Լրահոս
Օրվա լրահոսը

Խաբելով ման են գալիս

Մայիս 01,2010 00:00

Աշխատանքի տեղավորման մի շարք գործակալություններ բացահայտ խաբեությամբ են զբաղվում

«Գործատուները աշխատակից ընտրելիս հաշվի չեն առնում անհատի մասնագիտական գիտելիքները կամ մարդկային արժանիքները, փաստորեն՝ աշխատակցին ընտրում են ոչ թե որպես անհատ, այլ որպես ստրուկ»,- երեկ նման կարծիք հայտնեց «40 պլյուս» հ/կ նախագահ Սեդա Մալերյանը: Հենց նրա նախաձեռնությամբ հ/կ-ն նախորդ տարվա հունիսից ուսումնասիրում է աշխատանքի տեղավորման ոչ լիցենզավորված գործակալությունների աշխատանքը: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց, որ «սնկի պես աճող» աշխատանքի տեղավորման գործակալություններից խաբված քաղաքացիների թիվը գնալով մեծանում է. «Հարցված 3 քաղաքացուց մեկը խաբված է»: Ըստ նրա, Հայաստանում գործող մոտ 40 գործակալությունից իրենց ուսումնասիրության կենտրոնում են հայտնվել 25-ը. «Երեւի 2-3 գործակալություն կա, որոնց աշխատանքը համեմատած մյուսներին, կարելի է նորմալ գնահատել, մի քիչ բարեխիղճ են աշխատում»:
Տիկին Մալերյանը վերջին 1 տարում հասցրել է պարզել, թե գործակալությունները հիմնականում խաբեության ինչ հնարքներ են օգտագործում. «Առաջարկում են աշխատանք, որն իրականում գոյություն չունի: Առաջնահերթ քաղաքացիներից վերցնում են 2-3 հազար դրամ, այնուհետեւ ուղղորդում են հարցազրույցի մասնակցելու, քաղաքացին գնում է նրանց տված հասցեով, որտեղ նրան տեղեկացնում են, թե սխալ հասցեով է եկել»: Տիկին Մալերյանը նշեց այլ դեպքեր եւս. «Օրինակ, հեռուստաընկերություններով գովազդում են մասնագիտական աշխատանք ու պահանջում բարձրագույն կրթությամբ մասնագետներ, սակայն արդեն հարցազրույցի ժամանակ քաղաքացին պարզում է, որ խոսքը, օրինակ, մենեջերի աշխատանքի մասին էր»: Տիկին Մալերյանը նշեց, որ ուսումնասիրության ողջ ընթացքում արձանագրել են, թե գործակալությունները իրենց անուններով չեն ներկայանում կամ սովորաբար սխալ անուններ են ասում, նա նաեւ նկատեց, որ գործակալություններն իրենց խաբեությունը քողարկելու նպատակով ամիսը մեկ հասցեն փոխում են կամ էլ կարճատեւ աշխատանքից հետո դադարեցնում են գործունեությունը. «Խաբող գործակալություններից նշեմ, եթե, իհարկե, նրանք ճիշտ են ասել անվանումները, օրինակ՝ Շանս, Արդվին, իսկ ավելի կոնկրետ՝ Ուրարտու համալսարանի 4-րդ հարկում կա, նաեւ «Աճառյան» համալսարանի 5-րդ հարկում, բայց հնարավոր է վաղը չգտնեք այս թվարկածներիցս եւ ոչ մեկին, ինչպես սովորաբար պատահում է»: Որ ուսումնասիրությունը օբյեկտիվ լինի, տիկին Մալերյանն ու հ/կ-ի այլ աշխատակիցներ իրենք են այցելում գործակալություններ եւ ներկայանում որպես աշխատանք փնտրող. «Մի գործակալություն այցելեցի, որտեղից ինձ ուղարկեցին Արշակունյաց 9 հասցեում գտնվող կադրային կենտրոն՝ հարցազրույցի մասնակցելու, դուռը երբ բացեցի, տեսնեիք՝ ոնց զարմացան, իմ ներկայությամբ զանգեցին, թե՝ ասում եք երիտասարդ աղջիկ եք ուղարկում, ուղարկել եք 50 տարեկան կի՞ն»: Տիկին Մալերյանի պատմելով, ավելի ուշ նրան նույն այդ կենտրոնում պատմել են. «Հոգնել ենք այդ գործակալությանը «պադերժկա» անելուց ու նրանց ստերը ծածկելուց»:
Հ/կ-ի նախագահը մեկ այլ դեպք էլ ներկայացրեց. «Վերջերս «SAS» սուպերմարկետում աշխատանքի համար մոտ 100 երիտասարդ բարետես աղջիկներ էին հավաքվել, էդ խեղճերը թուքները կոկորդում ժամերով սպասեցին, մեկ էլ մի ինչ-որ աշխատակից սենյակից դուրս եկավ ու մատը տնկեց՝ դու, դու, դու մնացեք, մյուսներդ գնացեք, մի հատ չհարցրեց, ով եք, ինչ մասնագիտություն ունեք, կամ գոնե քաղաքավարի կերպով ասեին՝ շնորհակալ ենք, որ եկաք»:
Խաբեության ճկուն հնարքներով գործակալություններին չեն զիջում նաեւ գործատուները: «Սովորաբար վերցնում են փորձաշրջան անցնելու պայմանով, ընդ որում՝ անորոշ ժամանակով, հետո սկսում են ձգձգել, այսօր-վաղը իբրեւ թե կընդունեն, ավելի ուշ չեն ընդունում եւ հարկ չեն համարում ասել պատճառը, կարեւորը՝ ձրի աշխատեցրին եւս մեկին»,- ասաց Ս. Մալերյանը: Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի իրավաբան Միքայել Փիլիպոսյանի խոսքերով էլ. «ՀՀ քաղաքացիներն իրենց աշխատանքային իրավունքներին ծանոթ չեն եւ չեն կարողանում իրենց իրավունքները պաշտպանել»:
Բոլոր փաստերը հ/կ-ն կուղարկի ոստիկանություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել