Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում «բլոգերների» հետ

Մայիս 05,2010 00:00 Share

Վերջին շրջանում հաճախակի են  դարձել կրթական հիմնախնդիրներին վերաբերող քննարկումները՝ ինտերնետային սոցիալական-տեղեկատվական ցանցերում, որն էլ առիթ էր հանդիսացել, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը օրերս հանդիպի նրանց հետ: Ըստ edu.am-ի, հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է եղել «Լեզվի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությանը: Մասնակիցները մտավախություն արտահայտեցին, թե չի՞ կարող, արդյոք, կրկնվել այն իրավիճակը, ինչն առկա էր ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում: Ա. Աշոտյանը նշեց, որ անկախության առաջին տարիներին կատարված այդ քայլը խիստ անհրաժեշտ ու կարեւորված էր, սակայն այսօր այլ է իրավիճակը: Ինչպես հանրապետությունում, այնպես էլ Սփյուռքում կան մարդիկ, ովքեր հսկայական գումարներ են վճարում, որպեսզի իրենց երեխաները կրթություն ստանան արտասահմանում՝ միջազգային հեղինակավոր դպրոցներում: «Ինչու Հայաստանում չեն կարող լինել նման դպրոցներ, առավել եւս, որ դրանք արդեն կան տարածաշրջանում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում»,- նշել է նախարարը եւ հավելել, որ նման դպրոցները զանգվածային չեն կարող լինել, եւ դրանցից յուրաքանչյուրի ստեղծման համար ՀՀ կառավարությունն առանձին որոշում պետք է կայացնի: Հաջորդ խնդիրը, որը բարձրացրել են մասնակիցները, վերաբերում էր հատուկ դպրոցներին: Նախարարը նշեց, որ ձեւավորվել է քաղաքացիական վերահսկողության խորհուրդ, որն իրավասու է մոնիտորինգ իրականացնել այդ դպրոցներում եւ աջակցել նախարարությանը՝ բացահայտված խնդիրների լուծման գործընթացում:
Մասնակիցներին հետաքրքրում էր նաեւ օրերս նախարար Արմեն Աշոտյանի՝ Վրաստան կատարած այցելության հետ կապված մանրամասները, որոնք բուռն քննարկման նյութ էին դարձել հատկապես ինտերնետային սոցիալական ցանցերում: Նախարարը նշեց, որ մինչ այցելությունը՝ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ջավախահայ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, ջավախահայության հիմնախնդիրներով զբաղվող պատգամավորների հետ: «Ես բարձրացրել եմ ջավախահայության իրավունքների հետ կապված հարցեր, որովհետեւ վրացերենին չտիրապետելու պատճառով նրանք այդ հնարավորությունները չեն ունեցել: Սա է պատճառը, որ ես իմ վրաց գործընկերների ուշադրությունը հրավիրել եմ հայկական դպրոցներում հատկապես վրացերենի դասավանդման խիստ ցածր մակարդակի վրա, եւ իրենք կիսել են այդ մտահոգությունը եւ խոստացել ավելի ուշադիր լինել մանկավարժական կադրերի գործուղման հարցում»,- նշել է Ա. Աշոտյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել