Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգի առաջնորդը կարգավիճա՞կ է

Մայիս 06,2010 00:00

Ղազախստանի խորհրդարանի՝ Մեջլիսի պատգամավորները հանդես են եկել հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին ազգի առաջնորդի կարգավիճակ շնորհելու օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում են օրինագիծը քննարկել մոտակա օրերին:
Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», օրինագծով փոփոխություններ եւ լրացումներ են նախատեսվում երկրի առանձին սահմանադրական օրենքներում, որոնք վերաբերում են մասնավորապես նաեւ հանրապետության առաջին նախագահի գործունեության ապահովման ոլորտին: Օրինագծի հեղինակ պատգամավորներից մեկը, մեկնաբանելով սույն նախաձեռնությունը, պարզաբանել է, թե երկրի առաջին նախագահի՝ որպես ազգի առաջնորդի, կարգավիճակը նախատեսվում է ամրագրել սահմանադրական օրենքի մակարդակով, իսկ ազգի առաջնորդի կարգավիճակը թույլ կտա երաշխավորել «զարգացման ղազախստանյան հատուկ ուղու անսասանությունը»:
Օրինագծի հեղինակների ասելով, անհրաժեշտ է հստակորեն կանոնակարգել ազգի առաջնորդի սահմանադրական լիազորությունները, նաեւ նախատեսել երաշխիքներ՝ նրա գործունեության ապահովման համար, մինչդեռ «Ղազախստանի առաջին նախագահի մասին» գործող օրենքը ամբողջությամբ չէ, որ «լուսաբանում է պետության ղեկավարի՝ որպես պետականության հիմնադրի, դերակատարությունը»: Իսկ ահա առաջարկվող օրինագծով նախատեսվում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղվածության վերաբերյալ նախաձեռնությունների մշակումը անպայմանորեն համաձայնեցնել ազգի առաջնորդի հետ: Բացի այդ, ազգի առաջնորդին որեւէ պարագայում չի կարելի ենթարկել քրեական եւ վարչական պատասխանատվության այն գործողությունների համար, որոնք իրականացվել են նրա՝ նախագահի լիազորությունների ժամանակահատվածի ընթացքում: Առաջարկվում է նաեւ անձեռնմխելիության երաշխիքները տարածել նաեւ առաջին նախագահի եւ նրա հետ համատեղ ապրող ընտանիքի անդամների ունեցվածքի վրա:
Չորեքշաբթի օրը Ղազախստանի խորհրդարանը որոշում է ընդունել հիշյալ օրինագիծը վերջնական տեսքի բերել մինչեւ հունիսի 25-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել