Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՂԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՋԱԽՆԵՐԻՆ

Հունիս 29,2010 00:00

Երեւանի քաղաքային մշակույթի բարի ավանդույթները վերականգնելու նպատակով քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ բոլոր վարչական շրջաններում ընթանում է փողային նվագախմբերի ձեւավորման գործընթացը: Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվականը՝ մայրաքաղաքի 6 վարչական շրջաններում արդեն գործում են փողային նվագախմբեր: Հաշվի առնելով քաղաքի մշակութային հաստատություններում փողային գործիքների կարիքը՝ քաղաքապետի նախաձեռնությամբ եւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռք են բերվել նոր փողային նվագարաններ: Հունիսի 28-ին Մանկական զբոսայգում քաղաքապետն ու «Փյունիկի» նախագահը նվագարանները հանձնեցին մշակութային օջախներին: «Փողային նվագախմբերի հնչյունների պակասը երեւանյան այգիներում շատ էր զգացվում»,- նշեց Գագիկ Բեգլարյանը, ասելով, որ քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որ Երեւանում վերականգնվեն քաղաքի հոգեւոր կյանքին յուրօրինակ գույն ու երանգ տվող ավանդույթները: «Փյունիկի» նախագահ Լեւոն Սարգսյանն էլ ասաց, որ իրենք աշխատում են մեր երեխաների ու բնակիչների համար, եւ ավելացրեց, որ այն բակերում, ուր քաղաքապետարանի հետ համագործակցությամբ խաղահրապարակներ են ձեւավորվել, կտրուկ նվազել է ծխող եւ կարգազանց երեխաների թիվը: «Անկախացումից ի վեր սա առաջին դեպքն է, երբ մենք նոր գործիքներ ենք ստանում»,- ասում էին մշակութային օջախների աշխատակիցները: Մայրաքաղաքի վարչական 6 շրջաններին 13 գործիքների խմբաքանակի տրամադրումը ծրագրի առաջին փուլն է: Ծրագրի հաջորդ փուլերով մշակութային բոլոր հաստատությունները կունենան անհրաժեշտ նվագարանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել