Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈՒՅԶԵՐՍ ՎՈԿԱԼԻՑՍ ՀԶՈՐ ԵՆ»

Մայիս 06,2010 00:00

Երգահան Մարինե Ալեսը՝ բարեգործական համերգով

\"\"
Ջիվան Գասպարյանն ու Մարինե Ալեսը

Մայիսի 7-ին Ազգային օպերային թատրոնում տեղի կունենա «Մարինե Ալես եւ ընկերներ» խորագրով բարեգործական համերգը, որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի հիվանդ երեխաներին: Երեկ այդ առթիվ ասուլիս էին հրավիրել նախագծի մասնակիցները՝ երգահան Մարինե Ալեսը, երաժիշտ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, ջազ-երգչուհի Մարիամ Մեհրաբովան, պրոդյուսեր Թովմաս Մարտիրոսյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը: Մարինե Ալեսը համերգով նախեւառաջ համախմբվելու կոչ է անում՝ հիվանդ երեխաներին փրկելու համար: Ասում է՝ նրանց թվում կարող են լինել ապագա սարյաններ ու խաչատրյաններ կամ էլ օլիմիպական չեմպիոններ:
Հայազգի Մարիամ Մեհրաբովան 7 տարեկանում է հեռացել Հայաստանից, բայց հաճախ է այցելում Երեւան: Առաջիկա երեւանյան համերգին Մեհրաբովան կատարելու է Ալեսի «Ամռան կերպարը» ստեղծագործությունը, որի մասին այսպես է արտահայտվում. «Այն լսելով՝ հասկանում ես, որ կյանքը հիասքանչ է, եւ կարող է հեշտությամբ տրամադրություն բարձրացնել»:
Նախագծի նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռ նախորդ տարվա մարտից, երբ թողարկվել էր Մարինե Ալեսի 5-րդ ձայնասկավառակը՝ «Ոտաբոբիկ՝ երկնքով»: Մարինեն 5 տասնյակից ավելի երգերի հեղինակ է, իսկ վերջին ձայնասկավառակում ընդգրկված են նրա 12 ստեղծագործությունները: Երգահանի ամենից սիրելի երգերից է «Բարդիները»՝ Էմմա Պետրոսյանի եւ «Միակ քաղաքը»՝ Ռադիկ Գաբրիելյանի կատարմամբ: Դրանք եւ հեղինակի մյուս ստեղծագործությունները համերգի օրը հնչելու են Էռնա Յուզբաշյանի, Լիլիթ Պիպոյանի, Սարգիս Մանուկյանի եւ այլոց կատարմամբ: «Ձերդ մեծություն իմ մենակություն» երգն էլ Արա Թորոսյանի՝ Մուրզիկի գործիքավորմամբ Մարինե Ալեսն ինքն է երգելու:
Ինչո՞ւ հեղինակն ընդհանրապես չի կատարում իր երգերը: Այս հարցին Մարինեն պատասխանում է. «Առաջին հերթին չունեմ պրոֆեսիոնալ վոկալ կրթություն եւ բավարար չեն ձայնային դիապազոնս ու համապատասխան շնորհքս: Հույզերս վոկալ հնարավորություններից ավելի շատ են, դրա համար երգերս մեծ հաճույքով տալիս եմ նրանց, ովքեր կարող են ինձանից լավ կատարել: Եվ հետո, համերգը պետք է լինի կենդանի, եթե պետք է դուրս գամ ֆոնոգրամայով խաբեմ, իմաստը կորչում է: Իմ կատարմամբ այդ երգում կտեսնեք տեսահոլովակներիցս դրվագներ, որոնք Նարինե Մալյանը եւ նրա դուստր Տաթեւիկ Մելքումյանն են պատրաստել: Այդտեղ կարտահայտեմ միայնության գաղափարը, որը կլսվի բառերով եւ տեսանելի կլինի կադրերով»: Ինչ վերաբերում է հեղինակային իրավունքներին, երգահանը նշում է, որ ինքն իր երկրում այդ առումով պաշտպանված չէ, բայց գտնում է, որ շատ բաներ արդեն փոխվում են. «Մեր երկրում թերի բաներ կան, որոնց ընտելանալու համար ժամանակ է պետք: Լինի հեղինակային իրավունք, թե այլ օրենք, պետք է հարգենք, այս ամենն իրար շաղկապված են»:
Երաժիշտ Ա. Բաբախանյանը գտնում է. «Դասական, թե էստրադային, երաժշտությունը պետք է լինի միայն որակյալ եւ ազնիվ: Այս երկու հանգամանքները ես գտել եմ Մարինե Ալեսի երաժշտության մեջ: Մեր էստրադային երաժշտության մեջ կորել է բառի իմաստը, եւ շատ հաճախ խոսքը ոչ թե օգնում է երգին, այլ՝ խանգարում: Մարինեի գործերում երաժշտությունը եւ բառերը բարձր մակարդակի վրա են ու միմյանց լրացնում են»:
Համերգը վարելու են հայերեն եւ ռուսերեն: Ներկաներին էլ տրամադրվելու է Մարինե Ալեսի նոր ձայնասկավառակը եւ բանաստեղծությունների «Բեկորներ» ժողովածուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել