Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական վերահսկողության շրջանակում անելու են հնարավոր ամեն բան, որպեսզի փակ և կիսափակ հաստատություններում կանխվեն բռնությունները. Անուշ Միրզոյան

Սեպտեմբեր 21,2026 13:40 Share

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառումը

Տեսակցել եմ Խարբերդի մանկատանը բռնության ենթարկված շահառուին։ Նա այսօր իրեն առաջին հայացքից լավ էր զգում, դեմքին ժպիտ կար, ուզում էր խաղալ։

Սիրելի հայրենակիցներ, այսօր՝ սեպտեմբեր 20-ին այցելել եմ Արարատի մարզի «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ, հրատապ այցս պայմանավորված էր երեկ մամուլում հրապարակված ահասարսուռ դեպքով, այն է՝ խնամքի հերթապահ դայակը բռնություն էր կիրառել հաշմանդամություն ունեցող մանկատան շահառուի նկատմամբ։

Հարուցվել է քրեական վարույթ։ Դայակի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ խնամքի հերթապահ դայակը մանկական ուղեղային կաթված ունեցող, բանավոր խոսքին չտիրապետող, հաղորդակցվել չկարողացող, խնամքի կարիք ունեցող և այդ առումով՝ իրենից կախվածության մեջ գտնվողին հարվածներ է հասցրել, վերջինս գետնին է ընկել, դայակն ապա հատակը մաքրող փայտով է բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մեջքին, ողնաշարին։ Սա դաժանություն է, անմարդկայնություն, մարդասիրության ճգնաժամ։

Դայակը այս ամենի փոխարեն պետք էր ուղղակի խնամեր, հոգատարություն ու քնքշանք տար անօգնական, հաշմանդամություն ունեցող մարդուն, դրսևորեր հավասարակշիռ վարքագիծ։

Դայակի դաժանությանն առաջինն արձագանքել է տնօրինությունը՝ դիմելով իրավապահներին և ազատելով դայակին աշխատանքից։

Դեպքը տեղի է ունեցել 2026 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում։ Ես եղա այն սենյակում, որտեղ մանկատան շահառուն անխղճորեն ծեծի է ենթարկվել։ Այդ սենյակում շատ լուսավոր մարդիկ կան՝ հաշմանդամություն ունեցող։ Առաջին հայացքից սովորական մի սենյակ է, բայց մթնոլորտը ծանրանում է, երբ սկսում ես պատկերացնել մանկատան շահառուի ֆիզիկական ու հոգևոր տառապանքը։

Որոշակիորեն ծանոթացա նաև պահվող պայմաններին։ Իմ այցերը կրելու են շարունակական բնույթ։ Եվ, հատկապես, խորհրդարանական վերահսկողության շրջանակում մենք անելու են հնարավոր ամեն բան, որպեսզի փակ և կիսափակ հաստատություններում կանխվեն բռնությունները։

Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի իրավունք։ Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի՝ ֆիզիկական, հոգեբանական և այլ բռնությունից պաշտպանության իրավունք։ Մենք լինելու ենք խիստ հետևողական։

Սա մի դեպք է, որը հանրայնացվել է, բայց քանի-քանի դեպքեր կան, որոնք չեն բարձրաձայնվում։

Այնտեղ մարդիկ են, որոնք առանց ժամ-պատարագ սպասում են իրենց ծնողների վերադարձին, անկախ տարիքից, սեռից։

Նշեմ, որ քրեական վարույթը գտնվում է դատարանում, մենք նաև հետևելու ենք այդ դատավարության ընթացքին։ Հետևողական ենք լինելու, որ համապատասխան անձը, մեղավորության դեպքում, կրի օրենքով սահմանված իր պատիժը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել