Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՍՏԵՐԻ «ԶՈՀԵՐԸ»…

Օգոստոս 11,2010 00:00

\"\"Ժամանցային թեստերը չհասունացած եւ չկազմավորված անհատների համար են

Սեքսուա՞լ ես արդյոք, թե ոչ… Սիրվա՞ծ ես… Խանդո՞տ եք…
Նման խորագրերով հոգեբանական թեստերի կարելի է հանդիպել ամենուր՝ ինտերնետային կայքերում, տպագիր մամուլում եւ այլն: Ու գաղտնիք չէ, որ դրանք հետաքրքրում են բոլորին, անկախ տարիքից ու մասնագիտությունից:
«Առավոտի» հետ զրույցում հոգեբան Սուսաննա Հակոբյանը ասաց, որ նմանօրինակ թեստերը միայն պարապ ժամանակը լցնելու եւ պատանիներին մոլորեցնելու նպատակ ունեն. «Շատերը, հատկապես դեռահաս աղջիկները, մասնավորապես իրենց բնավորության գծերի, արտաքինի, սիրված լինելու կամ չլինելու մասին միշտ փորձում են տեղեկանալ այդ թեստերի միջոցով եւ զարմանալին այն է, որ մեծ հավատով են լցված դրանց հանդեպ: Այսինքն՝ նրանք կարող են թեստի արդյունքների շնորհիվ համարել, որ, օրինակ, այդ օրն իրենք սխալ պահվածք են ցուցաբերել եւ այլն: Այդ բնույթի ժամանցային թեստերը, որոնք հիմնականում կազմվում են «ոչ» մասնագետների կողմից, մեծ խնդիր են մեր նոր սերնդի համար եւ խոչընդոտում են դեռահասների զարգացումը»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ, հոգեբանական թեստը կարող է ինչ-որ տեղ փոխարինել հոգեբանին, բայց դա վերաբերում է միայն լուրջ հետազոտություն անցած, մասնագետների կողմից ուսումնասիրված թեստերին. «Իսկ այն թեստերը, որոնք տպագրվում են մամուլում կամ լցված են ինտերնետ կայքերում, ժամանցային թեստերի խմբի մեջ են մտնում: Թեստերը պարտադիր ունենում են որոշակի նպատակ: Հետազոտական թեստերը վերհանում են մարդու մտավոր կարողությունները, հոգեբանական առանձնահատկությունները, խառնվածքի տեսակները: Իսկ ժամանցային խմբի թեստերը նպատակ չունեն, սրանք պարապուրդի մատնված, չհասունացած եւ չկազմավորված անհատների համար են, որոնք հույսները դնելով թեստերի բնորոշումներին, ըստ այդմ որոշում են իրենց ինքնագնահատականը»:
Ս. Հակոբյանը խորհուրդ է տալիս՝ պարզապես մեծ նշանակություն չտալ նմանատիպ թեստերին. «Հասուն, կրթված, խելացի մարդը գիտի, որ սա ընդամենը հումոր է, որն անցնում է եւ չի կարող հոգեբանորեն իրեն վնասել: Ժամանցային թեստերի միջոցով հասուն մարդիկ նույնիսկ հանգստանում են, անցկացնում են իրենց ազատ ժամանակը»:
Հոգեբանը զգուշացնում է, որ թեստերի «զոհերը» հիմնականում դեռահասներն են. «Սա իսկական չարիք է նոր կյանք մտնող դեռահասի համար: Չունենալով կյանքի փորձ, չտարբերակելով իրականը անիրականից՝ նրանք կարող են լուրջ շեղումներ ստանալ: Օրինակ՝ աղջիկը անցնում է մի թեստ՝ «Սեքսուա՞լ եք դուք, թե՝ ոչ»: Արդյունքում, հանկարծ հայտնաբերում է, որ իր տեսքը կամ սեքսուալ հնարավորությունները չեն բավարարում թեստի պահանջներին եւ ընկնում է ընկճախտի մեջ: Սկսում է երկմտել՝ եթե սեքսուալ չի, ուրեմն էլ ոչ ոքի պետք չի, ոչինչ իր կյանքում չի կարող փոխել, կամ սկսում է մտածել ֆիզիոլոգիական փոփոխությունների մասին՝ կուրծքը մեծացնել, մարմնի որոշակի մասեր վիրահատել, որոնց միջոցով կդառնա սեքսուալ: Սա բավական լուրջ հոգեբանական խնդիրների աղբյուր է, որոնց դեմն առնել դժվար կլինի: Կամ, օրինակ՝ ինչպիսի՞ զրուցակից եք, կարողանում եք շփվել մարդկանց հետ, թե՝ ոչ: Այսպիսի թեստերն ավելի շատ են: Եթե արդյունքում դեռահասն իր համար պարզում է, որ շփվել չի կարողանում, ընկնում է բարդույթների մեջ, վերցնում է անհաջողակի հոգեբանությունը՝ չեմ կարող հարցեր լուծել, մարդկանց հետ հարաբերություններ ստեղծել…»:
Ս. Հակոբյանն ընդգծում է, որ ժամանցային թեստերի վրա պարտադիր պետք է նշված լինի «ժամանց» կամ «ոչ մասնագիտական թեստ». «Սրանով մենք կխուսափենք թեստերի հանդեպ դեռահասների ունեցած մեծ հավատից: Անցումային տարիքում յուրաքանչյուր դեռահաս ինքնահաստատման եւ ինքնագնահատականի խնդիր ունի: Հոգեբաններն ասում են՝ բարձր ինքնագնահատականը ավելի լավ է, քան ցածրը: Բարձրի դեպքում մարդն անընդհատ կրկնելով՝ հասնում է ինքնագնահատականի բարձրացմանը: Ցածրի դեպքում՝ մարդն իրեն ոչնչացված, սպառված համարելով, փորձում է մեկուսանալ: Երբ դեռահասը սկսի մեկուսանալ, ուրեմն նա լուրջ խնդրի առաջ է կանգնած եւ չնչին ժամանցային թեստի բացասական արդյունքն անգամ կարող է նրան կործանման տանել: Մեկ օրինակ եւս՝ սիրված լինելու կամ չլինելու թեստի մասին: Սա ամենաբարդ եւ վատ հետեւանքներ պարունակող հարցն է: Եթե երեխան ընտանիքում ոչ մի խնդիր չունի հայրիկի եւ մայրիկի հետ, նրանց հարաբերությունները նորմալ են ու թեստի արդյունքում նա իր համար «պարզում» է, որ սիրված չէ, սկսում է մտածել, որ ամեն ինչ իրենց ընտանիքում ներկայացում է, իրեն չեն սիրում: Հարցերով տանջում է հորն ու մորը եւ հանգում այն կետին, որն ինքը ոչ ոքի պետք չի, իրեն ոչ ոք չի սիրում եւ այլն»:
Թեստերի՝ հայ հեղինակների մասին էլ Ս. Հակոբյանը նշեց. «Այդ թեստեր կազմողները մասնագետներ չեն: Ես չգիտեմ նրանց համար դա լուրջ մասնագիտություն է, թե գումար աշխատելու միջոց, բայց որ դրանք ունեն լուրջ բացասական հետեւանքներ՝ դա հաստատ է: Իսկ թեստ կազմողներին կարծես այս խնդիրը չի էլ հուզում: Նրանք կարող են անգամ թեստը կազմել ու չհետեւել դրա արդյունքներից հասարակության վրա ունեցած ազդեցությանը: Հոգեբանական թեստը խաչբառ չէ եւ այն խաչբառի մակարդակով չեն ստեղծում ու լուծում»:
Ս. Հակոբյանը զրույցի վերջում խորհուրդ տվեց. «Ինչ էլ լինի, թեստի դրական արդյունքի դեպքում շատ մեծ ցնծություն մի ապրեք, բացասականի դեպքում էլ՝ հոռետեսության գիրկը մի ընկեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել