Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կրոնական արարողության անցկացմանը Թուրքիայի իշխանությունների թույլտվությունը նպատակ ունի ողջ աշխարհին ցույց տալ իբր իրենց երկրում տիրող հանդուրժողականության մթնոլորտը: «Արմինֆոյի» մատուցմամբ, երեկվա ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, համոզմունք հայտնելով, որ իրականում Թուրքիայի իշխանությունները խտրական քաղաքականություն են վարում ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ հայերի նկատմամբ: Այդ համատեքստում թուրքագետն անտեղի է համարում ինչպես Սփյուռքի, այնպես էլ Հայաստանի բազմաթիվ հայերի խանդավառությունը, որ նրանք դրսեւորում են Աղթամար մեկնելու եւ նախատեսվող կրոնական միջոցառմանը մասնակցելու նպատակով: Թուրքագետի համոզմամբ, նրանք, պարզապես, կուլ են տալիս թուրքական իշխանությունների խայծը, նաեւ ավելացնելով Թուրքիայի բյուջեն, քանի որ Վան քաղաքի բոլոր հյուրանոցների համարներն արդեն ամրագրված են: «Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է բոյկոտի ենթարկել այդ կրոնական միջոցառումը»,- նշել է Ռ. Մելքոնյանը:


















































