Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՄՈՐԸ՝ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ

Ապրիլ 01,2010 00:00

Իսկ ծիծաղը լիցքաթափում է մարդուն

2006 թվականին ՀՀ կառավարությունը ապրիլի 1-ը, որը ժողովրդի մեջ տարածված էր իբրեւ ստելու օր, պետականորեն հռչակեց Երգիծանքի եւ հումորի օր:
Ծիծաղել սիրում են շատերը, սակայն ծիծաղեցնել՝ ոչ բոլորին է հաջողվում: «Կյանքում ամենաբարդ բանը մարդուն ծիծաղեցնելն է»,- մի անգամ երեւանյան հյուրախաղերի ժամանակ ասաց ռուս հայտնի երգիծաբան Գենադի Խազանովը:
Ըստ բժիշկների՝ ծիծաղը երկարացնում է կյանքը: Հոգեբաններն էլ գտնում են, որ կատակելու, ամեն ինչին հումորով մոտենալու ունակություն ունեն ոչ բոլորը: Նրանց կարծիքով, կատակասեր եւ հաճախակի հումոր անող մարդիկ էությամբ բարի անձնավորություններ են:
Հոգեբան Դիաննա Սարգսյանի խոսքով՝ հումորը, կատակը, ծիծաղը թեթեւ ապրելակերպի հիմքն են: Նա գտնում է, որ առանց դրանց կյանքը կդառնա անբովանդակ, որի արդյունքում կզրկվենք բոլոր գույներից, երանգներից, դրական էմոցիաներից, որոնք մեզ հաղորդում է հումորը:
Հումորը էմոցիաների արտահայտման մի ձեւ է. հոգեբանի փոխանցմամբ, այն հոգեբանական պաշտպանական մեխանիզմ է. «Հումորը պաշպանիչ հանգամանք ունի, հատկապես կյանքի այն իրավիճակներում, երբ մարդը փորձում է իր ղեկավարության տակ առնել իրավիճակը: Երբ իրավիճակը վերածում ենք հումորի, դրանով հարթում ենք մեզ վնասող սուր, կոնֆլիկտային կողմերը, որոնք կարող են իրավիճակը հսկողությունից դուրս հանել: Այն դառը ճշմարտությունը, տհաճ իրավիճակը, երբ արդեն զգում ենք, որ իրականություն է եւ մերժելի, դա վեր ենք ածում հումորի եւ սկսում դրան այլ երանգ տալ»:
Հոգեբանի մեկնաբանմամբ, ծիծաղ մարդու մոտ առաջանում է ամեն պարագայում, անգամ ամենաանհարմար իրավիճակում, երբ թվում է՝ ծիծաղելու առիթ չկա: Հաճախ կլսենք, օրինակ՝ թաղման ժամանակ ինչ-որ մեկի հիստերիկ ծիծաղն է բռնել: Ըստ Դ. Սարգսյանի՝ դա հիստերիա չէ, ոչ էլ հատուկ մտածված ծաղրանք. «Հոգեբանության մեջ հումորն ունի թերապեւտիկ նշանակություն: Կյանքի ծանր պայմաններում, տրամադրության ամենածանր վիճակում, անգամ դժբախտ պատահարների եւ պատերազմների ժամանակ, այսինքն՝ էքստրեմալ վիճակներում մարդու մոտ միշտ առաջանում է մի կոմպենսատոր գաղափար՝ հումոր: Այսինքն՝ այդ պահին մի կոմպենսացիա է գալիս քո մեջ, որ դու փորձում ես պաշտպանվել իրավիճակից: Այն դառնում է լավատեսության նշույլ: Ասում են՝ չէ՞, հիստերիկ ծիծաղ բռնեց. այդ հիստերիկ ծիծաղը գալիս է մեր ենթագիտակցությունից: Հումորը, ծիծաղը այն լավատեսությունն է, հույսը ապագայի նկատմամբ, որն օգնում է մարդուն իրավիճակից դուրս գալ»:
Նա նաեւ հավելում է, որ կյանքի յուրաքանչյուր պարագայում ծիծաղը հոգեբանական պաշտպանական մեխանիզմ է, որն անգիտակցական մղումներից դուրս է գալիս՝ կյանքի կոչման, ապրելու հույսով, բնազդով:
Արեւելյան որոշ երկրներում կա մի սովորություն՝ մարդիկ հավաքվում են իրար շուրջ եւ սկսում անդադար ծիծաղել «վարակիչ» ծիծաղով: Սա պահանջված պրոցես է այդ երկրներում եւ ավանդական բնույթ է կրում:
Հոգեբանը, վերլուծելով այդ երեւույթը, ասաց, որ երկար ծիծաղը լիցքաթափում է մարդուն՝ ստիպում է ծիծաղի ընթացքում տեսնել կադրեր կյանքից, որն էլ առաջացնում է ռեֆլեկտոր ծիծաղ. «Հենց այնպես չէ, որ ասում են՝ ծիծաղը գեղեցկացնում է մարդուն, թոթափում է մկանների լարվածությունը, այնպես որ, պետք է շատ ծիծաղել, լիաթոք, ալիքային, մարմնային ցնցումներով, որովհետեւ այն հանում է քո մեջ կուտակված բոլոր բացասական էներգիաները»:
Այնուամենայնիվ, հոգեբանը նշում է, որ կյանքում ամեն ինչ չափ եւ սահման ունի. «Սուր, կծու, մարդուն վիրավորելու նպատակ ունեցող, ցինիզմի հասնող հումորը փիլիսոփայական, խորքային գաղափար ունի եւ դրա առատությունը, այսինքն՝ սահմանների անցումը կարող է մարդու համար ճակատագրական լինել: Այս սահմանը մասնավորապես վիրավորում է այն մարդկանց, ովքեր զուրկ են հումորի ընկալումից: Իսկապես, նմանատիպ մարդիկ կան, որ ունակ չեն ոչ կատակելու, ոչ կատակ ընկալելու: Այս մարդիկ իրենց սեփական անձի հետ խնդիրներ ունեցող անձնավորություններ են, որոնք ամեն ինչի տակ քծնանք կամ վիրավորանք են փնտրում: Հոգեբանության մեջ ընդունված է համարել, որ նման մարդիկ, ովքեր հումորով չեն կամ այնքան էլ չեն ընդունում կատակով ասված խոսքը, չոր մարդիկ են, եւ նրանք դառն իրականությունն են գերագնահատում»:

Հ. Գ. Ասում են՝ նույնիսկ շատ տխուր ժամանակ պետք է ծիծաղել, որովհետեւ չգիտես, թե այդ պահին ով կարող է պատահաբար սիրահարվել քեզ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել