Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՌ ԳՈՒՅՆԻ ԵՎ ԱՌԱՆՑ ԱՂԲԻ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐ

Մարտ 31,2010 00:00

Հայ ուսանողներն ու աշակերտները նման պայմաններում են ուզում պարապել

«Այբ» կրթական հիմնադրամը շարունակում է «Հայկական դպրոց» թեմայով բաց քննարկումները: Երեկվա հանդիպումը ավագ դպրոցի աշակերտների եւ ուսանողների հետ էր, մասնակիցների մեծ մասը օլիմպիադաներում ակտիվորեն հանդես եկածներն են: «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը «Առավոտին» ասաց, որ հանրային քննարկումների շարքից հետո որոշակի դասեր կքաղվեն, եւ այս տարվա հունիսին կլինի ամփոփիչ կոնֆերանս: «Դպրոցը պետք է լինի տեղ, որտեղ երեխան սովորում եւ սովորեցնում է, այդ պրոցեսը չի կարող զանգով սկսվել ու ավարտվել: Երեխաներն էլ իրարից սովորելու շատ բան ունեն: Կարեւոր է խմբակների, ակումբների աշխատանքը: Այդտեղ կարեւորվում է նաեւ ծնողների դերը, ովքեր այսօր մասնակից չեն դպրոցական կյանքին»,- նշեց պարոն Սահակյանը:

Ինչպիսի՞ն են տեսնում աշակերտներն ու ուսանողները դպրոցը դասերից հետո, աշակերտի դերը եւ «ձայնը» դպրոցի կառավարման գործում, դպրոցի ֆիզիկական միջավայրը, դասապրոցեսն ու դպրոցական ներկայիս ծրագրերում չընդգրկված առարկաները: Այս հարցերի մասին «Առավոտը» զրուցեց քննարկման մասնակիցներից մի քանիսի հետ:

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Հրանտ Ղարիբյանն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից (MIT) հրավեր է ստացել, այդ համալսարանի կողմից նաեւ կրթաթոշակ է ստանալու եւ սեպտեմբերից 1 տարով սովորելու է MIT-ում: Հրանտն ունի 21-րդ դարի դպրոցի իր պատկերացումը: Նրա խոսքով՝ հայաստանյան դպրոցներում, ի տարբերություն արտասահմանյանի, համապատասխան ուշադրություն չի դարձվում հմտությունների կիրառմանը. «Դպրոցն առաջին հերթին պետք է լինի վայր, որտեղ երեխան ձեռք կբերի գիտելիքներ եւ կսովորի կիրառել ստացածը: Այդ հմտությունները պետք է ունենան նաեւ ուսուցիչները, մեզ մոտ շատ դասախոսներ, ուսուցիչներ գիտելիքներ ունեն, բայց չեն կարողանում լիարժեք փոխանցել: Այստեղ հստակ քայլեր պետք է լինեն, մինչդեռ մեր երկրում այս իմաստով դեռեւս խառնաշփոթ վիճակ է»: Կրթության բնագավառում հաջորդ խնդիրը, ըստ Հրանտի, այն է, որ երեխաների մոտ, ցածր տարիքից սկսած, պետք է հետաքրքրությունները ձեւավորվեն, լինեն համապատասխան վայրեր, որտեղ նույն հետաքրքրություն ունեցողները շփվեն միմյանց հետ: Նա նշում է, որ ինքն այդ հնարավորությունն ունեցել է, երբ 6-րդ դասարանից փոխել է դպրոցը. «Դասերից հետո գնում էի ֆիզիկայի, աստղագիտության խմբակների, որոնք հետագա կարիերայի առումով մեծ ազդեցություն ունեցան, իսկ մնացած դպրոցներում այդ հնարավորությունը չկա»: Ըստ Հրանտի՝ նույն խնդիրն ինքն ունի նաեւ համալսարանում. «Ուշադրություն չկա նաեւ սպորտային ու այլ բնագավառներում: Եթե գաք մեր համալսարանի մարզադահլիճ, կտեսնեք, որ այդ հնարավորությունները, համապատասխան միջավայրը, պայմանները չկան: Մարզադահլիճ մտնում ես, պարապելդ չի գալիս»:

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանը կարծում է, որ հայ երեխաները ոչ միայն տաղանդավոր են, այլեւ նախաձեռնող ու իրենց երկրի ապագայով մտահոգ: Նրա խոսքով՝ «Դասապրոցեսը վերածվել է գիտելիքի մեխանիկական կուտակման պրոցեսի, եւ տեսանելի չէ, թե կիրառելիությունը որն է: Այսօր դպրոցում անկենդան, անօգուտ գիտելիք են տալիս, դպրոցը վերածվել է սթրեսի «կենտրոնի»: Այսպես շարունակվելու դեպքում շատ կրթօջախներ կփակվեն, մինչդեռ կարեւոր է, որ երեխաները խանդավառված լինեն»:

«Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Հայկ Տեփանյանը գտնում է, որ Երեւանում քիչ են այն դպրոցները, որտեղ արտադասարանական պարապմունքներ են անցկացվում: Նրան չի գոհացնում նաեւ այսօրվա դպրոցների ֆիզիկական միջավայրը. «Կուզեի, որ սենյակները լինեին ավելի բարեկարգ, գույները՝ տրամադրող»: Նույն կրթօջախի սովորող Վահագն Թամազյանն էլ մտածում է, որ դասասենյակների պատերը պիտի լինեն վառ գույներով ներկված, մինչդեռ, նրա խոսքով. «Այսօր դպրոցներում դասասենյակները վատն են, աղբով լցված: Իսկ եթե կողքիս աղբ է թափված, ես չեմ կարող կենտրոնանալ ու սովորել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել