Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղերի շուկան դժվար թե կարգավորվի

Մարտ 30,2010 00:00

Մեր պետությունն այսօր ի վիճակի չէ ամբողջությամբ կարգավորել դեղերի գները, պետք է սկսել հիմնական դեղերի ցանկից, որտեղ ընդգրկված է ավելի քան 300 դեղ, եթե այդքանը չբավարարի՝ գուցե եւ անհրաժեշտություն լինի ավելացնել հիմնական ցանկը: Երեկվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ նշելով, որ դեղերի շուկայում պարբերաբար արձանագրվող գնաճը, ժամկետանց վաճառքն ու որակը շարունակում են անլուծելի խնդիրներ մնալ. «Նախատեսում ենք դեղերի որակի ապահովմանն ուղղված օրենսդրական նոր նախագիծ, որը միտված է կարգավորելու դեղերի որակը, ժամկետները, գները»: Պարոն Բաբլոյանի խոսքով, նախատեսվող նոր օրենքն ավելի խիստ մեխանիզմներ է ներառելու. «Մենք պետք է հստակեցնենք ամբողջ կարգը, որը կբացառի անորակ կամ ժամկետանց դեղերի վաճառքը, միաժամանակ պետք է կարողանանք ցույց տալ, թե որ խախտման դեպքում ով եւ ինչքան վարչական տույժ պետք է սահմանի, կլինեն դեպքեր, երբ կնախատեսենք քրեական պատասխանատվություն»: Քաղաքացիների այն մտահոգությանը, թե ճգնաժամի հետեւանքով կամ պարբերաբար արձանագրվող գնաճի հետ նաեւ կթանկանան բուժծառայության գները, պարոն Բաբլոյանն ասաց. «Այս խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, պարբերաբար քննարկում ենք այդ հարցը, բայց պետք է նկատեմ, որ բժշկական ծառայությունների գների կարգավորման մեխանիզմները բավականին բարդ են եւ բազմակոմպոնենտ»: Բուժծառայությունների գները 2 անգամ բարձրանալու կանխատեսումներին էլ, պարոն Բաբլոյանը «օֆիցիալ» հայտարարեց, որ ինքը համաձայն չէ, որ գները բարձրանան, ապա՝ ավելացրեց. «Հայաստանում դեղերի գները շարունակում են մնալ օրինական եւ անօրինական, այսինքն օրինական գները հաստատված են ու բժշկական հաստատությունների պատերին փակցված, իսկ անօրինական գները այլ ճանապարհներով են հաստատվում եւ գումար կորզում քաղաքացիներից, իմ կարծիքով, պետությունը պետք է լրջորեն աշխատի այս խնդիրը լուծելու ուղղությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել