Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԹՈՒՐԻՆ ՈՐԱԿԱԶՐԿԵՑԻՆ

Մարտ 30,2010 00:00

Անպարտելի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անվան դիմաց գրանցվեց մարզական կենսագրությունում առաջին պարտությունը:

\"\"

\"\"

Աշխարհի վեց լավագույն միջին քաշային բռնցքամարտիկների «Super Six» մրցաշարի երկրորդ հանդիպումում «Արքա Արթուրը» Չիկագոյում հանդիպեց ամերիկացի հեռանկարային բռնցքամարտիկ Անդրե Դիրրելին եւ 11-րդ ռաունդում նրան հասցրած արգելված հարվածի համար որակազրկվեց: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոնների համաձայն՝ հաղթանակը շնորհվեց Դիրրելին, առավել եւս, որ մինչ այդ պահը նա միավորներով՝ 97:92, 98:91, 97:92, հաղթում էր Արթուրին:
Աբրահամ-Դիրրել հանդիպման վրա, ինչպես ասում են, հենց սկզբից «նավս» կար: Նրանց դիմակայությունը մեկ անգամ հետաձգվեց Արթուրի հիվանդանալու պատճառով, այնուհետեւ մարտի 6-ին նշանակված հանդիպումը վերջին պահին երեք շաբաթ եւս տեղափոխվեց, որովհետեւ ամերիկացին էր մարզման ժամանակ մեջքը վնասել:
Դիրրելը, իրոք, արժանի հակառակորդ էր ու, ինչպես ցույց տվեց մարտի ընթացքը, գերազանց էր նախապատրաստվել մարտին: Սակայն հանգամանքների զարգացումները վկայում էին այն մասին, որ իրադարձությունները հայ բռնցքամարտիկի օգտին չէին ընթանում, որոնց մասին «Առավոտը» մանրամասն գրել է: Նախ, Աբրահամը ստիպված եղավ երեք շաբաթում չորս անգամ կտրել-անցնել Ատլանտյան օվկիանոսը: Եվ ժամանակային գոտիների տարբերությանը նրա օրգանիզմը չէր կարող պատշաճ չափով հարմարվել: Դա ակնհայտ երեւաց ռինգում Աբրահամի գործողություններում. նա անճանաչելիորեն դանդաղ էր աշխատում: Ապա Չիկագոյում, որտեղ բնակվում է Դիրրելը, մարզասերների հետ նախապատրաստական լավ աշխատանք էր տարվել: Եվ մարզադահլիճում տիրող թշնամական մթնոլորտը չէր կարող բացասական ազդեցություն չթողնել Արթուրի հոգեբանության վրա, ինչն էլ հատկապես մարտի առաջին հատվածում ապահովեց ամերիկացու առավելությունը: Եվ երրորդ. դեռ մարտից առաջ Աբրահամի պրոումոթերը անվստահություն էր հայտնել ռեֆերի Լոուրենս Քոուլին եւ կողային երկու մրցավարներին, որոնք նույնպես Չիկագոյից էին ու նախկինում անկանխակալությամբ այնքան էլ աչքի չէին ընկել: Հենց ռեֆերիի գործողությունների մասին Fightnews.ru-ի մասնագետները գրել են, որ նրա տրամադրվածությունը, մեղմ ասած, Արթուրի օգտին չէր: Նա հաճախակի էր միջամտում մարտին հենց այն ժամանակ, երբ Աբրահամը կրճատում էր Դիրրելին ձեռնտու հեռու մրցատարածությունը եւ զրկում գրոհը (երբեմն թեկուզ հապաղումներով) շարունակել եւ ավարտել:
Քոուլը «չէր նկատում» Դիրրելի՝ Աբրահամին գոտկատեղից ներքեւ հասցված հարվածները: Ավելին, նրանք, ովքեր դիտել են մարտը, անկասկած տեսան, որ այդ հարվածներից մեկի ժամանակ, երբ Աբրահամը շրջվեց, Դիրրելը հարձակվեց թիկունքից: Լավ էր, որ հայ բռնցքամարտիկը հասցրեց խուսանավել հուժկու հարվածից: Իսկ ռեֆերիի պրոֆեսիոնալ բարձր մակարդակով կատարած դերակատարությունը պարզորոշ երեւաց 10-րդ ռաունդում: Նա չարձանագրեց ամերիկացու բացահայտ նոկդաունը, երբ վերջինս Աբրահամի դիպուկ հարվածից հետո տապալվեց ռինգի հատակին: Ասում են, թե, ըստ ռեֆերիի, հարվածի պահին Աբրահամը կանգնել է մրցակցի ոտքին ու այդ պատճառով է ընկել: Սակայն այդ պահի տեսագրությունը խմբագրությունում մի քանի անգամ դիտել ենք ու համոզվել, որ հարյուր տոկոսանոց նոկդաուն էր, եւ Քոուլը պարտավոր էր բացել հաշիվը:
Ինչ վերաբերում է Դիրրելին ընկած ժամանակ դիտավորյալ հարվածելուն, այն էլ մրցավարի «stop» հրահանգից հետո, որի համար Աբրահամը որակազրկվեց, ասենք, որ միջադեպը, իրոք, անցանկալի էր: Սակայն տեսագրությունը կրկին դիտելով, համենայնդեպս՝ մենք, եկել ենք այն եզրակացության, որ Արթուրի կողմից կանխամտածված ոչինչ չկար: Իսկ մրցավարի հրահանգը համընկավ այդ չարաբաստիկ հարվածի սկզբին՝ թեեւ գուցե, իրոք, հնարավոր էր կանգ առնել: Նրանք, ովքեր մտածում են, թե Աբրահամը չարանենգորեն է դրան գնացել, հիշեցնենք, որ Արթուրն ինքն է բազմիցս նման բաների զոհ դարձել: Օրինակ, տխրահռչակ Էդիսոն Միրանդայից: Ավելին, նա նման դեպքերում իրեն որպես իսկական ասպետ դրսեւորել  է անգամ ծագումով թուրք Մահիր Օրալի հետ մենամարտում, երբ տեսնելով, որ մրցակիցն անզոր է դիմադրել, հենց մարտի ժամանակ նրա թիմին հասկացրեց, որ ռինգ սրբիչ նետելու ժամանակն է, այլապես…
Սկանդալով ավարտված Աբրահամ-Դիրրել մարտի արձագանքները նոր թափ են հավաքում: Կարծիքները հակասական են:
Գերրի Շոու: Անդրե Դիրրելի պրոումոթերը մարտի ավարտից հետո լրատվամիջոցներին հայտարարել է, թե Արթուրը դիտավորյալ է իր հովանավորյալին ընկած տեղը հարվածել: «Դիրրելը ավելի արագ էր, հզոր: Նա Աբրահամին բռնցքամարտի իսկական դաս տվեց»:
Միանգամայն հակառակ կարծիքի է Աբրահամի պրոումոթեր Վիլֆրեդ Զաուերլանդը: «Աբրահամը, եթե 11-րդ ռաունդում չորակազրկվեր, Դիրրելին նոկաուտ էր անելու: Դանդաղ սկզբից հետո իմ հովանավորյալն սկսել էր նրան ծանր հարվածներ հասցնել: Կասկած չկա, որ Դիրրելը 12-րդ ռաունդի ավարտը չէր տեսնելու: Մենք ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել ենք  մարտի տեսագրությունը: Դիրրելն օգտվեց մարտը գեղազարդելու իրեն ընձեռված միակ հնարավորությունից: Եվ հատկապես այն բանից հետո, երբ Աբրահամը սկսել էր ճնշել նրան: Տեսագրությունում հստակ երեւում է, որ նա ընկավ եւ Աբրահամը գրոհի թեժ պահին չէր կարող դա նկատել, հասկանալ եւ շարունակում էր գրոհը: Սակայն, պարզվում է, որ Դիրրելը նաեւ հիանալի դերասան է, որի համար նրան կարելի է «Օսկար» մրցանակի արժանացնել: Այդուհանդերձ, ուրախ ենք, որ բժշկական հետազոտությունը ցույց տվեց, որ նրա մոտ ամեն բան կարգին է: Ճիշտն ասած, մենք ուրիշ ոչ մի «ախտորոշում» չէինք էլ սպասում»:
Ավելացնենք, որ մարտից մի քանի ժամ հետո «Sauerland» պրոումոթերական ընկերությունը պատրաստվում էր պաշտոնապես բողոքարկել Աբրահամին որակազրկելու եւ պարտություն գրանցելու վճիռը:
Մարտին ներկա գտնված «Super Six»-ի մասնակից Ալան Գրինը մարտից հետո հայտարարել է. «Կարծում եմ, որ Դիրրելն այդ հարվածն ստանալուց հետո միանգամայն ի վիճակի էր օգտվել նման դեպքերում ընձեռվող հինգ րոպեանոց դադարից եւ շարունակել պայքարը: Եվ հետաքրքիր կլիներ տեսնել, թե վերջին չորս րոպեներին դեպքերն ինչպես էին զարգանալու: Բայց այդ ժամանակ իրավիճակը Դիրրելի համար նպաստավոր չէր ընթանում: Առաջին ակնթարթին նա անշարժ պառկել էր ու սարսափելի ոչինչ չկար: Հետո սկսեց ցնցվել, իսկ ուշքի գալուց հետո ասում էր, թե նոկաուտում է եղել ու ոչինչ չի հիշում: Եթե չես հիշում, թե ինչ է հետդ կատարվել, որտեղի՞ց գիտես, որ նոկաուտում ես եղել: Ավելին, եթե հարվածից հետո սկսում ես ցնցումներ ապրել, ուրեմն քեզ հետ սարսափելի ինչ-որ բան է կատարվում: Իսկ հիվանդանոցում պետք է առնվազն մի քանի օր անցկացնես: Իսկ այս դեպքում նա կարճ ժամանակ անց ուշքի եկավ եւ սկսեց ռինգում ման գալ: Մարտի ընթացքում Դիրրելն անհամեմատ ծանր հարվածներ էլ էր ստանում, թեեւ պետք է խոստովանել, որ վերջինից նա ցնցվել էր: Նա հաղթում էր, եւ ես նրան էի երկրպագում: Բայց կուզեի տեսնել այդ ամենի վերջը»:
Գրինը նաեւ համաձայն չէ ռեֆերիի՝ Դիրրելին նոկդաուն չգրանցելու հետ: «Երբ մարզիկն ընկնում է, իսկ այս դեպքում հաստատ Աբրահամի հարվածից, դա նոկդաուն է: Դրանից հետո նա ոտքի կանգնեց եւ արդեն սկսեց նոր հարվածներ ստանալ»:
Իսկ Գրինի պրոումոթեր Լու ԴիԲելլան ավելացրել է. «Եթե Դիրրելը ձեւացնում էր, դա իմ երբեւէ տեսած դերասանական վարպետության բարձրագույն դրսեւորումն էր: Եթե Աբրահամը այդ «վրիպումը» թույլ չտար, հաղթելու մեծ հավանականություն կունենար»:

Արթուր Աբրահամ. «Ես նրա աչքերին էի նայում»
Որակազրկվելուց անմիջապես հետո Արթուր Աբրահամը մեկնաբանել է ռինգում տեղի ունեցածը: «Ինձ չպետք է որակազրկեին: Այդ պահին ես մրցակցիս աչքերին էի նայում եւ ոչ թե ոտքերին: Եթե դու պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ ես, մրցակցիդ նոկաուտի ենթարկելու պահ ես փնտրում եւ ոչ թե սպասում ես, որպեսզի նա ուշքի գա: Բայց, այդուհանդերձ, հուսով եմ, որ Դիրրելի համար ամեն բան նորմալ կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել