Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրզադյանը կմեծարվի

Մայիս 06,2010 00:00

«ՀայART» մշակութային կենտրոնում մայիսի 6-ին կկայանա ակադեմիկոս, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, նկարիչ եւ գրող Գրիգոր Գուրզադյանին նվիրված երեկո. առաջին անգամ կցուցադրվի Ռիտա Շառոյանի «Տիեզերքը ափի մեջ» փաստագրական ֆիլմը՝ ներկայացնելով մեծ գիտնականի, փիլիսոփայի, գրողի, նկարչի մտածողության եւ էության բազմաշերտ աշխարհը: Այս ամենն իրենց յուրովի դրսեւորումն են գտել նաեւ Գուրզադյանի նկարչության մեջ: Այդ երեկո ներկայացվելու է Գուրզադյան-նկարչի շուրջ 60 ստեղծագործություն, գրող Գուրզադյանի գեղագիտական-փիլիսոփայական աշխարհին այցելուները հաղորդակից կլինեն ներկայացվող գրքերով. «Տիեզերքը ափի մեջ», «Մի սիրո պատմություն», «Կոսմիկական կատաստրոֆա», «Խոհեր… Խոհեր», «Որդիս Արարատի գագաթին» եւ այլն: «ՀայART» մշակութային կենտրոնի տնօրեն, ֆիլմի հեղինակ Ռիտա Շառոյանի հավաստմամբ. «Ֆիլմը ստեղծվել է Գուրզադյանի հետ տարբեր տարիների հանդիպումներից, հարցազրույցներից եւ նկարահանումներից պահպանված արխիվային նյութերի հիման վրա: Այդ հանդիպումները, զրույցները, բանավեճերը անջնջելի են եւ շատ ուսանելի, որոնք եւ փորձել եմ ֆիլմի միջոցով դարձնել բոլորինը: Գուրզադյանը ոչ միայն ապրում էր Գառնիի լեռների ու բնության մեջ, այլեւ դարձել էր դրանցից անբաժան մի մասնիկ եւ ձուլվել բնությանը՝ հայացքը դեպի տիեզերական անհունություն»:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել