Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍՐԱՅԵԼՆ ԷԼԻ ԳՆԴԱԿՈԾԵԼ Է ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾԸ

Մարտ 24,2010 00:00

Մարտի 22-ի՝ լույս 23-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Գազայի հատվածը: AFP-ն, վկայակոչելով պաղեստինցիներին, փոխանցում է, թե գնդակոծման արդյունքում չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մի կին, վիրավորվել են:

Իսրայելցիները հայտարարել են, թե ռազմաօդային ուժերի թիրախը Իսրայելի տարածքը գնդակոծելու նպատակով օգտագործվող «Կասսամ» հրթիռների արտադրամասն է եղել: Պաղեստինյան վարչակազմը, մինչդեռ, հայտարարել է, որ իսրայելցիները հրթիռակոծել են դատարկ շինությունը՝ վիրավորելով պատահական անցորդների: Հիշեցնենք, որ «Կասսամ» հրթիռներով իր տարածքի գնդակոծմանը վերջ տալու նպատակով Իսրայելը դեռ 2009թ. սկզբին Գազայի հատվածում «Ձուլված պղինձ» հատուկ ռազմական գործողություն էր իրականացրել, որի արդյունքում զոհվել էին մի քանի հարյուր պաղեստինցիներ եւ իսրայելցի 13 զինծառայող, բայց Իսրայելի տարածքի գնդակոծումը կասեցնել այդպես էլ չէր հաջողվել:

Ավելի վաղ, երկուշաբթի օրը, Գազայի հատվածի Կիսսուֆիմ հսկիչ-անցագրային կետում Իսրայելի զինվորականների եւ պաղեստինցիների միջեւ փոխհրաձգություն էր տեղի ունեցել, բայց դրա պատճառները երեկ էլ դեռ ճշտված չէին: Նույն օրը Գազայի հատվածի սահմանի մոտ իսրայելցի մի զինծառայող սպանվել էր յուրայինների կողմից, այն բանից հետո, երբ կասկածելի պաղեստինցիների հետապնդող իսրայելցի զինծառայողների երկու խումբ մթության մեջ թյուրիմացաբար կրակ էր բացել միմյանց ուղղությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել