Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎՐԱՑԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԽՈՍԵԼ ՌՈՒՍԵՐԵՆ»

Հունիս 29,2010 00:00

Ասում է Վրաստանի ճամբարից օրերս վերադարձած Երեւանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Արամ Մելիքյանը:

\"\"

\"\"«Այս համատեղ ծրագիրն անսպասելի էր. Վրաստանից վրացի հյուրեր ունեցանք եւ որոշեցինք կազմակերպել 60 հոգու համար ճամբար: Հայաստանից 8 հոգով մեկնեցինք: Ճամբարականների 80%-ը Ցխինվալիի եւ կից շրջանների փախստականներ էին, որոնց արդեն տներ էին տրվել սարերում եւ նրանց անվանում էին «գորնիե լյուդի»: Նրանք մեզ հետ մտերմանալուց հետո շատ էին խոսում պատերազմից եւ նրանից ստացած վատ հիշողությունները ցավով պատմում էին մեզ: Ասում էին, որ մոտ 400 հազար զոհ են ունեցել եւ կատարվածը համարում են գենոցիդ,- պատմում է Արամը՝ խոստովանելով, որ գենոցիդ բառի դաժանությունն ավելի շատ վերապրել է իր հասակակիցների հետ շփումից:- Եթե ես գենոցիդի նկատմամբ ունեմ գենետիկ վերապրումներ, այսինքն, այն իրենց անմիջական մաշկի վրա զգացել են իմ տատ ու պապերը եւ ես նրանց պատմածներից եմ ցավ ապրել, ապա այս երիտասարդներն այդ ցավն անմիջապես զգացել են իրենց մաշկի վրա, նրանց պատմածները նույնպես շատ սարսափելի էին: Նրանցից մեկը պատմում էր, որ թշնամու կողմից բռնաբարված մոտ 20 հազարի չափ աղջիկներ են տեղափոխվել հիվանդանոց՝ տարբեր ֆիզիկական ու հոգեկան խեղումներով»:
Արամի վրա մեծ տպավորություն է թողել այն հանգամանքը, որ վրացի երիտասարդները հրաժարվում էին ռուսերեն խոսել. նրանք շփվել են անգլերեն, վրացերեն եւ հայերեն, քանի որ նրանց մեջ սերմանվում է այդ դաստիարակությունը: «Բայց լեզվական արգելքը չխանգարեց մեզ, անգամ մնջախաղով էինք իրար լավ հասկանում,- խոստովանում է Արամը:- Նրանց մեջ գլոբալ քաղաքական հոգեբանություն կար ձեւավորված: Նրանցից մեկն ասում էր, որ իրենք գիտակցում են, որ Միացյալ Նահանգներն օգտագործում է իրենց: Բայց իրենք գերադասում են, որ իրենց օգտագործի ԱՄՆ-ը, քան, իրենց բառերով ասած՝ «իմպերիան»: Խոսքը Ռուսաստանի Դաշնության մասին էր: Ճամբարում շատ հետաքրքիր անցավ: Մենք զրուցում էինք տարբեր թեմաներով, նրանց մեջ կային օսեթներ, որոնք մեծացել էին Վրաստանում: Նրանք էլ շատ ծանր հիշողություններ ունեին պատերազմից: Եվ մեր մեջ ինչ-որ ներաշխարհային պատնեշներ քանդվեցին, կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչ պատնեշներ էին դրանք, բայց քանդվեցին, մենք շատ մտերմացանք: Նրանց երեխաները հոռացած չեն եւ իրենց հանդեպ դրսեւորած յուրաքանչյուր լավ վերաբերմունքի համար շնորհակալ էին, իսկ մեր հայ երեխաները հոռացած են: Նրանք միեւնույն ժամանակ շատ հպարտ են, եւ չեն սիրում, երբ իրենց սխալների մասին բարձրաձայն արտահայտվում ես, այդ դեպքում իրենք էլ կսկսեն քո սխալները շեշտել: Իսկ երբ խոսում ես իրենց առավելությունների մասին, իրենք էլ փոխադարձաբար խոսում են քո առավելությունների մասին: Նրանց հոգեբանությունն այնպիսին է, որ հաճախ են ուզում շեշտել. «Յա զդես ավտարիտետնի չելովեկ»: Նրանք ուզում են, որ դիմացինը հարգի այդ հեղինակությունը: Նաեւ կարեւորում են խոսքի կուլտուրան, կոռեկտությունը: Հետաքրքիր է, մենք այստեղ երբ խաղեր ենք կազմակերպում ցեխի մեջ, մեր երեխաները չեն խաղում, խուսափում են, այնպես որ, նույնիսկ ափսոսում ենք, որ այդ ցեխը ստեղծեցինք: Իսկ նրանց երեխաները մեծ բավականությամբ խաղում էին: Ասեմ, որ դրանք շատ հետաքրքիր խաղեր են»:
Արամ Մելիքյանն ասաց, որ ցանկություն ունեն շարունակել համատեղ շփումները եւ փախստական ճամբարականներին հրավիրել Հայաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել