Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշտենցը՝ գրողի եւ մարդու կերպար

Մայիս 26,2010 00:00

Ականավոր գրող Խաչիկ Դաշտենցի 100-ամյակի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնել է վավերագրական ֆիլմի նկարահանում: Երեկ «Ուրբաթ» ակումբում այս մասին հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Կարո Վարդանյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը եւ Դաշտենցի թոռնուհին՝ Անուշ Դաշտենցը:

Ֆիլմի սցենարի հեղինակը գրողի թոռնուհին է, ռեժիսորը՝ Տարոն Ղափլանյանը:

Դավիթ Գասպարյանի խոսքով՝ «Խաչիկ Դաշտենցն այն անունն է, որը պետք է պահենք որպես գրողի կերպար, բարոյական մարդու, ազգային մտածողությունը կրող մարդու կերպար: Նա ազգային գրականության երակի շարունակողը դարձավ… Դաշտենցը հրաշալի թարգմանիչ էր, ոչ բոլորը կհանդգնեին Շեքսպիր թարգմանել: Իսկ իր պես ոչ ոք դեռ չի թարգմանել»:

Ըստ Կ. Վարդանյանի՝ «Դաշտենցի ստեղծագործությունը բազմաբեւեռ է՝ սկսած անգլիագիր հեղինակների թարգմանություններից մինչեւ վեպեր, պատմվածքներ: Եթե նայենք բոլոր այն օտար հեղինակներին, որոնց Խաչիկ Դաշտենցը հայերեն է «խոսեցրել», կնկատենք, որ բոլորն էլ հայ իրականության, գրականության եւ մշակույթի վրա դրական հետք թողածներ են: Օրինակ, հենց՝ Շեքսպիրը: Մասնավորապես մեծ ուշադրության է արժանի Դաշտենցի հրապուրանքը Բայրոնով, որի հետքը մեր գրականության վրա առանցքային է: Հետադարձ հայացք նետելով Դաշտենցի գրական կյանքին՝ տեսնում ենք, որ նա դուրս մնաց գրականագիտական հոլովույթից, բայց տարօրինակ ձեւով լավ էր նրա «դուրս մնալը»: Դաշտենցն այն բացառություններից էր, որ զերծ մնաց գրականության մեջ առկա հողմապտույտից՝ գիտակցելով շնորհը, որ նախախնամությունը արել էր իրեն ու կատարեց առավելագույնը՝ արդարացնելու համար իրեն տրվածը՝ թարգմանելով շեքսպիրյան 19 պիեսները: Մինչ օրս այդ պիեսները չեն իջնում հայկական բեմերից: Նրա Շեքսպիրը հրաշալի լեզվով է ներկայացվում…»: Կ. Վարդանյանը նաեւ նկատեց. «Շեքսպիր թարգմանելիս նա առաջնորդվում էր ոչ թե այն սկզբունքով, որ ընթերցողի համար է, այլ մշտապես ուներ այդ գիտակցությունը, որ դա խաղացվելու էր բեմում: Այդ էր պատճառը, որ յուրաքանչյուր պիես նրանից խլում էր մեկ տարի եւ ավելի ժամանակ»:

Դաշտենցի թոռնուհի Անուշ Դաշտենցն էլ շեշտեց, որ պապիկին լավ չի հիշում, այդ ժամանակ շատ փոքր է եղել. «Ասում են՝ նա խիստ հայր չի եղել, բայց շատ խիստ է եղել հայրենասիրությանը վերաբերող հարցերի հանդեպ՝ նա ստիպել է իր երեխաներին՝ Սասունցի Դավիթ էպոսը անգիր սովորել սկզբից մինչեւ վերջ»:

Բացի ֆիլմից, նախատեսվում է նաեւ Դաշտենցի «Ռանչպարների կանչի» վերահրատարակությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել