Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՆԵՍՈՒԵԼԱԿԱՆ ՆԱՎԹԸ ՄՏԱՎ ԲԵԼԱՌՈՒՍ

Մայիս 06,2010 00:00

Վենեսուելայի եւ Բելառուսի նախագահների միջեւ ավելի վաղ ձեռք բերված համաձայնության շրջանակներում Վենեսուելայից 117 ցիստեռն՝ ընդհանուր տարողությամբ մոտ 10 հազար տոննա, նավթ երեկ հասել է Օդեսայի նավահանգիստ: Նավթ տեղափոխող բեռնանավը Վենեսուելայից դեպի Բելառուս ուղեւորվել էր դեռ ապրիլի 2-ին: Ստացված բեռներն արդեն տեղափոխվել են Մոզիրի նավթավերամշակման գործարան: Newsru.com-ի մատուցմամբ, սպասվում է, որ վենեսուելական նավթը Բելառուս կտեղափոխվի ընդհանուր առմամբ մոտ 20 համակազմերով, իսկ գործարան կտեղափոխվի օրական երկուական համակազմ: Վենեսուելական նավթի փորձանմուշ հանդիսացող նավթի ծավալը կազմելու է 80 հազար տոննա, որը նախ՝ պահեստավորվելու է, ապա՝ 30-40 հազար տոննայի հասնելու պարագայում ենթարկվելու է վերամշակման:
Կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնագրով, Վենեսուելան պարտավորվել է Բելառուսին մատակարարել բարձրորակ «Սանտա-Բարբարա» մակնիշի նավթ, որն իր բաղադրությամբ եւ որակով գերազանցում է ռուսական «Urals»-ին, ուստիեւ՝ դրա վերամշակումը պետք է որ առանձնակի դժվարություններ չհարուցի:
Բելառուսի կառավարության ղեկավար Սերգեյ Սիդորսկին տեղեկացրել է, որ մատակարարվող վենեսուելական նավթի ծավալները 2010թ.-ին կարող են կազմել 4 մլն տոննա, իսկ մեկ տարի անց՝ այն կարող է հասնել 10 մլն-ի: Բելառուսի իշխանությունները ծրագրում են վերամշակված նավթն արտահանել Ուկրաինայի տարածքով, ինչի շուրջ Բելառուսն ու Ուկրաինան արդեն միջկառավարական համապատասխան համաձայնագրեր են պատրաստել, իսկ Լիտվան կողմերին առաջարկել է օգտվել Կլայպեդա նավահանգստի ծառայություններից: Բելառուսի իշխանությունների կարծիքով՝ նախագիծը ֆինանսական առումով արդարացված կարող է լինել, բայց դրա վերաբերյալ ավելի հստակ պատասխան կարող է տրվել միայն մայիսի կեսերին, երբ վենեսուելական նավթի առաջին խմբաքանակն ամբողջությամբ մտնի նավթավերամշակման գործարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել