Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ՄՐՑՈՒՅԹԸ՝ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ

Հունիս 03,2010 00:00

Մեկնաբանում է մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սարաջյանը

\"\"

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հունիսի 6-ին կկայանա Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման արարողությունը: Հենց հունիսի 6-ին է ծնվել հանճարեղ կոմպոզիտորը:
Առաջին անգամ 2003թ. կոմպոզիտորի հոբելյանի՝ 100-ամյակի շրջանակներում սկիզբ դրված մրցույթը, որը յուրաքանչյուր տարի, բացառությամբ 2009թ., անցկացվեց առանձին-առանձին՝ դաշնակահարների, ջութակահարների եւ թավջութակահարների միջեւ, այս տարվանից կմեկնարկի նոր ձեւաչափով:
«Առավոտը» հանդիպեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի հետ, որը հանդիսանում է մրցույթի գեղարվեստական ղեկավարը:
Պարոն Սարաջյանը փաստեց, որ Խաչատրյանի երկերը՝ բալետները, սիմֆոնիաները, դաշնամուրի, ջութակի, թավջութակի կոնցերտներն ու կոնցերտ-ռապսոդիաները հայ երաժշտության հիշյալ ժանրերի առաջնեկներն են, ու խթանել են մեզանում դրանց զարգացմանը: Ս. Սարաջյանը ուրախ է, որ մրցույթին արձագանքում է միջազգային երաժշտական աշխարհը. «Այս տարի մասնակցելու հայտ է ներկայացրել 59 մասնակից՝ 21 երկրից, այդ թվում՝ եվրոպական երկրներից (Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա եւ այլն), ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Կորեայից, Չինաստանից, Ավստրալիայից…, մի խոսքով՝ 30 ջութակահար եւ 29 թավջութակահար: Մրցութային երեք փուլերը կանցկացվեն Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, մրցանակաբաշխությունն ու գալա համերգը՝ հունիսի 14-ին, «Խաչատրյան» համերգասրահում: Դափնեկիրները երրորդ փուլում (հունիսի 12-ին՝ «Ա. Խաչատրյան» համերգասրահում) եւ գալա համերգում հանդես կգան Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ»: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ ովքե՞ր են ղեկավարելու ջութակահարների եւ թավջութակահարների մրցույթի ժյուրին եւ ովքեր են ընդգրկված: «Ջութակահարների մրցույթը կգնահատեն 6 ճանաչված արվեստագետներ՝ Կարեն Հարությունյանը (Բելգիա), Զախար Բրոնը (Գերմանիա), Սերգեյ Կրավչենկոն (Ռուսաստան), Իգոր Պետրուշեւսկին (Մեծ Բրիտանիա) եւ Էդուարդ Թադեւոսյանը, թավջութակահարներինը՝ Մեդեա Աբրահամյանը, Կարինե Գեորգիանը (Մեծ Բրիտանիա), Ֆիլիպ Մյուլլերը (Ֆրանսիա), Ստեֆան Պոպովը (Բուլղարիա), Վահրամ Սարաջյանը (ԱՄՆ) եւ Էդուարդո Վալենգուելան (Ֆրանսիա): Ինչ վերաբերում է ժյուրիի նախագահներին, ապա, մինչ մրցույթը, անդամներն իրենք են ընտրելու իրենց գլխավորին: Ունենք նաեւ պատվավոր հյուրեր՝ աշխարհահռչակ արվեստագետներ Լյուսի Իշխանյան (ԱՄՆ), Ժան Դիլսեր (Բելգիա), Ինո Միրկովիչ (Խորվաթիա), Էլժբիետա Պենդերեցկի (Լեհաստան) եւ այլք: Իր մասնակցությամբ մրցույթը կպատվի նաեւ կոմպոզիտորի որդին՝ Կարեն Խաչատուրյանը»,- հայտնեց պրոֆեսորը:
Դիտարկմանը՝ մեծանուն կոմպոզիտորի անունը կրող մրցույթում գուցե հետագայում «մրցեն» նաեւ կոմպոզիտորները, Ս. Սարաջյանն ասաց, որ 2011-ին էլ մրցույթը կանցկացվի դաշնակահարների եւ կոմպոզիտորների միջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել