Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՆՈՋ ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՉԷ

Մարտ 30,2010 00:00

Կուսաթաղանթի վերականգնման տեսակները

Հայկական ավանդական ընտանիք հարս գնալու համար պետք է աղջիկն անպայման կույս լինի, թե չէ՝ տվյալ ընտանիքում տույժերի ու նվաստացումների կենթարկվի ամուսնու եւ սկեսրոջ կողմից: Սակայն նշենք, որ սեռական կյանքով ապրող յուրաքանչյուր կին, շնորհիվ մերօրյա զարգացած պլաստիկ վիրաբուժության, կարող է կրկին կույս դառնալ եւ առանց որեւէ խոչընդոտի հայկական խիստ ավանդական ընտանիք հարս գնալ: Իսկ կուսությունը վերականգնելու համար տվյալ կնոջից կպահանջվի վճարել նվազագույնը 30 հազար դրամ: Կախված վիրահատական նյութերի որակից եւ բժշկի աշխատանքից՝ կուսաթաղանթի վերականգնման գները հասնում են 100 հազար դրամի:
Ընդհանրապես կուսաթաղանթի վերականգնման են դիմում նրանք, ովքեր վախենում են ապագա ամուսնու հետ խնդիրներ ունենալուց, վախենում են, որ նա կասի, թե կինը եղել է շատ  տղամարդկանց հետ եւ այդ հիմքով նրան անընդհատ կվիրավորի ու, ի վերջո, իրենց տուն հարս չի տանի, այնինչ՝ ֆիզիոլոգիապես կանանց մի մասն ի ծնե կարող է կուսաթաղանթ չունենալ կամ ունենալու դեպքում էլ սեռական հարաբերությունից հետո այն կարող է չպատռվել: Ինչ վերաբերում է ամուսնական առաջին գիշերը  սավանի վրա կուսաթաղանթի պատռման հետեւանքով առաջացած արյան առկայությանը, ապա նշենք, որ աղջիկների 30%-ի մոտ արյուն չի լինում կամ էլ այնքան քիչ է լինում, որ չի հասնում սավանին: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում պատմեց մանկաբարձ-գինեկոլոգ Լիդիա Գուլիյանը: Նրա խոսքերով, կուսաթաղանթի վերականգնման 2 ձեւ կա՝ ժամանակավոր եւ երկարատեւ. «Երկու դեպքում էլ այդ աշխատանքը պետք է կատարվի վիրահատարանում, քանի որ դա, այնուամենայնիվ, վիրահատություն է։ Ժամանակավոր վերականգնման դեպքում կնոջ սեռական օրգանի մուտքի մոտ հալվող կարեր են դրվում, որը ամուսնու համար կնոջ կուսության զգացողությունն է ապահովում: Այդ մեթոդով վերականգնված կուսաթաղանթը ամենաշատը մնում է 7 օր։ Այս ձեւը շատ տարածված է հատկապես կովկասյան մուսուլմանական երկրներում։ Կա նաեւ նույնանման, սակայն ավելի բարձրակարգ նյութերով եւ մեթոդներով պլաստիկ վիրահատություն, որից հետո վերականգնված կուսաթաղանթը ժամկետ չունի. այն կպատռվի, երբ կինը ցանկանա կրկին սեռական հարաբերություն ունենալ: Այսպիսի վիրահատություններ անում են նաեւ զարգացած երկրներում: Եթե այս մեթոդները կիրառվեն բարձրակարգ պլաստիկ վիաբույժի կողմից, որեւէ տղամարդ չի կարող իմանալ, որ կնոջ կուսաթաղանթը արհեստական է, եթե, իհարկե, նա մանկաբարձ-գինեկոլոգ չէ ու հիվանդանոցային պայմաններում՝ լույսի տակ չի ուսումնասիրում կնոջը»: Բացի այս մեթոդներից, տիկին Գուլիյանն ասաց, որ գոյություն ունի եւս մեկ մեթոդ, որն էլ հիմնականում արվում է տրանսսեքսուալների մոտ. «Հատուկ նյութեր են օգտագործում՝ վերցվում են ուղիղ աղիքից կամ այլ տեղից եւ դրանով իսկ ստեղծում բնականից ոչ մի բանով չտարբերվող կուսաթաղանթ, սա շատ բարդ վիրահատություն է, ու հիմնականում կիրառվում է միայն տրանսսեքսուալների համար, երբ նրանք փոխում են իրենց սեռը ու ցանկություն հայտնում կուսաթաղանթ էլ ունենալ»:
Բժիշկը նաեւ նշեց, որ նախկինում եւս տարածված են եղել կուսաթաղանթի վերականգնման տարբեր մեթոդներ. «Օրինակ, Հին Եգիպտոսում կանայք իրենց սեռական օրգանների մեջ աղավնու արյունով լցված գնդեր էին տեղադրում: Դա անում էին հիմնականում մարմնավաճառները՝ հաճախորդներին ապացուցելու համար, որ իրենք կույս են ու այդպիսով մեծ գումար պոկում նրանցից: Դրանք ժողովրդական սովորություններ են, որոնք որեւէ կապ չունեն բժշկական ձեւերի հետ»։
Լ. Գուլիյանից հետաքրքրվեցինք, թե արժե՞  նման վիրահատությունների գնալ. «Ես կարծում եմ, որ կինը պետք է ռեալ մտածի, մինչեւ այդ քայլին գնալը։ Երբ կինը կարծում է, որ գտել է իր միակին, սակայն այդ տղամարդն ապուշ է ու չի հասկանա նրան, եւ եթե դա է միակ ձեւը, որ նրանք միասին լինեն, ապա չի կարելի կնոջը մեղադրել նման վիրահատություն անելու համար: Իսկ ընդհանրապես, ես ցանկանում եմ, որ մեր հասարակության սահմանափակ հայացքները մի քիչ փոխվեն այդ առումով, քանի որ կինը նույնպես պետք է սեռական կյանքով ապրի, իսկ մեր հասարակությունը համարում է, որ դա կեղտ է եւ անեծք, ինչն էլ որեւէ կերպ չի հիմնավորվում ու արդարացվում։ Ասեմ, որ շատ երիտասարդներ արդեն ուշադրություն չեն դարձնում կուսությանը, որովհետեւ թաղանթի վերականգնումը դժվար գործ չէ։ Նշեմ նաեւ, որ կուսաթաղանթը ոչ մի կարեւոր գործառույթ չի իրականացնում կանանց օրգանիզմի համար: Մինչեւ հիմա մասնագետներն ուսումնասիրություններ են անում հասկանալու համար՝ այն ինչու է անհրաժեշտ կանանց։ Միակ պատասխանը, որ կա, այն է, որ կուսաթաղանթն ինչ-որ չափով պաշտպանում է կնոջ սեռական օրգանները արտաքին վատ ներգործություններից։ Սակայն հնարավոր է՝ կուսության դեպքում էլ աղջիկը վարակվի սեռավարակներով եւ կուսաթաղանթը որեւէ պաշտպանիչ դեր չխաղա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել