Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հատուցման եւ չհատուցված գումարների համադրումը

Մարտ 30,2010 00:00

Հայաստանի բնակչության վերարտադրությունը 70-ական թվականների կեսերից ժողովրդագրական խոշոր փոփոխությունների է ենթարկվում, իսկ 80-ական թվականների վերջերից սկսած՝ բազմաթիվ գործոնների ազդեցության հետեւանքով դարձավ կրիտիկական՝ բնական աճ գոյություն չունի, մեխանիկական աճը հաճախ բացասական է կամ զրոյական։ Մի կողմ թողնելով Հայաստանի բնակչության վերարտադրության շատ ուշագրավ հարցեր՝ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեկ հանգամանքի վրա։
Վերջին տասնամյակների ընթացքում սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ այլ գործոնների ազդեցության ներքո Հայաստանի բնակչության մեծ մասը հայտնվեց այլ երկրներում՝ միայն 1,5 միլիոն՝ Ռուսաստանի Դաշնային Հանրապետությունում։
Հիմա արտագաղթած հայ ընտանիքում ծնված շատ արու զավակներ ցանկանում են Հայաստան վերադառնալ։ Մոտավոր հաշվարկներով, 25-30 հազար մարդ՝ միայն Ռուսաստանի Դաշնությունից։ Արի տես, որ դրան խոչընդոտում է հայ ընտանիքի արու զավակի՝ Հայաստանի Հանրապետության բանակում չծառայելու պատճառով սահմանված ֆինանսական հատուցման գումարը՝ յուրաքանչյուր զորակոչիկի համար՝ ամեն տարվա համար 200 հազար դրամ։ Ընդհանուրը՝ 1 միլիոն 800 հազար դրամ (9տարի՝ 18-27 տարեկան)։ Իսկ դրան պատրաստ չեն արտերկրներում հայտնված բոլոր հայ ընտանիքները, որոնց արու զավակները հայտնվել են այնտեղ գրեթե անչափահաս տարիքում կամ ծնվել են այնտեղ։
Ես կարծում եմ, որ միանգամայն արդարացի կլինի օրենքով պահանջվող այդ գումարի նվազեցումը՝ մինչեւ 1993թ. պետության կողմից չփոխհատուցված ավանդների գումարի չափով (ավանդի ինդեքսավորմամբ հանդերձ)։
Այդ կապակցությամբ կառավարության որոշմամբ եւ Կենտրոնական բանկի հատուկ ցուցումով թույլատրել նշված պետական պարտք համարվող ավանդատերերի «ավանդների» ապրանքայնացում։ Ձեռք բերված ավանդների նույնանման ինդեքսավորում։
Ճիշտ է, այս քայլը որոշակի հարված է մեր պաշտպանական բանակի պահպանության ֆինանսական դրությանը, բայց եռանդուն ու երիտասարդ 25 հազարից ավելի արու զավակների՝ հայրենիք վերադառնալը հեռահար առավել մեծ արդյունավետություն կարող է ապահովել։
Ժողովրդական իմաստնությունն ասում է «խեղդվողը անգամ ծղոտից է կառչում»։ Մեր բնակչության թվի նվազման աղետալի վիճակը այդ է պահանջում։ Պետությունը պետք է հատուցի իր պարտքը, իսկ հայ զավակը՝ իր պարտքը հայրենիքի նկատմամբ։ Իսկ եթե այդ երկու հատուցումները համադրվեն, կշահեն եւ հայրենիքը, եւ օտարությունից տուն վերադառնալու ցանկություն ունեցող հայ ընտանիքը, եւ հայորդիները: Այդ բոլորով հանդերձ, շեշտակի կբարձրանա պետության դերը, բանկային համակարգի  սասանված հեղինակությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել