Լրահոս
Օրվա լրահոսը

Գիր հիշատակի

Հուլիս 02,2010 00:00

Նման դեպքերում սովորաբար գրում են՝ կյանքից հեռացավ 1922թ. ծնված Կալիպսե Մխիթարի Մելիքյանը, բայց այժմ կարող ենք ասել՝ ննջեց ի Քրիստոս, քանզի նա մինչեւ իր վերջին շունչը մնաց աղոթքի մեջ, հուսալով Աստծո մարդասիրությունը, չնայած դաստիարակությունն ու ուսուցչական վաստակաշատ գործունեությունը ստացել եւ ընթացել է կոմունիստական ժամանակաշրջանում: Զարմանալի ու ուսուցանելի փաստ. սկսեց կոմունիստական մանիֆեստով եւ ավարտեց Ներսես Շնորհալու «Հավատով Խոստովանիմ» աղոթքով:

Ինչեւէ, շատերը սկսեցին ամպագոռգոռ կոմունիստական լոզունգներով, բայց չավարտեցին մեր սուրբ նախնիների ապրեցնող հավատի պտուղներով: Սա եւս մեկ հզոր վկայություն է դեռեւս կոմունիզմի խաբկանքների մեջ դեգերող հոգիների համար, ու եւս մեկ դաս, բայց առանց 42 տարի անընդմեջ ուսուցչության ջանքերի, որովհետեւ բարի եւ ուսանելի հիշատակը վեր է բոլոր տեսակի խոսքերից: Այսպես է ասել նաեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսը. «Թող մարդիկ տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն Հորը, որը երկնքում է»: Տիրոջ այս խոսքը միտումով մեջբերեցի, որպես ամենաթանկագին հոգեւոր շուշան իմ սիրելի ուսուցչուհու հիշատակին, որի պատկերը ու ձայնը դեռեւս չեն մարել հիսուն տարի անց իմ հոգում եւս, քանզի նվիրվածության ու անկեղծության ելեւէջներով էր համեմված:

Ու նաեւ պահպանելով նման հիշատակագրի պատշաճությունը, ավելացնենք այն, ինչ Կալիպսե Մելիքյան հայուհին ներդրել է մանուկ սերնդի կրթության գործում: Սերունդ, որ կարողացավ 1988 թվին կանգնել Ազատության հրապարակում եւ անվարան ասել՝ ոչ կեղծապատիր հասարակարգին, որ կառուցվել էր ստության ավազների վրա:

Եվ այսպես, ասացինք արդեն, Կալիպսե Մելիքյանը ծնվել է 1922թ., Աղինի շրջանի Աղին գյուղում, բնական էր՝ գյուղացու ընտանիքում: Վաղ մանկությունից զրկվել էր ծնողներից ու տեղափոխվել Լենինական (այժմ Գյումրի)՝ եղբոր խնամքին հանձնվելով:

Բարձրագույն ուսում է ստացել Երեւանի պետական համալսարանում եւ ավարտել 1938թ., իսկ 1944թ. նշանակվել է Երեւանի թիվ 31 դպրոցում որպես կենսաբանոթյան ուսուցչուհի ու մինչեւ 1986թ. հավատարմորեն կատարել իր առաքելությունը: Նրան վստահված կենսաբանության սենյակը կարճ ժամանակամիջոցում վերածվել էր թանգարանային տարբերակի ու մի քանի սերնդի համար դարձել հայրենի բնությունը ճանաչելու ամենալավ միջոց:

Այս նվիրյալ գործունեության համար վաստակաշատ ուսուցչուհին արժանացել է բազմաթիվ դիպլոմների, պատվոգրերի եւ հինգ հուշամեդալների, որոնց մեջ, իհարկե, առանձին հարկ է նշել 1947թ. ստացած «Աշխատանքային արիության համար» մեդալը՝ Հայրենական մեծ պատերազմում 1941-1945թթ, 1960թ.՝ «Աշխատանքային արիության համար», 1978թ. վետերանի մեդալները, եւ, ի վերջո, 1967թ. շնորհված Վաստակավոր ուսուցչի բարձր կոչումը, քանզի արժանավորներից էր:

Վերջում ավելացնենք նաեւ այն, որ մի քանի սերունդ դաստիարակելուց բացի, որպես հայուհի եւ մայր՝ ծնել է հանրությանը պիտանի չորս զավակներ, խնամել (երկու տղա, երկու աղջիկ), որոնք էլ իրենց հերթին պտղաբերեցին ինը թոռով ու նույնքան էլ ծոռով: Սպասվում էր շուտով նաեւ տասներորդ ծոռը:

Թող ուրեմն բարի սերմը տա իր բարի հունդերը մեր սակավացող հայոց ազգին ու հիշատակի արժանի պտուղները՝ Կալիպսե Մխիթարի Մելիքյանի հոգու խաղաղության համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել