Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՏԵՍՆԵԼ, ՔԱՆ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԼՍԵԼ

Ապրիլ 28,2010 00:00

\"\"Թոշակառուն առաջարկում է Կարմիր բլուրում ստեղծել Հայաստանի մանրակերտ քարտեզը

«Առավոտի» ընթերցող, ներկայումս թոշակառու Պետրոս Բաբայանը երկար տարիներ աշխատել է Երեւանի տարբեր գործարաններում՝ որպես փականագործ-գործիքագործ, խառատ-ներտաշող: Ասում է՝ հարուստ փորձն ու վառ երեւակայությունը կարող են օգտակար լինել մի հետաքրքիր մտահղացում իրականացնելու համար. «Այն կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել եւ՛ զբոսաշրջության, եւ՛ ուսուցման բնագավառում, նաեւ մի շարք գիտությունների ներկայացուցիչների համար:

Առաջարկս կարող է հետաքրքրել երկրաբաններին, պատմաբաններին, ճարտարապետներին, ուսուցիչներին, զինվորականներին, աշակերտներին, աշխարհագետներին, ուսանողներին եւ, վերջապես, ժողովրդին։ Առաջարկում եմ՝ Կարմիր բլուրի շրջակայքում առանձնացնել մի հեկտար տարածք եւ այնտեղ ստեղծել Հայաստանի մանրակերտ քարտեզը (հնարավոր է՝ նաեւ ընդգրկել ամբողջ պատմական Հայաստանի տարածքը)՝ իր լանդշաֆտով. լեռներով, գետերով, լճերով, անտառներով, ճանապարհներով, բնակավայրերով, եկեղեցիներով, պատմաճարտարապետական եւ այլ տեսարժան վայրերով: Առաջարկում եմ՝ մանրակերտի վրա կառուցել դիտահարթակ՝ վերեւից մանրամասն ուսումնասիրելու համար։ Մեր երկիրը հարուստ է բազալտով, օբսիդիանով եւ այլ բնական քարերով, որոնք կարելի է օգտագործել շինարարության մեջ։ Այս առաջարկի իրականացման հետեւանքով կբարեկարգվի եւ կմաքրվի Կարմիր բլուրի տարածքը, կստեղծվեն նոր աշխատատեղեր, եւ կլինի միակ՝ իր նմանը չունեցող կառույց։ Հուսամ՝ առաջարկս կարժանանա մասնագետների, գիտնականների եւ ժողովրդի դատին եւ քննարկմանը։

Ի դեպ, այն մի քանի տարի առաջ արժանացել է դրական գնահատականի, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով ընթացք չի տրվել»:

(Նկատենք, որ աշխարհում կա՛ն նմանատիպ կառույցներ: Օրինակ, Ստոկհոլմում է գտնվում աշխարհի ամենահին թանգարանը՝ բաց երկնքի տակ՝ Սկանսենը, որտեղ ի մի են բերված Շվեդիայի բոլոր հետաքրքիր կառույցների, տիպական շինությունների մանրակերտերը, Շվեդիային բնորոշ ֆլորայի ու ֆաունայի նմուշներ: Եվ Սկանսենը տեսնել են շտապում Շվեդիայի գրեթե բոլոր հյուրերը):

Ժամանակին Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության պաշտոնական հանձնաժողովը առաջարկը համարել է հետաքրքիր ու շատ կարեւոր: Այս տարվա մարտի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը ողջունել է Պետրոս Բաբայանի նախաձեռնությունը, պատրաստակամություն հայտնել՝ իր իրավասության սահմաններում համագործակցել եւ աջակցել: Նա նաեւ առաջարկել է համագործակցել մասնավոր հատվածի հետ:

Ինչ վերաբերում է մշակույթի նախարարությանը, մարտի 3-ի նամակով հայտնել են. «Կարմիր բլուր» հնավայրի տարածքը դասվում է հատուկ պահպանվող տարածքների պատմական ու մշակութային հողերի կատեգորիային, ինչը նշանակում է՝ հողատարածքից չի թույլատրվում առանձնացնել ոչ մի հա հող եւ արգելվում է դրանց նպատակային ու գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել