Լրահոս
Օրվա լրահոսը

Ընթացիկ ստուգումներ՝ Լոռիում

Մարտ 30,2010 00:00

Մանկավարժներն ու դպրոցականները գոհ են

\"\"

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) մարտի 23-26-ը Լոռիում անցկացրեց այս ուսումնական տարում երկրորդ ընթացիկ արտաքին գնահատումը 7-րդ, 8-րդ եւ 10-րդ դասարաններում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, օտար լեզու եւ բնագիտական առարկաներից:
Ի տարբերություն ամփոփիչ գնահատման (միասնական եւ պետական ավարտական քննություններ), որն ունի ամրագրող բնույթ, ընթացիկ գնահատումը հիմնականում ունի ուսուցողական բնույթ, հետեւաբար մեծ է արտաքին ընթացիկ գնահատման միջոցով կրթական գործընթացների վրա որոշակի ազդեցություն ունենալու հավանականությունը: Արտաքին գնահատման անցկացման նպատակն է պարզել դպրոցներում առկա իրավիճակը եւ հասարակության առջեւ հանրակրթության ոլորտը դարձնել թափանցիկ: Նախկինի պես՝ աշակերտների գիտելիքները չեն ստուգվում միայն ավարտական տարվա վերջում, նրանց կրթության մակարդակի վերաբերյալ տեղեկատվություն է ստացվում պարբերաբար, ինչն էլ թույլ է տալիս առավել ճկուն կերպով հայտնաբերել առկա խնդիրներն ու դրանց պատճառները եւ համապատասխան քայլեր ձեռնարկել:
Արտաքին ընթացիկ գնահատման նպատակներից է նաեւ այն, որ աշակերտները վարժվեն թեստային առաջադրանք կատարելու կարգին:
ԳԹԿ մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը տեղեկացրեց, որ մարտի 23-26-ը լոռեցի 958 7-րդ դասարանցիներ հայոց լեզու առարկայից մասնակցեցին արտաքին ընթացիկ գնահատման, 874  8-րդ դասարանցի՝ հայոց պատմությունից, 985 7-րդ դասարանցի՝ երկրաչափությունից, 874 8-րդցի՝ օտար լեզվից (անգլերեն եւ գերմաներեն), 1729 7-րդ դասարանցի՝ բնագիտությունից, 242 աշակերտ՝ քիմիա առարկայից, 263-ը՝ ֆիզիկա, 239՝ կենսաբանություն եւ 241-ը՝ աշխարհագրություն, 1031 10-րդցի՝ հանրահաշիվ եւ հայ գրականություն առարկաներից: «ԳԹԿ-ի գործունեությունը դպրոցի նորացման գործընթացում անուրանալի է: Բայց չպետք է մոռանալ, որ նորը պետք է ընկալվի ու նստվածք տա ոչ միայն աշակերտների, այլեւ ուսուցիչների մեջ: Այս արտաքին ընթացիկ գնահատումները բարձրացնում են եւ ուսուցիչների, եւ աշակերտների, եւ ողջ դպրոցի պատասխանատվությունը: Անցած ուսումնական տարում էլ մենք ԳԹԿ-ի թեստերով ընթացիկ գրավորներ ենք տվել տարբեր դասարաններում: Ուրախալի է, որ թեստերի առաջադրանքները կազմվել են՝ հիմնականում հաշվի առնելով դպրոցներում գործող դասագրքերը եւ ծրագրային պահանջները: Թեստերը միջին բարդության էին: Սա խոսում է այն մասին, որ ԳԹԿ-ի եւ դպրոցի միջեւ անջրպետ չկա»,- ասաց Օձունի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Սուրեն Ալավերդյանը:
Իրենց տպավորությունները կիսեցին նաեւ նույն դպրոցի փոխտնօրենը, մաթեմատիկայի ուսուցիչներ Ա. Տիտանյանն ու Է. Թամազյանը: «Մաթեմատիկայի թեստերն ամբողջովին կազմված էին դպրոցական դասագրքին եւ ծրագրին համապատասխան: Միջին բարդության էին, ինչի շնորհիվ հնարավոր է տարբերակել առաջադեմ, միջին կարողություններով եւ թույլ առաջադիմությամբ աշակերտներին: Ոչ մի դիտողություն չունենք: Միայն կարծում ենք, որ 7-րդ դասարանում 60 րոպեի փոխարեն պետք է հատկացնել 90 րոպե, քանի որ լուծում պահանջող խնդիրներ կային»,- փաստեց Է. Թամազյանը:
Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Հ. Ղուլիջանյանը եւս նշեց, որ հարցադրումները պարզ էին եւ հստակ: Դսեղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն, քիմիայի ուսուցչուհի Սարվինե Սահակյանն էլ հավելեց. «Քիմիայի թեստը համապատասխանում էր դպրոցական ծրագրին, այնպես էր կառուցված, որ դրական շեմը հաղթահարելի էր ու, միեւնույն ժամանակ, թեստը ստուգում էր աշակերտների համապարփակ գիտելիքները, առաջադրանքների ձեւակերպումները նույնիսկ համապատասխանում էին դասագրքի վերնագրերին եւ թեմաներին»:
Դսեղցի 7-րդ դասարանցի Վանյան Համլետը մեզ հետ զրույցում նշեց. «Ես որոշել եմ դառնալ նկարիչ, բայց դա չի նշանակում, թե դասերս պետք է աչքաթող անեմ: Նախքան ԳԹԿ ներկայացուցչի գալը, նախքան թեստերի բաժանումը՝ շատ էի անհանգստանում, սակայն այնպիսի ջերմությամբ մեզ բացատրվեց ձեւաթուղթ լրացնելու կարգը, առաջադրանքների տեսակները, այնպես հանգիստ անցավ ամեն ինչ, որ ուզում էլ էլի նման ստուգում անցկացվի, ինչ առարկայից էլ որ լինի»:
Իսկ 8-րդ դասարանցի Շիմիկ Ղազումյանը ասաց, որ չնայած թեստերում անծանոթ հարցեր չկային, ինքը բոլոր հարցերին չէ, որ պատասխանել է, մի փոքր խորհելուց հետո էլ խոստովանեց, որ պետք է լավ սովորել եւ լինել պարտաճանաչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել