Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն «շոյել» է Ադրբեջանի գլուխը

Օգոստոս 03,2010 00:00

«Ռուսաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները միջազգային հարթակում շատ նման են, իսկ առանցքային միջազգային հարցերում ընդհանրապես համընկնում են»,- «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, երեկ Բաքվում հայտարարել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ «Երկկողմ տնտեսական համագործակցությունը մեզ շատ է գոհացնում, մենք հույս ունենք շատ կարճ ժամանակահատվածում վերականգնել ապրանքաշրջանառության այն ծավալը, որը գոյություն ուներ երկու երկրների միջեւ մինչեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամը»,- հավելել է բարձրաստիճան ռուս պաշտոնյան։ Անդրադառնալով համագործակցության գերակա ուղղություններին՝ նա հատկապես առանձնացրել է էներգետիկայի բնագավառը՝ ընդգծելով, որ հեռանկարներն այստեղ շատ խոստումնալից են։
Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, այցի հիմնական նպատակն է նախապատրաստել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջիկա այցը Ադրբեջան, որը նախատեսվում է սեպտեմբերին։ Ռուսական մի շարք լրատվամիջոցներ այցը կապում են նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հակաօդային պաշտպանության C-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերի հնարավոր վաճառքի հետ։
Պաշտոնական աղբյուրները, սակայն, այս հարցի մասին որեւէ բան չեն հաղորդում, նշվում է միայն, որ Նարիշկինը հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Ավելի վաղ ռուսաստանցի պաշտոնյան հարգանքի տուրք է մատուցել Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի շիրմին, այցելել է Շահիդների ծառուղի ու ըստ պաշտոնական «Ազերթաջ» գործակալության, ծաղկեպսակ դրել Ադրբեջանի «անկախության ու ինքնավարության համար զոհվածների հիշատակին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել