Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցավարների 12 կոպիտ սխալները՝ ՀԱՀ-ում

Հունիս 23,2010 00:00

Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում սկանդալների պակաս չկա

\"\"

Ամենահետաքրքիրն այն է, որ գրանցված այդ սկանդալների հեղինակներն ու գլխավոր գործող անձինք միայն ֆուտբոլիստները չեն: Արտասահմանյան լրատվամիջոցներն արդեն հասցրել են արձանագրել եւ դասդասել խմբային մրցաշարի երկու առաջին տուրերում մրցավարների թույլ տված կոպիտ սխալները, որոնք արդեն իսկ ազդել են հանդիպումների արդյունքի վրա կամ դրանց հետեւանքները կարող են ճակատագրական լինել ազգային այս կամ այն հավաքականի՝ փլեյ-օֆ անցնելու հարցում: Մրցավարական կոպիտ սխալներն առայժմ 12-ն են:

Վոլֆգանգ Շտարկ (Գերմանիա): Արգենտինա-Նիգերիա՝ 1:0: Հայնցեի գոլ խփելուց առաջ Սամուելը ձեռքերով բռնել էր հարվածել պատրաստվող մրցակցին:

Ջերոմ Դեյմոն (ՀԱՀ): Նոր Զելանդիա-Սլովակիա՝ 1:1: Վիտեկը գոլային հարվածը կատարեց խաղից դուրս վիճակում գտնվելիս:

Մասսիմո Բուզզակա (Շվեյցարիա): ՀԱՀ-Ուրուգվայ՝ 0:3: Դարպասապահ Կունեն արժանի էր դեղին, այլ ոչ թե կարմիր քարտի, քանի որ Մեսսիի հարվածի ժամանակ, որը դիպավ դարպասաձողին, խաղում էր գնդակի վրա:

Ֆրանկ Դե Բլեկերե (Բելգիա): Արգենտինա-Կորեա՝ 4:1: Մեսսիի՝ դարպասաձողին դիպած հարվածից հետո, անդրադարձված գնդակը մրցակցի դարպասն ուղարկած Իգուաինը խաղից դուրս վիճակում էր:

Օսկար Խուլիան Ռուիս Ակոստա (Կոլումբիա): Հունաստան-Նիգերիա՝ 2:1: Մրցավարը սխալ արձագանքեց Կայտայի եւ Տորոսիդիսի միջեւ պայքարին, որի ժամանակ հույն ֆուտբոլիստը սիմուլյացիայի դիմեց, ինչի արդյունքում նիգերիացին արժանացավ կարմիր քարտի:

Կոման Կուլաբալի (Մալի): Սլովենիա-ԱՄՆ՝ 2:2: Մրցավարը կոպտորեն սխալվեց՝ չգրանցելով Էդուի խփած մաքուր գոլը, որը հաղթանակ կարող էր բերել ամերիկացիներին:

Ռոբերտո Ռոզետտի (Իտալիա): Գանա-Ավստրալիա՝ 1:1: Կյուելը դիտավորյալ ձեռքով չխաղաց, ուստի արժանի էր դեղին քարտի, այլ ոչ թե հեռացման:

Կառլոս Ալբերտո Բատրես Գոնսալես (Գվատեմալա): Իտալիա-Նոր Զելանդիա՝ 1:1: Մինչեւ խաղընկերոջից փոխանցում ստանալու պահը եւ մինչեւ Կաննավարոյի գնդակին դիպչելը՝ Մելցը արդեն խաղից դուրս վիճակում էր:

Ստեֆան Լաննուա (Ֆրանսիա): Բրազիլիա-Կոտ դ` Իվուար՝ 3:1: Լուիս Ֆաբիանուն գոլ խփելուց առաջ երկու անգամ գնդակն ինքն իրեն մատակարարեց ձեռքով:

Նույն խաղում: Կական հեռացվեց Կեյտայի սիմուլյացիայի հետեւանքով: Վերջինս այնքան վարպետորեն խաղաց այդ դրվագը, որ մրցավարը հավատաց, որ բրազիլացին նրան դիտավորյալ հարվածեց արմունկով:

Հալիլ Իբրահիմ Ալ-Համդի (Սաուդյան Արաբիա): Չիլի-Շվեյցարիա՝ 1:0: Մրցավարը դաշտից սխալ հեռացրեց Բեհրամիին:

Նույն խաղում: Գոլի հեղինակ Պարեդեսը դաշտի խորքից Վալդիվիից փոխանցումն ստանալու պահին խաղից դուրս էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել