Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլի եկել են». Աղի լճի տարածքում քաղաքացիները կրկին կանգնել են բուլդոզերների դեմ

Սեպտեմբեր 22,2026 14:34 Share

Մի քանի օր է՝ Երևանի Աղի լճի մշտական այցելուները, համայնքի բնակիչները և առանձին անձինք ահազանգում են, որ սեպտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնված բարեկարգման և շինարարական աշխատանքները կարող են ոչնչացնել լճի բնական միջավայրը։

Աղի լճի պաշտպանության համար ստեղծված նախաձեռնող խումբը պաշտոնական նամակ-պահանջ է հղել Նիկոլ Փաշինյանին և Շրջակա միջավայրի նախարարությանը, հավաքագրվել է ավելի քան 200 ստորագրություն, և քաղաքացիների ստորագրահավաքը դեռևս շարունակվում է։

Նախաձեռնող խումբը պնդում է, որ քաղաքապետարանի նախագիծը չունի պաշտոնական էկոլոգիական եզրակացություն և Շրջակա միջավայրի նախարարության թույլտվություն՝ եղեգնուտները հեռացնելու համար, մինչդեռ եղեգների հզոր արմատային համակարգը պահում է հողն ու լանջերը, հետևաբար դրանց կտրումը կհանգեցնի հողի սահքի։ Քաղաքացիների պնդմամբ, նախագծով նախատեսվող սպիտակ ավազը լճի հատակին նստելով՝ կփոխի ջրի քիմիական կազմն ու կվերացնի բուժիչ հատկությունները։ Բնակիչները նշում են, որ շատ գոհ են լճի բնական, վայրի տեսքից, ընդամենը խնդրում են տեղադրել հանրային զուգարաններ, անցկացնել հոսող ջուր հարակից տարածքում և զերծ մնալ տարածքը բետոնապատելուց։

Aravot.am-ի հետ զրույցում նախաձեռնող խմբի անդամներից Ալլա Սարգսյանը նշեց, որ երեկ տառացիորեն պառկել են բուլդոզերների առաջ և թույլ չեն տվել մոտենալ լճին։ «Այսօր առավոտյան բուլդոզերները կրկին եկել են, էլի թույլ չենք տվել: Բայց, ցավոք, ամբողջ օրը չենք կարող լճի մոտ մնալ ու հսկել: Քաղաքապետարանից եկած մարդկանց ցույց տվեցինք, որ իրենց ավիրած մասում արդեն ջուր է լցվել և ճահճանում է: Բայց այդքանից հետո էլի ուզում են շարունակել: Ոչ մի դեպքում չի կարելի այդ եղեգները վերացնել, դրանք են լճի ֆիլտրը: Ցավոք, քաղաքապետարան ուր մտնում է, ավերում է, սալիկապատում ու բետոն լցնում: Այդքան զբոսաշրջիկ է գալիս, հո չեն գալիս բետոնն ու սալիկները տեսնելու»,-ասաց Ալլա Սարգսյանը։ Նա հավելեց, որ առաջին ահազանգողները եղել են Մայա Աֆրիկյանը և Էդուարդ Հայրումյանը։

Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը, որին ևս քաղաքացիները դիմել են Աղի լճի հարցով, Aravot.am-ին հետևյալը փոխանցեց. «Քաղաքացիները դիմել էին ինձ, տրամադրել ավելի քան 200 ստորագրություն և նամակներ, որ դեմ են այն գործընթացներին, որոնք իրականանում են Աղի լճի շրջակայքում: Առհասարակ ամբողջ աշխարհում կա մի մեթոդաբանություն՝ մաքսիմալ ձևով պահպանել բնական լանդշաֆտը, այսինքն՝ այն, ինչ կա, որովհետև դա է ուղղված հանրային առողջության պահպանման կարևորագույն խնդրին, և որպես ռեկրեացիոն գոտի ունի անհամեմատ ավելի բարձր նշանակություն և արժեք, քան այն տարածքները, որոնք արհեստականորեն ձևավորվում են: Հետևաբար ձեռք տալ Աղի լճին՝ որպես կայացած էկոհամակարգ, ոչնչացնել բնական ֆիլտր հանդիսացող եղեգները, ուղղակի անթույլատրելի է, առավել ևս էքսկավատորներով մտնել և բնաջնջել: Այդտեղ նաև կենդանիներ են բնադրվում»։

Քրիստինա Վարդանյանը նաև ընդգծում է. «Մենք բազմաթիվ կոնվենցիաներ ենք ստորագրել, համաձայն որոնց՝ հանրային սեփականության հետ որևէ գործողություն իրականացնելուց առաջ քաղաքապետարանը պարտավոր է հանրային լսում կազմակերպել, ինչ-որ տեսակի քննարկումներ պետք է լինեն: Մինչդեռ վերջին տարիներին ամեն ինչ արվում է իրենց որոշումներով՝ որոշեցինք գիշերը, առավոտյան արթնացանք, մտանք ոչնչացրինք: Սա նորմալ մոտեցում չէ:

Զարգացած երկրներում եղեգով և նմանատիպ բույսերով բնական ֆիլտրերը օգտագործելու, ջրային համակարգը մաքրելու, կենսաբազմազանությունը ապահովելու պայմաններ ստեղծելու համար բազմաթիվ գործընթացներ են ընթանում: Մենք մեր սեփական բնության կողմից նվիրածը ոչնչացնում ենք՝ բետոնապատելով ափերը: Այն մարդիկ, որոնք քաղաքապետարանում այս տեխնիկական հանձնարարությունը գրում, տեղադրում են տենդերների համար, և ինչ-ինչ կազմակերպություններ հաղթում են, պետք է հասկանան, որ դրանք սխալ գրված տենդերներ են: Այդ գործելաոճով այսօր աշխարհում ոչ ոք չի աշխատում, դա մասնագիտական մեծ բացերի մասին է խոսում;

Ես շատ շնորհակալ եմ քաղաքացիներին, որոնք էքսկավատորի առջև պառկել ու թույլ չեն տվել: Իսկ այն կինը, որ ահազանգել է ու ամբողջ գործունեությունը ծավալել է, ինձ պատմեց, որ քովիդի ժամանակ գտնվելով սարսափելի վիճակում՝ հաշմանդամությունից զերծ է մնացել նրա շնորհիվ, որ բազմաթիվ անգամներ եղել է Աղի լճում և իր առողջության վրա զգացել է դրական փոփոխություններ: Նա ասաց, որ Աղի լճի նկատմամբ իր հանրային ընդվզումը համարում է իր պարտականությունը»։

Ավագանու անդամը տեղեկացրեց նաև, որ նամակ է պատրաստել՝ ուղղված Երևանի քաղաքապետին, որպեսզի վերանայվի այս գործընթացը, կցել է նաև քաղաքացիների նամակները, ստորագրահավաքը։

«Այս գործելաոճին պետք է ի վերջո վերջ տրվի: Քաղաքապետն ընտրված անձ է, քաղաքապետարանում աշխատող մարդիկ պետք է կատարեն համայնքի կողմից հանձնարարված կամ համայնքի հետ քննարկված աշխատանքները, այլ ոչ թե մտնեն փողոցներում հազարներով ծառեր կտրեն ու հետո ասեն՝ կներեք, սխալվել ենք: Կենսաբազմազանությունն եք ոչնչացնում, բոլոր փողոցներից թռչուններին հանել եք, այս ի՞նչ ձևով եք պատրաստվում COP17-ին: Բոլոր գործողությունները, որ այսօր Երևանում իրականանում են, դասագրքային դեպքեր են այն մասին, թե ինչպես չի կարելի կենսաբազմազանության հետ աշխատել: Նույնը վերաբերում է Մերիդյանի՝ իր շինթափոնները Հրազդան կիրճը լցնելուն, Երևանյան լիճ լցվող կոյուղաջրերին… Որ հարցին որ նայենք, նույն վիճակն է, իսկ աղբավայրի խնդրին ուղղակի չեմ անդրադառնում»։

Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանը արձագանքել է հանրային ընդվզմանը, քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքում գրել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, դրա բարեկարգումն ու հանրային շահի ապահովումը։ Նաև կոչ է արվել թեմայի շուրջ չտարածել չճշտված տեղեկություններ և հանրային քննարկումը կառուցել փաստերի ու ստույգ տեղեկատվության հիման վրա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել