւ ես ասացի՝ «դուռը կիսաբաց էր՝ լսեցի», եւ Նինան ժպտալով ասաց՝ «որ լսեցիր, ո՞նց չիմացար՝ ում հետ եմ խոսում», եւ ես ասացի՝ «տղամարդու ձեն էր», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «կարող ա՞ խանդում ես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հուսով եմ՝ առիթ չես տա», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «սրանից լավ առի՞թ», եւ ես հարցրի՝ «բայց ո՞ւմ հետ էիր խոսում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ձեր կուրսի թաթար բիձուկն էր» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «անունն ինչ է՞ր», եւ ես ասացի՝ «Ռինատ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «Ռինատի հետ էի խոսում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ էր ասում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «կյանքն էր պատմում» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «փոխանակ դու կյանքդ պատմես, ինքն էր պատմում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ էր պատմում», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «խեղճը շատ ուժեղ մրսել ա. երեսունութ աստիճան տաքություն ունի», եւ ես հարցրի՝ «հետո՞», եւ Նինան ասաց՝ «դրա համար էլ դասի չի գնացել», եւ ես հարցրի՝ «բա քե՞զ խի էր էդ ամեն ինչն ասում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ձերոնք բոլորն էլ ինձ ամեն ինչ ասում են» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մենակ դու ոչ մի բան չես ասում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ չեմ ասում», եւ Նինան ծիծաղելով ասաց՝ «էս շորերդ ինչի՞ ափալթափալ հագար» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «շա՜տ տարօրինակ մարդ ես», եւ ես ժպտալով ասացի՝ «տարօրինակ մարդիկ էլ են երբեմն զուգարան գնում», եւ Նինան ասաց՝ «մի րոպե սպասի», եւ ես ժպտալով ասացի՝ «էլ չեմ դիմանում», եւ Նինան վազեց միջանցք, հետո վերադարձավ ու ասաց՝ «քանի ոչ ոք չկա՝ գնա», եւ ես գնացի, եւ երբ վերադարձա, Նինան հարցրեց՝ «մի հատ էլ սուրճ չդնե՞մ», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «էդ շորերե՞րդ խի ես հագել», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ես քեզնից շուտ էի հագնվել», եւ ես ժպտալով հարցրի՝ «հանելու միտք չունե՞ս», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «արդեն լրիվ կշտացած եմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «ինչի՞ց ես կշտացած», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «Սոկոլովի ու Սանյայի մասին խոսելուց», եւ ես ժպտալով հարցրի՝ «մի քիչ էլ չխոսե՞նք», եւ Նինան հարցրեց՝ «սուրճ չխմե՞նք», եւ ես ծիծաղելով ասացի՝ «խմենք ու խոսենք», եւ Նինան մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «որ մի քիչ էլ խոսենք, լրիվ հալից կընկնենք», եւ Նինան սուրճն ու շաքարավազը սրճեփի մեջ լցնելով հարցրեց՝ «որ մի բան խնդրեմ՝ կանե՞ս», եւ ես ժպտալով ասացի՝ «առանց խնդրելու էլ կանեմ», եւ Նինան թեյնիկն ինձ մեկնելով ասաց՝ «ջուր չունենք», եւ ես թեյնիկը վերցնելով ասացի՝ «հիմա կբերեմ», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «հո չե՞ս նեղանում, որ քեզ գործի եմ դնում», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ պիտի նեղանամ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «սովորաբար հյուրերին գործի չեն դնում», եւ ես ժպտալով ասացի՝ «ես ինձ էստեղ հյուր չեմ զգում», եւ Նինան ժպտալով ասաց՝ «զգաս-չզգաս՝ հյուր ես», եւ ես ժպտալով հարցրի՝ «բայց անկոչ հյուր չեմ, չէ՞», եւ Նինան ժպտալով ասաց՝ «Աստված չանի» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «անկոչ հյուրը թաթարից էլ ա վատ», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «Ռինատի՞ն նկատի ունես», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բոլորին նկատի ունեմ», եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «բացի հնդեվրոպացիներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել