Հայ Առաքելական եկեղեցու սրբազան հայրերն ու Վեհափառ Հայրապետն այսօր Եռաբլուրում Անկախության 35-ամյակի առիթով աղոթք են բարձրացրել ու ծաղիկներ խոնարհել։ Լրագրողների հետ զրույցում Վեհափառ հայրապետը հարցերի չի պատասխանել, միայն ասել է. «Եռաբլուրը նվիրական վայրերից է մեզ համար, այստեղ հարցազրույցի վայր չէ, ու մենք հարցազրույցներ չենք տալիս։ Այս նվիրական վայրերը մեզ համար աղոթքի, խոկումի ու ապրումի վայրեր են։ Մենք առավոտյան արդեն հրապարակել ենք մեր ուղերձը, պատգամն ու մաղթանքը մեր ժողովրդին։ Վերստին մեր հայցն ու աղոթքն առ Աստված բարձրացրինք Մայր Տաճարում՝ նշելով ՀՀ անկախության 35-րդ տարեդարձը։ Մեր խնդրանքն առ Աստված մատուցեցինք, որ անսասան լինի ՀՀ պետականությունը, մեր հայրենի երկիրն ու ժողովուրդը։
Այնուհետև եկանք այստեղ՝ մեր աղոթքը մատուցելու մեր զոհված զավակների հիշատակի համար, մեր խոնարհումը բերելու նրանց հիշատակի առջև։ Հայցելու միաժամանակ, որ ազգի զավակները՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում սփռված ոգեշնչվեն մեր հերոս զավակների քաջարի ու նվիրումի ոգով և իրենց ծառայությունը բերեն մեր պետականության ամրապնդման, մեր հայրենիքի զորացման ու մեր ժողովրդի օրհնյալ ու բարեկեցիկ կյանքի համար։
Կարդացեք նաև
Աստված պահապան լինի մեր ժողովրդին։ Ապրենք միասնական ու համերաշխ և իրականություն դարձնենք մեր հերոս զավակների իղձերն ու ցանկությունները, որոնց համար իրենց նվիրական ու թանկագին կյանքը ընծայեցին։ Տերը միշտ թող Իր աջը հովանի դարձնի մեր հայրենիքի ու մեր ժողովրդի վրա»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































