Լրահոս
Օրվա լրահոսը

Գարունը նաեւ չարագործ է

Մարտ 27,2010 00:00

Սրտաբանը, ալերգոլոգը եւ թոքաբանը խորհուրդ են տալիս սիրահարվել, լողանալ եւ տաք հագնվել

«Մարտի առաջին կեսից առողջությունս կտրուկ վատանում է. սիրտս սկսում է անկանոն աշխատել, հաճախակի գլխացավեր եմ ունենում, դժվար եմ շնչում եւ այդ ամենը կապում եմ գարնան հետ»,- պատմում է 49-ամյա Վոլոդյա Զարգարյանը: Նա այն բազմաթիվ մարդկանցից է, որոնց առողջությունը կտրուկ անկում է ապրում գարնանը: Այդ ամիսներին գլուխ են բարձրացնում հատկապես սրտանոթային, ալերգիկ եւ թոքային հիվանդությունները:
Սրտաբան Մայիս Գրիգորյանը սրտանոթային հիվանդությունների սրացումը բացատրում է այսպես. «Սրտանոթային մի շարք իշեմիկ հիվանդությունների եւ հատկապես ինֆարկտների ու խրոնիկ սթրեսների սրացման հիմքում ընկած է եղանակի փոփոխությունը, արյան շրջանառության եւ նյութափոխանակության ակտիվացումը, այլ սննդակարգի անցնելը եւ այլն»: Սրտանոթային համակարգի հիվանդությունների սրացումը սրտաբանը կապում է նաեւ աշխատանքի սխալ ռեժիմի եւ սոցիալական ոչ բարվոք պայմանների հետ, որոնք էլ պարարտ հող են դառնում սթրեսների համար:
Ալերգիկ հիվանդություններից գարնանն ավելի շատ հանդիպում են պոլինոզները (հիվանդություն, որի պատճառը ծաղիկների փոշին է): Բնական է՝ ծաղիկներն ծաղկում են գարնանը, ուստի հիվանդությունն էլ գլուխ է բարձրացնում տարվա այդ եղանակին: Ըստ ալերգոլոգ Աննա Օհանյանի՝ այս հիվանդությունն արտահայտվում է հիմնականում երկու ձեւով. ռիմիտով (առատ քթարտադրություն եւ փռշտոցներ) եւ կոնյուկտիվիտով (աչքերն արցունքոտվում են, քոր են գալիս): Այսպիսի ախտանիշների դեպքում անպայման պետք է դիմել ալերգոլոգի, ոչ թե բուսաբույժի կամ ընտանեկան բժշկի: Հակառակ դեպքում այս ախտանիշներով արտահայտված պոլինոզը կարող է վերածվել բրոնխների ասթմայի: Գարնանը սրվում են նաեւ թոքային հիվանդությունները: Ըստ թոքաբան Լեւոն Կարապետյանի, դրանք նման են բուխարու մեջ հանգած կրակի, իսկ երբ քամին փչում է, կրակը նորից բոցավառվում է. «Հիվանդության սրման առաջին պատճառն այն է, որ երիտասարդությունը ճիշտ չի հագնվում՝ համապատասխան եղանակին: Ժամանակից շուտ «տկլորանում» են՝ մոռանալով, որ դեռ ամառ չի. օդն ու հողը սառն են: Դեռ չի վերացել հարբուխով եւ մրսածության այլ նշաններով ընթացող հիվանդություններով վարակվելու վտանգը»:
Հիվանդություններից խուսափելու համար բժիշկներից յուրաքանչյուրն առաջարկեց իր դեղատոմսը: Սրտաբանը հորդորեց լիաթոք ծիծաղել, սիրահարվել եւ հնարավորինս թեթեւ ապրել: Ալերգոլոգի խորհուրդն է՝ օրվա մեջ առնվազն 2 անգամ լողանալ: Թոքաբանի խորհուրդն էլ հնչեց այսպես. «Հագնվեք եւ հանվեք ճիշտ ժամանակին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել